Ազգային ժողովում Գեղամ Մանուկյանի ելույթից հետո կրկին լարվեց իրավիճակը։ Քրիստինե Պողոսյանը մոտեցավ ելույթն ավարտած Գեղամ Մանուկյանին, ներս մտավ նաև Ագնեսա Խանոյանը, այնուհետև վերջինիս ու Գեղամ Մանուկյանին հեռացրին դահլիճից։
Ագնեսա Խամոյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ մտել էր ԱԺ նիստերի դահլիճ՝ պարզելու, թե ինչ է կատարվում։
Ագնեսա Խամոյանի խոսքով՝ ՔՊ-ական պատգամավորների «զրույցներից և բորբոքվածությունից» հասկացել է, որ երեկ մի շարք քաղաքացիներ գնացել են նրանց տներ, եղել են որոշակի գործողություններ։
«Ես դատապարտում եմ ցանկացած բռնություն․ մեր խնդիրը ՔՊ-ական պագամավորների ընտանիքների հետ չէ, և ուզում եմ արձանագրել, որ պետք չէ ընտանիքներին խառնել որևէ քաղաքական պրոցեսի մեջ։ Բայց մյուս կողմից, այո՛, իշխանական պատգամավորները, մեծամասնությունը պետք է գիտակցի թե ինչ իրավիճակում ենք հիմա մենք գտնվում, և թե ինչ է կախված իրենց քայլերից»,- նշեց նա։
Ագնեսա Խամոյանը շեշտեց, որ իրենց խմբակցությունից ոչ մեկը պատգամավորների տների հասցեներ չի հրապարակել։ Հիշեցնենք, որ երեկ ԱԺ դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ 5165 շարժման անդամ Կարին Տոնոյանն էր հայտնել, որ իր ձեռքին ՔՊ-ական պատգամավորների տների հասցեներն են, հրապարակեց Ալեն Սիմոնյանի տան հասցեն, և ակցիայի մասնակիցների մի մասը շարժվեց այնտեղ։
Ագնեսա Խամոյանը նաև նշեց, որ երեկվա ակցիան ինքնաբուխ է եղել, պատգամավորները չեն կազմակերպել․ «Պահանջ է հնչել, որ ընդդիմադիր պատգամավորները գան և սկսեն իմպիչմենտի գործընթաց։ Պահանջել են, որ մենք գանք ԱԺ նիստերի դահլիճ, ստորագրենք այդ ձևաթղթերը, և հայտարարություն է հնչել մարդկանց կողմից, ինքնաբուխ ակցիայի մասնակիցների կողմից, որ իրենք բերման են ենթարկելու ՔՊ-ական պատգամավորներին։ Մենք եկել ենք էստեղ, ստորագրել ենք, ընթերցվել է (հանրահավաքի ավարտն էր, և բավական քիչ մարդ էր մնացել) բոլոր պատգամավորների ցուցակը, որոնք ստորագրել են»։
Ագնեսա Խամոյանը նաև անհասկանալի որակեց Էդգար Ղզարյանի պահվածքը։ Վերջինս, հիշեցնենք, ԱԺ դիմաց հայտարարել էր, որ ընդդիմադիրները ոչ թե ստորագրել են իմպիչմենտի փաստաթուղթը, այլ պատրաստակամություն են հայտնել ստորագրելու, և պահանջեց ընդդիմադիրներից վարչապետի թեկնածու առաջադրել։
Խամոյանը նաև անդրադարձավ վարչապետի թեկնածուի հարցին․ «Սա իմ անձնական կարծիքն է․ ես ուզում եմ, որ իրենք (ՔՊ պատգամավորները- խմբ․) գիտակցեն, որ իրենք Նիկոլ Փաշինյանի գերին են, և իրենց պետք է էդ գերությունից ազատել։ Լավ, կարող են իրենք ասել թեկնածուի անուն, ես տարբերակ եմ առաջարկում, բայց այդ թեկնածուն պետք է կապ չունենա պատերազմի ու պարտության հետ։ ․․․․ Մենք ունենք վարչապետի մի քանի թեկնածուներ առնվազն, բայց ես կարծում եմ, որ երբ հասնի պրոցեսը թեկնածուին, ժողովուրդը պետք է ընտրի»։
Հարցին, թե կարո՞ղ են լինել ՔՊ-ից պատգամավորներ, որոնք իմպիչմենտի գործընթացին կմիանան, Ագնեսա Խամոյանը պատասխանեց․ «Իմ կարծիքն է անձնական, որ այո՛, կարող են լինել, բայց ես ունեմ համոզմունք, որ դա չպետք է լինի սպառնալիքի և բռնության ներքո։ Իրենք պետք է գան էդ գիտակցությանը, հասկանան, որ իրենց ֆիզիկական անվտանգությանը որևէ սպառնալիք չկա, իրենք պետք է վեր կանգնեն իրենց ներթիմային, ներիշխանական էդ ամեն ինչից և հասկանան, որ էս իրավիճակում երկրին պետք է նոր ղեկավար»։
Գլխավոր լուսանկարը՝ ԱԺ-ի
comment.count (0)