ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկումը վկայում է Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ միջազգային զորեղ ու միանշանակ կոնսենսուսի մասին․ Արարատ Միրզոյան
10:41 - 21 դեկտեմբերի, 2022

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկումը վկայում է Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ միջազգային զորեղ ու միանշանակ կոնսենսուսի մասին․ Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է երեկ՝ դեկտեմբերի 20-ին կայացած ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին, որտեղ քննարկվել է Լաչինի միջանցքի արգելափակման թեման։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա քննարկումը հստակորեն վկայում է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի անհապաղ և անվերապահ բացման վերաբերյալ միջազգային զորեղ ու միանշանակ կոնսենսուսի մասին։

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ և ապահով կապը պետք է վերականգնվի»,- գրել է ՀՀ ԱԳ նախարարը։

Միրզոյանը նաև հավելել է, որ Հայաստանը գնահատում է ՄԱԿ-ի ԱԽ անդամների արդար և սկզբունքային դիրքորոշումը։

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությունը։

Նիստի ժամանակ Հայաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կոչ է արել քայլեր ձեռնարկելու, պահանջելու Ադրբեջանից վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը, ինչպես նաև փաստահավաք առաքելություն տեղակայելու Լաչինի միջանցքում: 

ԱՄՆ ներկայացուցիչը հայտնել է, որ «իրենք կոչ են անում Ադրբեջանի կառավարությանը և միջանցքի անվտանգության համար մյուս պատասխանատուներին հնարավորինս արագ վերականգնելու ազատ երթևեկությունը, ներառյալ մարդասիրական և առևտրային օգտագործումը»։

Իսկ ՌԴ ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենց «հաջողվել է հասնել գազամատակարարման վերականգնման և Լաչինի միջանցքի մասնակի բացման»։

Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել