Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի ԱԳ նախարար Նիկոլայ Միլկովի հետ։
Արարատ Միրզոյանը և Նիկոլայ Միլկովը բարձր են գնահատել պատմական առնչությունների և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-բուլղարական հարաբերությունների մակարդակը և պատրաստակամություն հայտնել առավել զարգացնելու երկկողմ բազմաոլորտ համագործակցությունը։ Այս առումով կարևորվել է բարձրաստիճան պաշտոնական փոխայցելությունների պարբերական անցկացումը։
ԱԳ նախարարները կարևորել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ընդլայնումը, այդ թվում` երկու երկրների միջև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում հաստատված արդյունավետ փոխգործակցության հետագա խորացումը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության խնդիրների։ Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել իրավիճակը Հարավային Կովկասում, Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքները:
comment.count (0)