«Ահաբեկչությունը սատարող» երկրներին թույլ չենք տալու անդամակցել ՆԱՏՕ-ին․ Էրդողան
17:45 - 29 մայիսի, 2022

«Ահաբեկչությունը սատարող» երկրներին թույլ չենք տալու անդամակցել ՆԱՏՕ-ին․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախորդ շաբաթ ֆիննական և շվեդական պատվիրակությունների հետ բանակցությունները «սպասված մակարդակով» չեն անցել, և Անկարան չի կարող «այո» ասել «ահաբեկչությունը սատարող» երկրների անդամակցությանը ՆԱՏՕ-ին, գրում է Reuters-ը։

«Քանի դեռ Թայիփ Էրդողանն է Թուրքիայի Հանրապետության ղեկավարը, մենք միանշանակ չենք կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին այն երկրների անդամակցությանը, որոնք սատարում են ահաբեկչությունը», - ասել է նա։

Թուրքիան ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հայտերի առնչությամբ առարկություններ ունի այն հիմքով, թե այդ երկրներն օգնում են Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապ ունեցող անձանց։ Նա այս երկրներից պահանջում է նաև չեղարկել 2019 թ-ին Անկարային զենքի մատակարարման էմբարգոն։

Շվեդիան ու Ֆինլանդիան հայտարարել են, որ դատապարտում են ահաբեկչությունը։

Էրդողանը նշել է նաև, որ Թուրքիան ցանկանում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի, սակայն իրավիճակն օրեցօր ավելի է վատթարանում։

«Երկուշաբթի հեռախոսազրույց եմ ունենալու Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Մենք շարունակելու ենք կողմերին կոչ անել օգտագործելու երկխոսության և դիվանագիտության խողովակները», - ասել է նա։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել