Բանգլադեշում հրդեհի և պայթյունի հետևանքով 49 զոհ կա
15:45 - 05 հունիսի, 2022

Բանգլադեշում հրդեհի և պայթյունի հետևանքով 49 զոհ կա

Տասնյակ մարդիկ են զոհվել Բանգլադեշի Չիտագոնգ նավահանգստի ծովային կոնտեյներների պահեստում տեղի ունեցած հրդեհի և քիմիկատների հզոր պայթյունի հետևանքով, վիրավորվել է ավելի քան 300 մարդ, հայտնում է Euronews-ը։ Այս պահին հայտնի է 49 զոհի մասին, սակայն իշխանությունը մտավախություն ունի, որ այս թիվը կարող է ավելանալ, քանի որ փրկարարները որոնում են անհետ կորածներին։

«Միջադեպի պատճառները կհայտարարվեն հետաքննության արդյունքում, մենք դեռևս չենք կարող եզրակացություններ անել վարկածների հիման վրա։ Հատուկ հանձնաժողով է ստեղծվել, սեփական հետաքննություն կանցկացնի նաև հակահրդեհային ծառայությունը», - հայտնել է գլխավոր տեսուչի տեղակալ Անվար Հոսայնը։

Պահեստում ջրածնի պերօքսիդ էր պահվում։ Հրդեհը բռնկվել է շաբաթ օրը երեկոյան՝ տեղի ժամանակով ժամը իննին, երեք ժամ անց պայթյուն է տեղի ունեցել։

Հարվածային ալիքը կոտրել է մոտակա շենքերի ապակիները։ Պահեստում աշխատում էր շուրջ 600 մարդ, այն տեղակայված է Չիտագոնգ քաղաքից 40 կմ հեռավորության վրա։ Պահեստում նաև միլիոնավոր դոլարների հագուստ կար, որը պետք է արտահանվեր և փոխանցվեր արևմտյան ընկերություններին։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել