«Փոխհամաձայնեցված է եղել, եւ դա ճիշտ է»․ Անդրանիկ Քոչարյանը՝ ադրբեջանցի «բնապահպանների» սադրանքի մասին |aravot.am|
11:37 - 12 դեկտեմբերի, 2022

«Փոխհամաձայնեցված է եղել, եւ դա ճիշտ է»․ Անդրանիկ Քոչարյանը՝ ադրբեջանցի «բնապահպանների» սադրանքի մասին |aravot.am|

aravot.am: «Կարծում եմ՝ Ադրբեջանի իշխանությունն իրականացնում է լավ պլանավորած սադրանք՝ դրանով լարվածություն ստեղծելով Արցախում։ Բնականաբար, ակնկալիքն այն է, որ այդ լարվածությունը կտեղափոխվի նաեւ ՀՀ», – խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ադրբեջանցի «բնապահպանները» կարողացել են խաղաղապահների ուղեկցությամբ Արցախի Կաշենի հանքավայրի մուտքի մոտ հայտնվել։

«Պետք է լինել սառնասիրտ։ Իրենց ցանկությունը դա իրենցն է։ Մեր նպատակը նույնն է՝ անվտանգ կյանք Արցախի հայրենակիցների համար եւ անվտանգության միջավայրի կառուցում՝ ՀՀ-ի եւ Արցախի միասնական անվտանգային տարածքում։ Կլինի Կաշենի առիթը, հետո մեկ ուրիշը», – նշեց Անդրանիկ Քոչարյանը եւ հավելեց, – «Խնդիրը, վերջին հաշվով, լուծվել է խաղաղապահ ուժերի մասնակցությամբ։ Խաղաղապահ ուժերն ունեն առաքելություն՝ նման լարվածությունները չեզոքացնելու։ Այնպես պետք է անել, որ մենք էլ այդ ժամանակը ճիշտ օգտագործենք, որպեսզի մեր անվտանգային միջավայրը վերականգնի իր բովանդակությունը»։

Հարցին՝ ունի՞ տեղեկություն, թե ինչպես են ադրբեջանցիները կարողացել հասնել հանքավայրի տարածք, որքանո՞վ են խաղաղապահներն իրավաչափ գործել, քանի որ չեն համաձայնեցնել Արցախի իշխանության հետ, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ փոխհամաձայնեցված գործողություն է եղել, եւ դա ճիշտ է։ Հիմա չեմ կարող ասել՝ ում միջեւ, բայց այդ բնապահպանները չէին կարող դրոշակները վերցնել եւ գնալ Արցախի ցանկացած միջավայր։ Նշանակում է՝ ինչ-որ պայմանավորվածություն է եղել, որ նման լարվածությունը չկրկնվի։ Ադրբեջանը պետք է գիտակցի, որ ուժային ճանապարհի հեռանկարը նաեւ հակազդման հնարավորություն է ստեղծում՝ նման խնդիրները կանխելու համար։ Արցախի իշխանությունը պետք է միշտ կարողանա ռիսկերը կանխել։ Ադրբեջանը միշտ էլ ունի ավելի մեծ ծրագրեր։ Նա պետք է մի բան իմանա, որ նման քայլերով ստիպում է, որպեսզի ՀՀ-ն եւ Արցախն իրենց անվտանգային միջավայրը դարձնեն գերակա»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել