Հրաչյա Սարգսյանն այցելել է Մարսելի տրանսպորտի կառավարման կենտրոն, հանդիպել գործարարների հետ
15:51 - 28 հունիսի, 2022

Հրաչյա Սարգսյանն այցելել է Մարսելի տրանսպորտի կառավարման կենտրոն, հանդիպել գործարարների հետ

Պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երևանյան պատվիրակության անդամների հետ միասին այցելել է Մարսելի տրանսպորտի կառավարման կենտրոն, տեղում ծանոթացել աշխատանքներին: Կենտրոնի տնօրենը նշել է, որ շուրջօրյա ժամանակացույցով աշխատող կառույցն ամբողջությամբ համակարգում և վերահսկում է 35 շարժակազմով աշխատող մետրոյի, շուրջ 650 ավտոբուսի ու 30 տրոլեյբուսի բնականոն աշխատանքը: Խոսելով տրանսպորտային համակարգի Երևանում նախաձեռնված բարեփոխումների ծրագրերի մասին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն առանձնակի կարևորել է գործընկեր քաղաքների առաջատար ու հաջողված փորձի կիրառումը Երևանում:

Այնուհետև Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է հայ գործարարների հետ, ովքեր հայ-ֆրանսիական արդյունաբերության պալատի անդամ են: Հրաչյա Սարգսյանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Երևանի զարգացման հեռանկարները, առկա խնդիրների լուծման գործում քաղաքային իշխանության որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ծրագրերն ու նախագծերը: Քաղաքային տնտեսության զարգացման առումով կարևորելով գործարար շրջանակների ներգրավվածությունը՝ քաղաքապետ Սարգսյանը նշել է, որ Երևանը բաց և պատրաստակամ է՝ քննարկելու ցանկացած առաջարկ և ըստ ամենայնի օժանդակելու դրանց կյանքի կոչմանը:

Հայազգի գործարարները ներդրումային ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն են հայտնել և նշել, որ իրենց համար անչափ կարևոր է մասնակցել Երևանի զարգացմանը միտված նախաձեռնություններին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել