Երևանից զանգել են գյուղեր, քաղաքներ ու ասել, որ հողերը ծախած են. Պապոյանը կազմակերպված մեդիատեռոր որակեց սեպտեմբերի 14-ի իրադարձությունները

 |armenpress.am|
12:21 - 15 սեպտեմբերի, 2022

Երևանից զանգել են գյուղեր, քաղաքներ ու ասել, որ հողերը ծախած են. Պապոյանը կազմակերպված մեդիատեռոր որակեց սեպտեմբերի 14-ի իրադարձությունները |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը անդրադարձավ սեպտեմբերի 14-ի իրադարձություններին, տեղի ունեցածը որակեց որպես մեդիատեռոր և շեշտեց, որ դեպքին պետք է տրվի իրավական գնահատական: Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ պատգամավորը նշեց, որ սեպտեմբերի 14-ին Հայաստանում հերթական մեդիատեռորը տեղի ունեցավ, որի զոհը Հայաստանի Հանրապետության քաղաքացին էր և Հայաստանի Հանրապետությունն էր:

«Իմ քաղաքական գնահատմամբ՝ նման բան կարող են իրականացնել միայն թշնամական, օտարերկրյա գործակալական ցանցերը, որովհետև այն, ինչ երեկ տեղի ունեցավ, դա ուղղակիորեն հարված էր Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության բանակին, նրա մարտունակությանը և նրա ժողովրդին: Սեփական ժողովրդին տեռորի ենթարկելը, սեփական ժողովրդին ստեր մատուցելը, ճշմարտությունը նրանից թաքցնելը անձնական կամ ոչ անձնական շահերի համար, ես գնահատում եմ նման գործունեության արտացոլանք»,- ասաց Պապոյանը:

Ըստ պատգամավորի՝ երեկվա դեպքերը  2020 թվականի նոյեմբերի 9-ի կրկնության փորձ էր՝ շատ պարզ եղանակով կատարել հեղաշրջում երկրում, գրավել պետական կառույցները, ուժով զավթել իշխանությունը:

«Սա այլ քաղաքական գնահատական, իմ կարծիքով, չի կարող ունենալ: Բայց հերթական անգամ այդ շրջանակները, նրանց սնուցող շրջանակները համոզվեցին, որ մեր ժողովուրդը իրապես շատ լավ ամեն ինչ տեսնում է: Հնարավոր է շատ կարճ մեդիամանիպուլյացիաների միջոցով որոշակի աղմուկ առաջացնել, բայց բավական է ճշմարտությունը ներկայացնել և միանգամից ամիսներով, երբեմն տարիներով կառուցված ստի ռազմավարությունը, որը պետք է կոնկրետ գործողություն ծներ և դառնար, փլուզվում է: Սա շատ կարևոր արձանագրում է»,- ընդգծեց Պապոյանը:

Պատգամավորը նշեց, որ երեկ ականատես է եղել մի քանի դեպքերի, որոնք թույլ են տալիս եզրակացնել կամ լուրջ կասկած հայտնել, որ երեկվա դեպքերը շատ լուրջ կազմակերպված գործողություն էին:

«Երբ Երևանից զանգում են գյուղեր, քաղաքներ և ասում, որ հողերը հանձնել են, հողերը հանձնած է, թուղթը ստորագրած է, թուղթը հինգ րոպե հետո ստորագրվելու է, եկեք մեքենաներով հասեք Երևան, դա կազմակերպված էր: Ես նաև չեմ կիսում այն մոտեցումը, որ մասսայական մեդիամանիպուլյացիայի արդյունք է: Այսինքն՝ մարդիկ ինչ-որ լայվեր են լսել կամ «Ֆեյսբուք»-ի ինչ-որ հրապարակումներ են տեսել և դրանից հետևություններ էին արել: Այնտեղ կար կազմակերպված գործընթաց, որի արդյունքում մարդկանց մոլորեցրել էին, որպեսզի նրանք գան Բաղրամյան պողոտա և անեն գործողություններ, որոնք հակասահմանադրական են, հակաիրավական են և, բնականաբար, այդ մարդկանց թողնելու են իրավապահ մարմինների հետ միայնակ»,- ասաց Պապոյանը:

Պատգամավորի խոսքով՝ երեկվա տեղի ունեցածը պետության դեմ երկրորդ ճակատ բացելն էր:

«Իրավիճակ, երբ բանակը կռվում է, իրավիճակ, երբ բանակը լավ է կռվում, իրավիճակ, երբ բանակը իր ունեցած հնարավորությունների առավելագույնի չափով իրականացնում է և եթե այդ իրավիճակում զինվորին, սպային թիկունքից ասում ես, որ հողերը հանձնած է, դա ունենում է մեկ հետևանք՝ զինվորը և սպան թևաթափ է լինում: Հետևաբար, եթե մեր զինվորները և սպաները հավատային ընդդիմադիր որոշ շրջանակների կողմից դաշտ նետված թեզին, ապա միանշանակ թևաթափ էին լինելու և դրա հետևանքով մեր սահմաններին ունենալու էինք լրջագույն խնդիրներ: Բարեբախտաբար, բանակում վերջին փոփոխությունները իրենց արդյունքը տալիս են»,- ասաց Պապոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել