ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի ապաշրջափակման հարցում տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունը |azatutyun.am|
21:03 - 26 հուլիսի, 2022

ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի ապաշրջափակման հարցում տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի ապաշրջափակման հարցում տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հեռախոսազրույցներին և պետքարտուղարի թվիթերյան գրառմանը՝ դեսպան Թրեյսին նկատել է՝ իրենք այլընտրանք չեն տեսնում, քան հետամուտ լինել և աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին՝ ուղիղ բանակցելու և փորձելու հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Եվ մենք պատրաստվում ենք կենտրոնացած մնալ դրա վրա: Դիվանագիտական մեծ ներգրավվածություն կա, և ոչ միայն Միացյալ Նահանգներից: Եվրոպական միության մեր գործընկերները ևս ներգրավված են, ինչպես նաև ուրիշներ։ Եվ ես կարծում եմ, որ դա շատ օգտակար է այս թափը պահպանելու համար և հասկանալու, որ դրանք բարդ հարցեր են, և լուծումները հեշտ չեն լինի։ Բայց մենք պետք է համառենք»,- ասել է ամերիկացի դիվանագետը:

Ռադիոկայանի հարցին ի պատասխան՝ ի՞նչ օգնություն է առաջարկում Վաշինգտոնը, դեսպանը պարզաբանել է, որ այն, ինչ իրենք քննարկում են Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ, որոշակի տեխնիկական աջակցությունն է, որոշ տեխնիկական գնահատականներ, որոնք կնպաստեն տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը:

«Մենք շատ ենք կարևորում այդ նպատակը։ Նշեմ, որ մյուս թեման, որին անդրադարձել է պետքարտուղարը, վերաբերում էր Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը։ Այդ ուղղությունը ևս մենք շատ կարևոր ենք համարում: Մենք ողջունում ենք այն քայլերը, որոնք մինչ այժմ արել են Հայաստանն ու Թուրքիան, և երկու կողմերին էլ կոչ ենք անում առաջընթաց գրանցել»,- ասել է Լին Թրեյսին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել