news.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Կիպրոսում կարգավորման վերաբերյալ բանակցություններն այսուհետ հնարավոր են կղզում երկու ինքնիշխան պետությունների գոյությունն ընդունելու սկզբունքի հիման վրա։ Այս մասին նախարարը ասել է միջազգային հանրության կողմից չճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն (ՀԿԹՀ) կատարած այցի ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Այսուհետ խոսքը կարող է վերաբերել միայն ինքնիշխան, այլ ոչ թե քաղաքական հավասարությանը։ Այսինքն՝ կարգավորմանը երկու պետությունների սկզբունքի հիման վրա»,- նշել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։ Նա ավելացրել է, որ Թուրքիան ակտիվ ջանքեր է գործադրում Հյուսիսային Կիպրոսի միջազգային ճանաչման համար։
Կիպրոսը բաժանվել է ըստ ազգային պատկանելության, 1974թ. Թուրքիայի ներխուժման ժամանակներից, Հունաստանին կղզու միանալու կողմնակիցների պետական հեղաշրջման պատճառով։ Ռազմական գործողությունների հետեւանքով թուրքական վերահսկողության տակ անցավ Կիպրոսի տարածքի 37 տոկոսը, որի վրա 1983թ. կազմավորվեց ՀԿԹՀ-ն։ Կղզու հարավային մասը մնաց Կիպրոսի Հանրապետության վերահսկողության տակ։
Հունական եւ թուրքական համայնքների միջեւ բանակցությունները Կիպրոսի վերամիավորման մասին վարվում են ՄԱԿ-ի միջնորդությամբ։ Դրանք ընդհատվել էին շվեյցարական Կրան Մոնտանա քաղաքում 2017թ. հերթական փուլի ձախողումից հետո։
comment.count (0)