Ալիևի երեկվա հայտարարությունը պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր․ Էդմոն Մարուքյան
13:55 - 11 հունվարի, 2023

Ալիևի երեկվա հայտարարությունը պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր․ Էդմոն Մարուքյան

Ալիևի երեկվա հայտարարությունը՝ Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ, պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Նա (Իլհամ Ալիևը՝ խմբ․) ասաց, որ ճանապարհը բաց է նրանց համար, ովքեր չեն ցանկանում լինել Ադրբեջանի քաղաքացի։ Նրանք կարող են մեկնել մեքենաներով կամ ռուս խաղաղապահների ավտոբուսներով»,- գրել է Մարուքյանը։

Հիշեցնենք, որ երեկ Ալիևը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնց թվում էր նաև Լաչինի միջանցքի վերաբերյալ հարցը, ինչին ի պատասխան՝ Ալիևը նշել է, թե ոչ մի բլոկադա էլ չկա․ «Ովքեր չեն ուզում լինել մեր քաղաքացիները, ճանապարհը փակ չէ, այն բաց է․ կարող են հեռանալ։ Մենք նրանց չենք խանգարի, կա՛մ ինքնուրույն կարող են հեռանալ, կա՛մ ռուս խաղաղապահների մեքենաներով կամ ավտոբուսներով։ Ճանապարհը բաց է»։

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս:

350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 17 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:

Արցախը շրջափակման մեջ է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել