Փաշինյանը հայտնեց, որ Սոչիում ներկայացրել է ԼՂ իշխանությունների առաջարկը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու մասին
12:30 - 10 նոյեմբերի, 2022

Փաշինյանը հայտնեց, որ Սոչիում ներկայացրել է ԼՂ իշխանությունների առաջարկը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ կառավարության նիստի սկզբում, անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նոյեմբերի 8-ին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշիում արած մի շարք հայտարարություններին։ Նա մասնավորապես նշեց, որ Ադրբեջանը նախապատրաստում է ԼՂ հայության ցեղասպանություն, ինչպես նաև անդրադարձավ ապաշրջափակման վերաբերյալ ադրբեջանական կողմի մեղադրանքներին։

Ելույթի եզրափակիչ հատվածը ներկայացնում ենք ստորև․

«Ինչո՞ւ է Ադրբեջանը ամեն անգամ գործընթացը մտցնում փակուղի. շարունակելու համար ցեղասպանի իր ագրեսիվ քաղաքականությունը: Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանության նախապատրաստության շրջանակներում է Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում Լեռնային Ղարաբաղում բանակ ունենալու մեջ:

Նախ պիտի արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի, և Ադրբեջանն ինքն է մերժել այս հարցը պարզաբանելու համար Լեռնային Ղարաբաղ դիտորդական առաքելություն ուղարկելու առաջարկը, որը ես արել եմ սույն թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում:

Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ, որը թերևս լուրջ խոչընդոտ է ցեղասպան քաղաքականությունը կյանքի կոչելու համար: Իմ ընկալումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը բանակ ունի միայն ու միայն ցեղասպանության ենթարկվելու վտանգի պատճառով:

Ընդ որում, հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ ես ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկն այս թեմայով. Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի, միջազգային երաշխիքներով, որի արդյունքում նման մասշտաբի պաշտպանության բանակ ունենալու կարիք Լեռնային Ղարաբաղը կարող է և չունենալ: Այդ առաջարկը, կարծում եմ, շարունակում է ուժի մեջ մնալ:

Ապառազմականացման առաջարկ մենք արել և անում ենք նաև Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու մասով՝ առաջարկելով զորքերը ետ քաշել 1991 թվականին վերահաստատված սահմանից, սահմանի երկու կողմից ստեղծելով 3 կիլոմետրանոց ապառազմականացված գոտի: Այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, և մենք նախօրեին Ադրբեջանին ենք փոխանցել դրա նորացված տարբերակը: Ամեն դեպքում, պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի բոլոր օկուպացված հատվածներից, և մեր այս դիրքորոշումը երբեք ու որևէ կերպ փոփոխության չի ենթարկվի:

Եթե Ադրբեջանը փորձում է մտացածին պատճառներով ետահայաց կերպով արդարացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ նախորդ տարվա մայիսին, նոյեմբերին, 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ձեռնարկած ագրեսիան, տարածքների օկուպացիան, Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող 36 բնակավայրերի, այդ թվում՝ Գորիսի, Ջերմուկի, Վարդենիսի, Կապանի, Գեղամասարի հրետակոծությունը, 7600 քաղաքացիական անձանց, այդ թվում՝ 1437 երեխաների, հաշմանդամություն ունեցող 99 անձանց տեղահանությունը, 193 բնակելի տների, 3 հյուրանոցների, 2 դպրոցների, մեկ բուժկենտրոնի թիրախավորումը, 211 հայաստանցիների, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձանց սպանությունը, առնվազն 11 ռազմագերիների արտադատարանական մահապատիժները, այդ թվում՝ կին զինծառայողների մարմինների խոշտանգումներն ու անարգումը, այդ ամենը արդարացում չի կարող ունենալ, և այս հանցանքների պատասխանատուներին պատասխանատվության կանչելու բոլոր կոչերը միանշանակ և աներկբա՝ արդարացի են:

Արդարացի է նաև Լեռնային Ղարաբաղի հայության պահանջը՝ վերացնել ադրբեջանական զորքերի կողմից շփման գծի խախտումները և զորքերը դուրս բերել խաղաղապահների պատասխանատվության գոտուց, ինչպես նաև հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպան քաղաքականությունից: Այդ քաղաքականության դրսևորում էր 2022 թվականի մարտին աննախադեպ ցրտի պայմաններում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը բնական գազով ապահովող միակ խողովակի պայթեցումը և դրա վերականգնման տևական խոչընդոտումը: Նույն ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գիշերային ժամերին ուժեղ լուսարձակներով լուսավորում էին Լեռնային Ղարաբաղի մի շարք հայկական գյուղերի կոնկրետ բնակարաններ, թաղամասեր՝ սպառնալիքներ տեղալով բնակիչներին կոչ անում հեռանալ իրենց տներից, և կրակոցներով զուգորդված իսլամական աղոթքի հրավեր, «ազան» միացնում գերհզոր բարձրախոսներով:

Եվ հիմա այս գործելակերպի հեղինակներն ուզում են Հայաստանին մեղադրել հակաիսլամական գործելակերպի մեջ, մինչդեռ իսլամական կրոնի և քաղաքակրթության նկատմամբ մեր հարգանքն աներկբա է: Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը եղբայրական զգացմունքներ ու գործընկերային հարաբերություններ ունի տասնյակ իսլամական երկրների ու ժողովուրդների հետ, մինչդեռ Ադրբեջանը իր վերոհիշյալ գործելակերպով հիշեցնում է իսլամը վարկաբեկող Ալ Քաիդային և Իսլամական պետությանը:

Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ.

