armenpress.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ դաշինքի երկրների կողմից Ուկրաինային զենքի մատակարարումներն արագ զինադադարի կհանգեցնեն։ Այս մասին տեղեկանում ենք Europa Press լրատվամիջոցից:
«Կարող է պարադոքսալ հնչել, բայց Ուկրաինային ռազմական աջակցությունը խաղաղության հասնելու ամենակարճ ճանապարհն է»,- ասել է Ստոլտենբերգը DPA գործակալությանը տված հարցազրույցում:
Ստոլտենբերգի խոսքով՝ որպես անկախ ժողովրդավարական երկիր Ուկրաինայի գերակայության և բանակցություների միջոցով խաղաղ լուծման հասնելու համար հարկավոր է զենք մատակարարել Կիևին, քանի որ «դա միակ միջոցն է՝ ցույց տալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, նա չի կարող հասնել Ուկրաինայի հանդեպ վերահսկողություն հաստատելու իր նպատակներին»։
Ստոլտենբերգը նաև նշել է, որ պատերազմներն անկանխատեսելի են, սակայն հարկավոր է պատրաստվել երկարատև պատերազմի և Ռուսաստանի կողմից նոր հարձակումների:
«Մենք չպետք է թերագնահատենք Ռուսաստանին»,- հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Նա նաև նշել է, որ պատերազմի ավարտը չի նշանակում, որ ամեն ինչ կվերադառնա նորմալ հուն:
«Թե ինչ տեսակի հարաբերություններ կլինեն Ռուսաստանի հետ ապագայում, կախված կլինի Ռուսաստանի վարքից»,- ասել է Ստոլտենբերգը:
Միևնույն ժամանակ անդրադառնալով վերջին շրջանում Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքում ռազմական թիրախների վրա հարձակումներին՝ Ստոլտենբերգն ասել է, որ Ուկրաինան ինքնապաշտպանվելու իրավունք ունի, ինչն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ:
comment.count (0)