ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրինագիծը
10:14 - 05 հոկտեմբերի, 2022

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրինագիծը

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատագամավորներ Անդրանիկ Քոչարյանի, Արմեն Խաչատրյանի և Վիլեն Գաբրիելյանի ներկայացրած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագիծը։

Նախագիծն ընդունվեց 65 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Նախագծի համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում ասել էր, որ նախագծով ակնկալվում է ՀՀ-ում կարգավորել զենքի և ռազմամթերքի շրջանառությունը, նպաստել որսորդության, սիրողական և սպորտային հրաձգության, ինչպես նաև ռազմամարզության զարգացմանը, ներդնել զենքի հետ վարվելու մշակույթ, որն ուղղված կլինի քաղաքացիների ինքնապաշտպանության և մարտունակության բարձրացմանը։

Ի թիվս այլ փոփոխությունների՝ օրինագծով սահմանվում է, որ քննությունը բարեհաջող հանձնելուց հետո քաղաքացին զենք ձեռք բերելու և պահելու թույլտվությունը ստանում է 10 տարի ժամկետով։ 10 տարվա ընթացքում քաղաքացին կարող է այդ վկայականով նոր զենքեր ձեռք բերել, սակայն ամեն նոր զենք ձեռք բերելու համար նա պարտավոր կլինի անցնել բուժզննման բոլոր անհրաժեշտ փուլերը։

Նոր օրենքով նաև առաջարկվում է 18-ի փոխարեն ակոսափող զենք կրելու իրավունք տալ 21 տարին լրացած անձանց:

Նախագծով չեղարկվում է նաև զենք ձեռք բերելու համար նախատեսված որսորդմիության անդամ լինելու պարտադիր պահանջը, սահմանվում են զենք ձեռք բերելու պարտադիր քննական կարգի հիմքերը, չեղարկվում է փամփուշտների քանակի սահմանափակումը։ Չեղարկվում է նաև ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարվա ողորկափող հրազեն ունենալու պարտադիր պահանջը։

Նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվել էր ԱԺ-ի սեպտեմբերի 13-ի հերթական նիստի ընթացքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել