ՀՀ պաշտպանության նախարարությունը հրաժարվում է պարզաբանել Ջերմուկ ներթափանցած ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների վերաբերյալ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի եւ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հայտարարությունների միջեւ եղած հակասությունը։
Բանն այն է, որ այս տարվա հոկտեմբերի 31-ին՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ՀՀ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, խոսելով ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցած խմբերի մասին, ասել է, որ համապատասխան փոխհրաձգության արդյունքում հակառակորդի ստորաբաժանումները, տալով համապատասխան կորուստներ, հետ են քաշվել, այդ թվում՝ Ջերմուկի ուղղությունից․ «Եվ ներկայումս Ջերմուկի ուղղությամբ ունենք գծագրված առաջնագիծ, որ ապահովում է քաղաքի անվտանգությունը»,- նշել է նա՝ հավելելով, որ հակառակորդի ստորաբաժանումները, Ջերմուկի հյուսիսարեւելյան վերջնամասից հաշված, 4․5 կմ-ի վրա են, Ջերմուկի կենտրոնից՝ 5․5-6 կմ։
Դրանից օրեր անց՝ նոյեմբերի 7-ին, լրագրողները ճեպազրույց էին ունեցել Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ՝ հիշեցնելով ԳՇ պետի այս հայտարարությունը եւ նշելով, որ ջերմուկցիները իրենց հետ զրույցում հայտնել են, որ սեպտեմբերի 13-ից հետո ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են գտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում եւ տեսանելի են իրենց։ Ի պատասխան ԶԼՄ հարցերին՝ մարզպետ Արարատ Գրիգորյանն ասել է․ «Մեր տեղեկություններով՝ իրենք (ադրբեջանական ստորաբաժանումներին,- հեղ․ ) շարունակում են այդտեղ գտնվել, բայց ԳՇ պետը ավելի լավ է տիրապետում, որովհետեւ իրենք հետախուզական բոլոր հնարավոր միջոցները ունեն»։ Հարցին՝ իրենց տեղեկությունները որտեղի՞ց են, արդյո՞ք ադրբեջանցիներին անզեն աչքով տեսնում են, մարզպետը դրական պատասխան է տվել․ «Այո, բայց լրացուցիչ, ավելի մասնագիտական չեմ կարող ասել, որովհետև եթե ԳՇ պետը ասել է, որ գնացել են․․․ Ամեն դեպքում, մենք տեսնում ենք իրենց»,- նշել է նա։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Infocom-ը նույն օրը գրավոր հարցմամբ դիմել էր Պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով պարզաբանել հնչած երկու հայտարարությունների հակասությունը եւ նշել, թե ՀՀ բնակչությունը դրանցից որ մեկը պետք է ընդունի որպես վերջնական, ճշգրիտ տեղեկություն։
Միեւնույն ժամանակ խնդրել էինք հայտնել՝ ներկայում ադրբեջանական որեւէ խումբ գտնվո՞ւմ է ՀՀ տարածքում, այդ թվում՝ Ջերմուկում։ Եթե այո, ապա քանի՞սն են նրանք եւ քանի՞ կմ խորության վրա են, իսկ եթե ներթափանցած բոլոր խմբերը դուրս են մղվել, ապա ՀՀ սահմանից քանի՞ կմ հեռավորության վրա են նրանք։
Մեր հարցմանն ի պատասխան՝ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի կողմից օկուպացված են ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ, այդ թվում՝ նաեւ Ջերմուկի ուղղությամբ․ «Հայցվող մյուս տեղեկության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ ՀՀ կառավարության 1998 թ․ մարտի 13-ի N 173 որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետերի պահանջները»,- ասված է ՊՆ պատասխանում։
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է տեղեկատվության ազատության սահմանափակումները։ Ըստ այդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առեւտրային գաղտնիք։
Բացառությանը վերաբերող 3-րդ մասը, ի թիվս այլնի, ամրագրում է, որ տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը եւ առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերին։
Ինչ վերաբերում է Կառավարության որոշմանը, որին հղում է տվել ՊՆ-ն, այն սահմանում է ՀՀ պետական գաղտնիք համարվող տեղեկությունների ցանկը։ Ըստ այդ ցանկի 2-րդ կետի՝ պետական գաղտնիք են, ի թիվս այլնի, ԶՈՒ ռազմավարական ծավալման մասին տեղեկությունները։
Այս պայմաններում, եթե անգամ ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվելը Նախարարությունը չի դիտում որպես քաղաքացիների անվտանգությանը եւ առողջությանը սպառնացող արտակարգ դեպք, առնվազն տարակուսելի է հայցվող տեղեկությունը պետական գաղտնիք որակելը․ ՀՀ կառավարության որոշումը ՀՀ պետական գաղտնիք է դիտում ՀՀ զինված ուժերի ռազմավարական ծավալման մասին տեղեկությունները, այնինչ մեր հարցը վերաբերում էր ոչ թե ՀՀ, այլ ադրբեջանական զինված ուժերի տեղակայմանը։ Իսկ եթե առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ ադրբեջանական զինված ուժերի տեղակայման բացահայտումը կարող է վտանգ ներկայացնել ՀՀ զինված ուժերի համար, ապա ենթադրվում է, որ ԳՇ պետն էլ այն չէր հրապարակի:
Ստացվում է, որ ԳՇ պետը կա՛մ հրապարակել է պետական գաղտնիք համարվող տեղեկություններ, կա՛մ ՊՆ-ն այժմ անհիմն է հրաժարվում պատասխանել լրատվամիջոցի հարցմանը եւ պարզաբանել պաշտոնատար անձանց հայտարարությունների հակասությունը՝ դրանով իսկ զրկելով քաղաքացիներին ճշմարտությունն իմանալու հնարավորությունից։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)