Մեր արժեքները և մեր սկզբունքները հնարավոր չէ գնել ոչ գազով, ոչ էլ նավթով․ Մակրոն |hetq.am|
13:27 - 13 հոկտեմբերի, 2022

Մեր արժեքները և մեր սկզբունքները հնարավոր չէ գնել ոչ գազով, ոչ էլ նավթով․ Մակրոն |hetq.am|

hetq.am: Հայաստանը եւ Ադրբեջանը պարտավորվել են ճանաչել 1991 թվականի սահմանները: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ՝ հոկտեմբերի 12-ին «Ֆրանս 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Մակրոնի հարցազրույցի Հայաստանին վերաբերող հատվածը ներկայացնում ենք թարգմանաբար։

Կարոլին Ռու- Պրն նախագահ, գրող եւ ճանապարհորդ Սիլվեն Տեսոն, որը վերադարձել է Հայաստանից, դիմել է ձեզ. «Հայաստանն այնպիսի երկիր չէ, ինչպես մյուսները: Նրա ձայնը, տարածքը, մշակույթը, վիշտը, հողը նրան դարձնում են Եվրոպայի ֆորպոստը: Պարոն նախագահ, հայերը ձեզ են կանչում։ Արդյո՞ք Ֆրանսիան ռիսկի տակ կդնի իր դաշնակիցների հետ կապերը՝ Հայաստանին տեր կանգնելու համար:

Էմանուել Մակրոն - Նախ՝ Սիլվեն Տեսոնը ճիշտ է ասում, որ Հայաստանը մի երկիր է, որի հետ մենք յուրահատուկ կապ ունենք։ Որովհետև Հայաստանը միշտ պայքարել է այս տարածաշրջանում հանդուրժողականության, խաղաղության ոգու համար...

Կարոլին Ռու- Եվ մենք հիասթափեցրինք նրան...

Էմանուել Մակրոն- Ոչ, դա ամենևին էլ ճիշտ չէ: Կարող եմ ասել, որ մի քանի օր առաջ այնտեղ եմ գիշերել (հավանաբար նկատի ունի Պրահայի քառակողմ հանդիպումը-խմբ)։ Ես կարող եմ ձեզ ասել, որ մենք նրանց չենք լքել։ Հայաստանի ժողովրդի հետ մենք միշտ ենք եղել. մեր նավատորմն օգնել է այս մարդկանց մեկ դար առաջ, երբ այնտեղ տեղի ունեցավ ցեղասպանություն: Մենք պայքարել ենք հայերի ցեղասպանությունը ժխտողների, ռևիզիոնիստների դեմ։ Եվ շատ ընտանիքներ են եկել Ֆրանսիա, մեր հայրենակիցներից շատերը հայկական ծագում ունեն և լսում են մեզ։ Ի՞նչ վիճակում է այսօր Հայաստանը։ Երկու տարի առաջ պատերազմ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, որը միջազգայնորեն չճանաչված տարածք էր, դրա շուրջ վեճ կար, բայց Հայաստանը ներկա էր Ղարաբաղում, այս երկրում, որը գտնվում էր Ադրբեջանի սրտում։ Ադրբեջանը սարսափելի պատերազմ սկսեց՝ բազմաթիվ զոհերով ու սարսափելի տեսարաններով և գրավեց այս տարածքը։ Սեպտեմբերին Ադրբեջանը մի քանի հարձակողական գործողություններ ձեռնարկեց սահմանի երկայնքով, մասնավորապես, ակնհայտորեն, ինչպես տեսնում ենք այս քարտեզի վրա, որպեսզի, հավանաբար, կարողանա իր տարածքի մի ծայրից մյուսը միջանցք ստեղծել։

Կարոլին Ռու-Չկա՞ Ադրբեջանի նկատմամբ հանդուրժողականություն, որովհետև մենք գազային պայմանագիր ենք կնքել:

Էմանուել Մակրոն- Ֆրանսիան այնտեղից գազ չի գնում։ Իսկ պայմանավորվածություն չկա։

Կարոլին Ռու- Եվրոպան այո՞:

Էմանուել Մակրոն- Եվրոպական մի քանի երկրներ, իհարկե, գազային համաձայնագրեր ունեն։ Բայց ես կասեմ ձեզ՝ ինչ վերաբերում է Ֆրանսիային և Եվրոպայի ձայնին, և ես ասում եմ սա ձեր և մեր բոլոր հայրենակիցների աչքերի մեջ նայելով՝ մեր արժեքները և մեր սկզբունքները հնարավոր չէ գնել ոչ գազով, ոչ էլ նավթով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել