Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի և Լիլիթ Մինասյանի ներկայացրած օրենսդրական նախագիծը, որով առաջարկվում է լրացումներ կատարել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում։
Նախագծով առաջարկվում պետական մարմիններին հնարավորություն տալ դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, եթե վերջինս խախտել է աշխատանքային գոտում գործող կանոնները։
Նախագծի համահեղինակ Արթուր Հովաննիսյանը նշեց՝ լրագրողին հավատարմագրած պետական մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը կարող է դադարեցվել, եթե աշխատանքային կանոնների խախտման համար նախատեսված գրավոր նախազգուշացումից հետո մեկ տարվա ընթացքում լրագրողը կրկին խախտել է այդ կանոնները: Նա ընդգծեց, որ լրատվական գործունեություն իրականացնողը չի զրկվելու պետական մարմնում ներկայացված լինելու հնարավորությունից, այսինքն՝ որևէ իրավունք այս իմաստով չի խախտվում։
«Սա փոփոխություն է պետական մարմիններում համակեցության կանոնները պահպանելու մասին, սա փոփոխություն է լրագրողների բնականոն աշխատանքը ապահովելու մասին, սա փոփոխություն է պետական մարմիններում բնականոն աշխատանքը ապահովելու մասին»։
ՔՊ-ից Գուրգեն Արսենյանի գնահատմամբ էլ քննարկվող նախագիծը օրենսդրական շատ ճիշտ նախաձեռնություն է․ «Իմ կարծիքով լրատվությունը մասնագիտություն է, մասնագիտական գործունեություն իրականացնելու ընթացքում մասնագիտական խոտան թույլ տված անձնավորությունը պետք է ստանա համապատասխան իր խոտանի։ Եթե ինքը չի ստանում այդ խոտանի գնաատականը այն աղբյուրից, որտեղ իրականացնում է իր գործունեությունը, պետք է ստանա սպառողներից, որի մի ներկայացուցիչը պետական մարմիններն են»։
comment.count (0)