Հանրահավաքները նրա համար չեն, որ վերածվեն գործողությունների, հիմա աշխատելու ենք խորհրդարանում․ Սեյրան Օհանյան
 |tert.am|
12:23 - 15 նոյեմբերի, 2022

Հանրահավաքները նրա համար չեն, որ վերածվեն գործողությունների, հիմա աշխատելու ենք խորհրդարանում․ Սեյրան Օհանյան |tert.am|

tert.am: Ընդդիմությունը միշտ ԱԺ-ում է եղել, «Հայաստան» խմբակցությունը այս ժամանակահատվածում ԱԺ-ում աշխատել է իր օրակարգով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության՝ տևական դադարից հետո ԱԺ վերադառնալու որոշմանը, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նա ասաց, որ կապիտուլյացիոն գործընթացները մինչև այսօր շարունակվում են ՀՀ-ում և իշխանությունները գնում են կեղծ խաղաղության ճանապարհով։

«Դա էր պատճառը, որ ընդդիմությունը որոշեց իր գործունեությունը շարունակել փողոցում, փողոցում մենք շատ կարևոր գործ արեցինք, գեներացրեցինք մեր համակիրների և ժողովրդի պայքարի ոգին, նաև միջազգային հանրությանը ցույց տվեցինք, որ հայ ժողովուրդը ի վիճակի է պայքարել Հայաստանի ինքնության համար, և եթե պետք է ստորագրվեին ժամանակավրեպ ինչ-որ փաստաթղթեր, մենք դա կանխարգելեցինք։ Հիմա  ավարտվել են փողոցի գործառույթները, մեր համակիրները մեզ մանդատ են տվել, որ շարունակենք մեր գործունեությունը ԱԺ-ում, դրա համար շարունակելու ենք աշխատել ԱԺ-ում այն օրակարգով, որը մեզ անհրաժեշտ է»,- ասաց խմբակցության ղեկավարը։

Օհանյանը խոսեց նաև ընդդիմության թերությունների մասին՝ ընդգծելով, որ լայն համախմբում հնարավոր չեղավ ապահովել։

«Այդ լայն համախմբումը հնարավոր չեղավ, որովհետև մարդկանց մեծ մասը աշխատում է, մեր համակիրների մի մասը գտնվում է բանտերում, ճնշումների ներքո, չեն կարողանում ներկայանալ ակցիաներին, իսկ մարդկանց մյուս մասը ուղղակի մոլորված վիճակում  է։ Մենք կարծում ենք, որ ԱԺ-ում աշխատելու ընթացքում մեր համակիրները կլինեն մեր թիկունքում։ Հանրահավաքները նրա համար չեն, որ վերածվեն ինչ-որ գործողությունների, մենք ասել ենք, որ մեր գործունեությունը շարունակելու ենք օրենքի շրջանակներում, հանրահավաքները նրա համար են, որ տեղեկացնենք, նորություններ հայտնենք մեր գաղափարակիցներին»,- նշեց Սեյան Օհանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել