Ղարիբաշվիլին ու Ռիքերը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ անվտանգության մարտահրավերները
 |azatutyun.am|
15:44 - 12 սեպտեմբերի, 2022

Ղարիբաշվիլին ու Ռիքերը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ անվտանգության մարտահրավերները |azatutyun.am|

azatutyun.am: Թբիլիսում հանդիպել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԱՄՆ Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների և Ժնևի միջազգային քննարկումների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը։

Վրաստանի կառավարության հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը, տարածաշրջանային և գլոբալ անվտանգության մարտահրավերները, իրավիճակը Աբխազիայում և Հարավային Օսիայում։

Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը ԱՄՆ-ի «հուսալի և նվիրված դաշնակիցն է տարածաշրջանում և դրանից դուրս»։

Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության կարևորությանը՝ պաշտոնյաները հիշեցրել են իրենց միջնորդությամբ 2021 թվականի հունիսին ձեռքբերված պայմանվորվածությունը, որի շրջանակներում Ադրբեջանի կողմից ազատ արձակվեցին 15 հայ ռազմագերիներ, Հայաստանն էլ Բաքվին փոխանցեց Աղդամի շրջանի ականների քարտեզը։

Սա Ռիքերի նախատեսված կանոնավոր այցերից առաջինն է տարածաշրջան։ Նա Երևան ժամանեց  սեպտեմբերի 8-ին, հանդիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ռիքերը Թբիլիսիից հետո կմեկնի Բաքու:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փորձառու դիվանագետ Ֆիլիպ Ռիքերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական նշանակեց օգոստոսի վերջին: Նշանակմանը կոշտ էր արձագանքել Ղարաբաղի հարցը փակված համարող, Մինսկի խմբին պարբերաբար «թոշակի» ուղարկող պաշտոնական Բաքուն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել