Գևորգ Պապոյանը վստահեցնում է՝ շարունակելու են խաղամոլության դեմ պայքարը

 |armenpress.am|
13:21 - 15 նոյեմբերի, 2022

Գևորգ Պապոյանը վստահեցնում է՝ շարունակելու են խաղամոլության դեմ պայքարը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը խորհրդարանի լիագումար նիստում ներկայացրել է օրենքի նախագիծ, որով սահմանվում է՝ լրատվամիջոցները, որոնց անվանումը կապ ունի կամ նման է շահումով խաղի, վիճակախաղի, օնլայն կազինոյի անվան հետ, պետք է փոխեն իրենց անվանումը:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց հեղինակ Գևորգ Պապոյանը: 

«Այսօր կան այնպիսի մեդիաներ, որոնց անվանումը շատ նման է կամ կապվում է  նախկինում գործող օնլայն կամ ոչ օնլայն կազինոների, բուքմեյքերների, շահումով խաղերի անվանումների հետ: Եվ կա մտահոգություն, որ այս միտումը կարող է շարունակվել:  Այս նախագիծը նրա մասին է, որ մեր տեսալսողական մեդիայում չի կարող լինել այնպիսի մեդիա, որի անվանումը կապ ունի շահումով խաղի, օնլայն կամ ոչ օնլայն կազինոյի, վիճակախաղի հետ»,-ասաց Պապոյանը:

Նա պարզաբանեց՝ սա նշանակում է, որ, եթե կա այդպիսի մեդիա, դրանք ոչ թե պետք է փակվեն, այլ իրենց անվանումը պետք է փոխեն, գործողները պետք է փոխեն իրենց անվանումը 6 ամսվա ընթացքում, իսկ նորերն այդպիսի անվանումներով այլևս չեն կարող ստանալ հեռարձակման թույլտվություն:

Պապոյանն ընդգծեց, որ կառավարության ծրագրում, իրենց քաղաքական ուժի նախընտրական ծրագրում շատ մեծ նշանակություն են տվել խաղամոլության դեմ պայքարին: Դա ընդգծվում է նաև ՀՀ վարչապետի հրապարակային ելույթներում:

«Եթե գովազդն արգելում ենք, և թույլ չենք տալիս շահումով խաղերի, վիճակախաղերի գովազդ տեղի ունենա, ապա, բնականաբար չենք կարող թույլ տալ այդ գովազդի իրականանալը անուղղակի եղանակով: Եթե որևէ մեդիա միջոցի անվանում մարդկանց մոտ ասոցացվում է խաղատան, շահումով խաղի հետ, բնականաբար, չի կարող թույլատրելի լինել: Մենք շարունակելու ենք մեր այն քաղաքականությունը, որը որդեգրել ենք, այն է՝ պայքարը խաղամոլության դեմ: Սա մեզ համար հանրային շահի տեսանկյունից ոչ նպատակահարմար ճյուղ է»,-ասաց Պապոյանը:

Նա պարզաբանեց, որ չեն պատրաստվում արգելել դրանք, սակայն պետք է կարողանան խաղամոլության տարածումը կանխել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել