Անի Խաչատրյանը ավագանու նիստից առաջ պահանջեց ստուգել՝ արդյոք դահլիճում զինված անձինք չկան․ Ավինյանն արձագանքեց |armtimes.com|
12:07 - 18 հոկտեմբերի, 2022

Անի Խաչատրյանը ավագանու նիստից առաջ պահանջեց ստուգել՝ արդյոք դահլիճում զինված անձինք չկան․ Ավինյանն արձագանքեց |armtimes.com|

armtimes.com: Մեկնարկել է Երեւանի ավագանու հերթական նիստը: Նիստին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը բացակայում է, այն վարում է վերջինիս տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը:

Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը խնդրանք-պահանջով հանդես եկավ: Ավագանու անդամը հայտնեց, որ ցանկանում է անվտանգության աշխատողներին հրավիրեն նիստերի դահլիճ, որոնք կստուգեն՝ զինված անձ կա՞ դահլիճում, թե՞ ոչ:

Հարցին միջամտեց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով՝ խնդիրը լուծված է, ստուգված է, անհանգստանալու կարիք չկա: «Բոլորս գիտենք՝ կոնկրետ ինչ խնդիր է, պարոն Անտոնյան, Ձեզ է վերաբերում, խնդրում եմ ուղիղ արձագանքել»,- ասաց փոխքաղաքապետը:

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանն էլ արձագանքեց՝ ասելով. «Բոլորը գիտեն, որ ես զենք չեմ կրում, դրա համար էլ հարկ չեմ համարել արձագանքել նման թյուրիմացություններին»:

Հակադարձելով գործընկերոջը՝ Ավինյանն ասաց՝ դա թյուրիմացություն չէ, հարց է բարձրաձայնվում, որին պետք է պատասխան տալ: «Խնդրում եմ՝ հստակ ասեք, որ զենք չունեք ձեզ մոտ, եւ ես կարծում եմ՝ այս դահլիճում բոլորը հստակ հասկանում են, որ զենքով չեն կարող ներս մտնել»,- ասաց Ավինյանը: Անտոնյանն էլ համաձայնեց:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Արմեն Գալջյանը հայտնել էր, որ 2021թ․ օգոստոսի 1-ին մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի տուն, դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել են նրան։ Հարուցվել էր քրգործ։ Գալջյանը նշել էր, որ նախնական գնահատականով կատարվածը կարող է կապ ունենալ Արման Անտոնյանի ավագանու գործունեության հետ։

Անտոնյանը իր դեմ մահափորձի մեջ մեղադրել էր Անի Խաչատրյանին ու Թեհմինա Վարդանյանին։

Թեհմինա Վարդանյանը 168․am-ի հարցազրույցում ասել էր․ «Մի շատ կարևոր բան եմ ուզում ասել և հուսով եմ՝ Դատախազությունը սա կընդունի՝ որպես հաղորդում. Պարոն Անտոնյանը զենքը վրան փակցրած՝ գալիս է ավագանու նիստի: Դա նորմա՞լ է: Մենք բոլորս դա նկատել ենք, ես չեմ պատրաստվում մոտենալ՝ շոշափել, ստուգել՝ դա զե՞նք է, թե՞ ինչ է, բայց Երևանի քաղաքապետարանի շենքը պետական պահպանության տակ գտնվող շենք է և հսկվում է ոստիկանների կողմից: Այդ մարդը ո՞նց է գալիս զենքով մտնում և հասնում Երևանի թիվ մեկ դահլիճ: Հորդորում եմ Դատախազությանը՝ իմ ասածը վերցնել որպես առերևույթ հաղորդում: Մենք բոլորս վստահ ենք, որ նա զենքով է»:

 

Լուսանկարը՝ Photolure-ի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել