Կայուն հրադադարի հասնելու և հայկական ու ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր վերադառնալու նպատակով մեր զինվորականները սերտ կապի մեջ են երկու կողմերի հետ։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
Նրա խոսքով՝ ՌԴ-ն խիստ անհանգստացած է սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում «իրավիճակի կտրուկ սրմամբ, ինչպես նաև հաջորդած փոխհրաձգություններով»։
«Դրա հետևանքով մեծ թվով զինծառայողներ են զոհվել, կան նաև տուժածներ քաղաքացիական բնակչության շրջանում։ Անընդունելի ենք համարում ուժի կիրառումը, հույս ունենք, որ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունները կկատարվեն։ Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ լարվածությունը բարձրացնող քայլերից, ինչպես նաև հետևել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների դրույթներին», - նշել է ՌԴ ներկայացուցիչը։
Նեբենզյայի խոսքով՝ իրավիճակի կայունացման նպատակով Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը սերտ կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ, իսկ լարվածության նվազեցման հարցերը քննարկվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների, ինչպես նաև ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարների հեռախոսազրույցների ընթացքում։
«Ակնկալում ենք, որ տվյալ թեման նաև սեպտեմբերի 15-16-ին կայանալիք Պուտին-Ալիև հանդիպման ուշադրության կենտրոնում կլինի։ Էական ջանքեր են գործադրվում նաև պաշտպանության նախարարության և Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության կողմից», - ասել է նա։
ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչը նշել է, որ կայուն հրադադարի հասնելու և հայկական ու ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր վերադառնալու նպատակով իրենց զինվորականները սերտ կապի մեջ են երկու կողմերի հետ։
«Այս իրավիճակը սեպտեմբերի 13-ին քննարկվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որի արդյունքում ձեռք է բերվել հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի ուսումնասիրության նպատակով ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու պայմանավորվածություն։ Հույս ունենք, որ առաքելության աշխատանքը իրավիճակի ապաէսկալացման գործոններից մեկը կդառնա», - նշել է նա։
Նրա կարծիքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն միայն քաղաքական և դիվանագիտական միջոցներով, իսկ սահմանային հարցերը՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի շրջանակներում՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։
«Հիմնական աշխատանքներն իրականացնելու են Բաքուն և Երևանը, բայց մենք պատրաստ ենք հետխորհրդային տարածքներում սահմանազատման և սահմանագծման մեր փորձով կիսվել, տրամադրել քարտեզագրական և այլ նյութեր, և տրամադրել այլ անհրաժեշտ խորհրդատվական և տեխնիկական աջակցություն», - հայտարարել է Վասիլի Նեբենզյան։
«Որպեսզի այդ ջանքերն արդյունավետ լինեն, անհրաժեշտ է բարձրացնել սահմանային անվտանգության և կայունության մակարդակն առանց դրսի միջամտության և խուսափել քաղաքականացումից։ Ցավոք, ինչպես ցույց են տվել սեպտեմբերի 12-13-ի իրադարձությունները, սահմանազատման և սահամանգծման հարցերը շատ զգայուն են և առանց սրումների չեն ընթանում», - ասել է նա՝ նշելով, որ անհրաժեշտ է իրավիճակի անհապաղ կայունացում և վերադարձ երկխոսությանը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը գործադրում է բոլոր ջանքերը կողմերի միջև հարաբերությունների կարգավորման համար։
comment.count (0)