ԱՄՆ-ն և Եվրամիությունը ցանկանում են Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից. Գոնչար
 |1lurer.am|
12:35 - 10 դեկտեմբերի, 2022

ԱՄՆ-ն և Եվրամիությունը ցանկանում են Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից. Գոնչար |1lurer.am|

1lurer.am: Արևմուտքը փորձում է սեպ խրել ռուս-հայկական բարեկամության մեջ: ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես են վերջին շրջանում հանրապետությունում (Հայաստանում-խմբ․) ակտիվացել Վաշինգտոնի և Բրյուսելի էմիսարները (գաղտնի քաղաքական հանձնարարությամբ այլ երկիր ուղարկված անձ-խմբ․), ինչպես նաև բոլոր տեսակի արևմտամետ կառույցները, որոնք փորձում են իշխանություններին և բնակչությանը տրամադրել Ռուսաստանի դեմ, բայց իրականում գործում են Հայաստանի ազգային շահերի դեմ։ Հուսով ենք, որ ինչպես նախկինում, մենք կկարողանանք լուծել բոլոր ի հայտ եկած խնդիրները հայ դաշնակիցների հետ ազնիվ և անկեղծ հաղորդակցության միջոցով»,- ասել է Գոնչարը։ 
 
Գոնչարը նշել է, որ Մոսկվան արձանագրում է Արևմուտքի համառ ձգտումը՝ մխրճվելու Բաքվի և Երևանի հետ եռակողմ փոխգործակցության ձևաչափերի մեջ, ԱՄՆ-ն և Եվրամիությունը ցանկանում են Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից:
 
«Որքան էլ Բրյուսելն ու Վաշինգտոնը փորձեն այլ բան ներկայացնել, դրա հետևում կանգնած է Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու ցանկությունը, այլ ոչ թե տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն իրապես և անկեղծորեն նպաստելը։ Հատկանշական է, որ Վաշինգտոնում և Բրյուսելում վախենում են նույնիսկ դրական կերպով հիշատակել Ռուսաստանին և ընդունել եռակողմ պայմանավորվածությունների առանցքային նշանակությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում»,- նշել է դիվանագետը։
 
Նրա խոսքով՝ նման տրամաբանությամբ է Ռուսաստանն ընկալում Հայաստանում ԵՄ ժամանակավոր մոնիթորինգային առաքելության գործունեությունը, ինչպես նաև «ԵԱՀԿ առաքելության՝ տարածաշրջան ուղղորդելու փորձերը՝ շրջանցելով կոնսենսուսի կանոնը»: 
 
Գոնչարը նշել է. «Հենց ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ է հաջողվել կասեցնել սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանի շրջանում լարվածության սրումը»:
 
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել