azatutyun.am: Ադրբեջանական կողմը մինչ այս պահը կարողանում է խոչընդոտել ՄԱԿ-ի կողմից Արցախ առաքելություն ուղարկելու Հայաստանի առաջարկը, «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե կարողացե՞լ են համոզել միջազգային գործընկերներին, որ գնան Արցախ և տեղում հասկանան իրավիճակը։
Գրիգորյանն ասաց, որ հարցը քննարկել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նախագահի հետ, Հայաստանի արտգործնախարարությունն է նաև նման առաջարկ ուղարկել։
«Օրինակ, վերջերս մեր զեկույցը Լաչինի կիջանցքի փակման մասով, որ ուղարկել էինք, շատ հարցեր հենց դրա մասին էին, հարցնում էին՝ «իսկ կա՞ որևէ միջազգային կազմակերպություն, որ գետնի վրա այնտեղ տեղում է և կարող եք հաստատել»։ Սա էլ ևս մեկ անգամ մեր պնդումը վերահաստատելու, կամ առաջարկը ներկայացնելու առիթ էր»,- ասաց Պաշտպանը։
Միակ կազմակերպությունը, որ Ստեփանակերտում ներկայացված է, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն է, ասաց Գրիգորյանը՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ այն ունի շատ սահմանափակ և շատ կոնկրետ նեղ, հումանիտար մանդատ, և կազմակերպությունը հսկայական բարդությունների առաջ է կանգնում ադրբեջանական կողմի ոչ համագործակցային գործելակերպի պայմաններում։
«Արտաքին գործերի նախարարությունը նույնպես էս առաջարկությունն արել է և այս նախաձեռնությունը շատ կոնկրետ ուղարկել էր և Ադրբեջանը մինչ այս պահը կարողանում է բլոկ անել նախաձեռնությունը, որ գա նման առաքելություն», - ասաց Պաշտպանը՝ եզրափակելով․ - «Հետևաբար ստացվում է, որ ՄԱԿ-ի մարմինների աշխատանքն այնքան էլ հեշտ չէ և այդքան մարդու իրավուքնների պաշտպանության առաջնահերթություններն այնքան էլ սահուն չեն առաջ գնում։ Այստեղ շատ երկար դիվանագիտական աշխատանք է պետք»։
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։
Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս:
350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 21 հիվանդ, այդ թվում՝ երեխաներ, վերակենդանացման բաժանմունքում են: Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող երկու հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է։
comment.count (0)