ԱԺ ծեծկռտուքից անցել է մեկ տարի՝ առանց իրավական գնահատականի․ «Իրազեկ քաղաքացիների միավորում»
16:59 - 26 օգոստոսի, 2022

ԱԺ ծեծկռտուքից անցել է մեկ տարի՝ առանց իրավական գնահատականի․ «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Մեկ տարի առաջ՝ 2021 թվականի օգոստոսի 25-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման և հարցուպատասխանի ժամանակ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև տեղի ունեցան բախումներ, ծեծկռտուք, որոնք ուղեկցվեցին նաև լրագրողների հանդեպ բռնությամբ, նրանց մասնագիտական գործունեության խոչընդոտմամբ։

Այս մասին հայտնում են «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ից, նշելով՝ արձագանքելով անընդունելի և հակաժողովրդավարական միջադեպերին, ԻՔՄ-ն սկսել էր դատական գործընթաց՝ տեղի ունեցածի վերաբերյալ իրավական գնահատական ստանալու նպատակով:

ԻՔՄ-ն, մասնավորապես, հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ պատգամավորներին ծեծի ենթարկելու և լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ, ինչպես նաև դիմել էր Վարչական դատարան՝ վիճարկելու Ազգային ժողովի խորհրդի և Ազգային ժողովի նախագահի այն որոշումները, որոնք վերաբերում էին ԱԺ շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակումներին:

Այդուհանդերձ, դատախազություն ուղարկված ԻՔՄ հաղորդումների հիման վրա քրեական գործ այդպես էլ չհարուցվեց` ընդամենը մեկ շահագրգռված անձի՝ ԱԱԾ աշխատակցի բացատրության հիման վրա, իսկ դատարան բողոքարկելուց հետո տարակուսելի պատրվակով դատարանը մերժեց մեր բողոքը: Այլ կերպ ասած, Հայաստանի դատաիրավական համակարգը կտրականապես հրաժարվեց պատշաճ քննություն կատարել զանգվածային բռնության և լրագրողների մասնագիտական գործունեության ակնհայտ ոտնահարման այս դեպքերով:

Վարչական դատարանը, իր հերթին, անփոփոխ թողեց ԱԺ խորհրդի և ԱԺ նախագահի վերոհիշյալ որոշումները` պատճառաբանելով, որ դրանք նորմատիվ կամ վարչական ակտ չեն, այլ` լոկալ (գերատեսչական) ակտ են և չեն կարող հասարակական կազմակերպության կողմից վիճարկվել դատարանում: Մինչդեռ, իրականում, նշված որոշումները վերաբերելի են անորոշ թվով անձանց իրավունքներին ու ազատություններին և ունեն համապարտադիր նշանակություն։ Նշված ակտերի կայացումը վերագրել իրավապահ մարմինների և դատարանների չիմացությանը չենք կարող` հարգելով վերջիններիս մասնագիտական բարձր մակարդակը։

Ցավով պետք է արձանագրել, որ հաշվի առնելով դրանից հետո և առաջ տարբեր առիթներով իրավապահ մարմինների և դատարանների գործողությունները, ողջամիտ կասկածներ են առաջանում Հայաստանում ընտրովի արդարադատության իրականացման վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել