1lurer.am: Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Գարո Փայլանը դիմել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ կոչ անելով «պատասխանատվություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դադարեցնելու համար»՝ փոխանցում է Ստամբուլում գործող հայկական «Ակոս» պարբերականը։
«Կովկասում խաղաղության և հանգստության հաստատումը, բախումների և լարվածության կանխումը նաև Թուրքիայի շահերից է բխում։ Եթե Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի վերացման ուղղությամբ բոլորս միասին պատասխանատվություն ստանձնենք, ապա և՛ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացում, և՛ Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացում դրական օրակարգի կարող ենք վերադառնալ»,- նշել է Փայլանը։
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։
Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: ԿԽՄԿ միջնորդությամբ դեկտեմբերի 25-ին միայն մեկ անգամ 10 տոննա մարդասիրական բեռ՝ մանկական և այլ սնունդ, դեղորայք է տեղափոխվել ՀՀ-ից Արցախ։ Ըստ Արցախի ԱՆ-ի՝ դեղորայքը կարող է բավարարել 10 օրվա պահանջարկը։
350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ ՀՀ-ում: 21 հիվանդ, այդ թվում՝ երեխաներ, վերակենդանացման բաժանմունքում են: Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 5 հայ և 4 օտարերկրացի է միայն ԿԽՄԿ միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
comment.count (0)