ԴԺՀ ղեկավարը հայտարարել է, որ դատապարտված օտարերկրացիներին ներում շնորհելու հիմքեր չկան
16:11 - 12 հունիսի, 2022

ԴԺՀ ղեկավարը հայտարարել է, որ դատապարտված օտարերկրացիներին ներում շնորհելու հիմքեր չկան

Ինքնահռչակ ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինն այսօր լրագրողներին հայտարարել է, որ մահապատժի դատապարտված օտարերկրացիներին ներում շնորհելու հիմքեր չի տեսնում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Նախևառաջ, ես պետք է առաջնորդվեմ այն դատական վճռով, որը կայացվել է։ Դատելով այն հոդվածներից, այն իրավախախտումների բնույթից, որոնք նրանք կատարել են, ես հիմքեր, նախադրյալներ չեմ տեսնում, որ ներման մասին այդպիսի որոշմամբ հանդես գամ», - ասել է Պուշիլինը։

ԴԺՀ Գերագույն դատարանը հունիսի 9-ին մահապատժի էր դատապարտել երեք օտարերկրացիների, որոնք պատերազմին մասնակցել են Ուկրաինայի կողմից։ Դատարանն այդպիսի վճիռ էր կայացրել Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացիներ 48-ամյա Շոն Փիների և 28-ամյա Էյդեն Էսլինի, ինչպես նաև Մարոկկոյի 21-ամյա քաղաքացի Բրահիմ Սաադունի դեմ։ Մահապատիժը պետք է իրականացվի գնդակահարման միջոցով։

Բոլոր երեքը մեղադրվում էին ԴԺՀ Քրեական օրենսգրքի «Իշխանության բռնազավթում կամ իշխանության բռնի պահպանում» և «Վարձկանություն» հոդվածներով։ Դատապարտվածների փաստաբաններից մեկն ասել էր, որ, ըստ ամենայնի, օտարերկրացիները ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինին կխնդրեն ներում շնորհել իրենց։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել