ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ որպես Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, նամակներով դիմել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, ԱՄՆ հայկական հանձնախմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսին, Ֆրենք Փըլոնին, Դեյվիդ Վալադաոյին, ինչպես նաև հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆին:
Որպես Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար՝ նամակով դիմել է Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դիմիտրիոս Մարկոպուլոսին:
Որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ՝ նամակով դիմել է Կիպրոսի գործընկերոջը` Հարիս Գյորգեադեսին:
Նամակներում Հայկ Կոնջորյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման և Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելու հանցավոր քաղաքականության շուրջ:
Նա կոչ է արել գործընկերներին գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը և մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը` օր առաջ բացելու Լաչինի միջանցքը և կատարելու իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները:
2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։
Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս:
13 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 9 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 28 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:
Հունվարի 10-ից վթարի պատճառով Արցախում էլեկտրամատակարարումը կատարվում է հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկով։ Գազամատակարարումը դադարեցված է հունվարի 17-ից՝ ժամը 13։00-ից։
Լուսանկարը՝ ՀՀ ԱԺ կայքից
comment.count (0)