Այս ամենի մասին առաջին անգամ եմ խոսում այսքան մանրամասն և այսքան մանրամասն խոսում եմ, որովհետև տեսնում եմ, որ Ադրբեջանն ուխտադրուժ իր գործելակերպը փորձ է անում վերագրել Հայաստանին:

Բայց սա ինքնին խնդիր չէր լինի, եթե տեղի չունենար մի միջավայրում, երբ միջազգային և տարածաշրջանային անվտանգությունը բախվում է լուրջ մարտահրավերների: Եթե ուշադրություն դարձնենք Ադրբեջանի նախագահի ելույթներին, նա, ըստ էության, սպառնում է բոլորին՝ Ռուսաստանին, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային, Իրանին, Եվրոպական միությանը: Ադրբեջանը շարունակում է նաև խոչընդոտել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացին, որն անկասկած կարող է նպաստել տարածաշրջանային կայունությանը:

Իհարկե, հասկանում եմ, որ գլոբալ էներգետիկ օրակարգը ոգևորել է Ադրբեջանի նախագահին, բայց կարծում եմ նաև, որ ժամանակն է, որ միջազգային հանրությունը համագործակցաբար կոնկրետ միջոցներ ձեռնարկի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը, անվտանգությանը, ժողովրդավարությանը ահագնացող սպառնալիք դարձած Ադրբեջանի գործելակերպի առիթով: Մանավանդ որ, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանին անհիմն մեղադրել հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Փորձը ցույց է տալիս, որ նման կեղծ լուրերի տարածումը նոր ագրեսիայի նախաբան է դառնում: Առիթ ունեցել եմ ասելու, որ երբեմն Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքներում տեղադրված իր դիրքերի միջև փոխհրաձգություն է իրականացնում՝ Հայաստանին մեղադրելու համար: Եվ սա դարձել է կրկնվող գործելակերպ:

Պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է նաև 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության 8-րդ կետը՝ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակման վերաբերյալ՝ շարունակելով կալանքի տակ պահել Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների և փորձելով հումանիտար այս խնդիրը դարձնել մանր սակարկության առարկա:

Ադրբեջանը շարունակաբար շահարկման առարկա է դարձնում անհետ կորած անձանց թեման՝ փորձ անելով տպավորություն ստեղծել, թե նման խնդիր միայն ինքը ունի, և իբր Հայաստանը դեստրուկտիվ է հումանիտար այս հարցի լուծման համատեքստում:

Մինչդեռ Հայաստանի Հանրապետության համար սա նույնքան հրատապ և ցավոտ խնդիր է: Ղարաբաղյան առաջին պատերազմից հայկական կողմի անհետ կորածների թիվը 777 է, 44-օրյա պատերազմից՝ 203: Մենք նույնիսկ սեպտեմբերի 13-ից 16 անհետ կորած ունենք, և այդ տղաների մարմինները գտնվում են ադրբեջանական տիրապետության ներքո հայտնված տարածքներում, ու Ադրբեջանը բոլոր հնարավոր մեթոդներով, մտացածին պատրվակներով ձգձգում է նրանց վերադարձը Հայաստան: Իսկ 2020 թվականից ի վեր հայկական կողմն Ադրբեջանին է վերադարձրել առաջին պատերազմի անհետ կորածների 130 մարմիններ և ակտիվորեն շարունակում է այդ ուղղությամբ աշխատանքը, որը չափազանց բարդ է որևէ մշակված տեղեկատվության բացակայության պատճառով:

Հայաստանը, գիտեք, 2020 թվականի պատերազմից հետո նաև հումանիտար ժեստ արեց՝ Ադրբեջանին հանձնելով 7 շրջանների ականապատ դաշտերի իր ունեցած բոլոր քարտեզները, բայց Ադրբեջանը սա նույնպես դարձրեց ոչ թե փոխվստահության մթնոլորտի ձևավորման, այլ ագրեսիվության ու թշնամանքի ծավալման առարկա:

Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ.

Այսուհանդերձ, ավարտելով ելույթս՝ պիտի արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է իր բոլոր պարտավորություններին, ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին:

Ուզում եմ վերահաստատել Պրահայում և Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին մեր հավատարմությունը, այն է՝ ՄԱԿ-ի կանոնադրության, 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի և արձանագրության հիման վրա փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անխախտելիությունը ճանաչելու հիման վրա Ադրբեջանի հետ սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու վերաբերյալ:

Մենք մեզնից կախված ամեն ջանք կգործադրենք՝ Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիան հնարավորինս արագ ավարտին հասցնելու, տարածաշրջանային բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, օր առաջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար, որովհետև մենք իրապես և անկեղծ նվիրված ենք խաղաղության օրակարգին:

Բայց եթե որևէ մեկը մտածում է, թե խաղաղության օրակարգը Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի հայության «խաղաղ ոչնչացումն» է, չարաչար սխալվում է, չարաչար սխալվում: Խաղաղության օրակարգը Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի խաղաղ զարգացումը և համակեցությունն է, ու մենք հասնելու ենք մեր նպատակին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել