Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը․ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի նիստին
14:22 - 14 դեկտեմբերի, 2022

Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը․ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի նիստին

Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստ, որի օրակարգում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին հայտարարության նախագծի ընդունումն է։ Նախագծի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է։

Նիստի սկզբում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցի քննարկմանը։ 

Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց՝ իրենց գնահատմամբ նախագիծը ոչ միայն վնասում է Հայաստանին ու Արցախին, այլ օգնում է թուրք ադրբեջանական տանդեմին․ «Երեկ ընդդիմադիր խմբակցությունները շրջանառության մեջ էին դրել, որ այսօր արտահերթ նիստ տեղի կունենա Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության և Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Քիչ առաջ տեղի ունեցավ ԱԺ խորհրդի նիստ, որտեղ մերժվեց ընդդիմադիր խմբակցությունների առաջարկությունը՝ արտահերթ նիստի օրակարգում քննարկելու այն նախագիծը, որը ներկայացրել ենք։ Հիմա քննարկվում է ՔՊ խմբակցության նախագիծը։ Մեր գնահատմամբ՝ այս հայտարարությունը ավելի լավ է չարվի․ սա ոչ միայն վնասում է Հայաստանին ու Արցախին, այլ օգնելու է թուրք-ադրբեջանական  տանդեմին»։

«Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանն էլ ասաց՝ սա միայն հումանիտար աղետի խնդիր չէ․ «Փաստացի Հայաստանն ու Արցախը այսօր կանգնած են նոր պատերազմի շեմին, Արցախը այսօր կանգնած է ցեղասպանության շեմին։ Ձեր ներկայացրած օրակարգը որևէ ձև համարժեք չէ Արցախի և ՀՀ-ի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին և այն հայտարարությունը և մոտեցումները, որ դուք արտահայտում եք, ոչ միայն չի կանխում վերահաս վտանգը, այլ կանաչ լույս է վառում Ադրբեջանի համար: Այսօր մենք մեր հայրենակիցների հետ մեր խոսքը կներակայացնենք 16:00-ին Կառավարության շենքի դիմաց»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել