Իրանի ԱԳ նախարարը Թուրքիայում հաստատել է դիրքորոշումը, որ տարածաշրջանում աշխարհագրության փոփոխություն չպետք է լինի
13:06 - 18 հունվարի, 2023

Իրանի ԱԳ նախարարը Թուրքիայում հաստատել է դիրքորոշումը, որ տարածաշրջանում աշխարհագրության փոփոխություն չպետք է լինի

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը պաշտոնական այցով Թուրքիայում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու թուրք պաշտոնակցի՝ Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին հաղորդում է իրանական Mehr-ը։

Վերջինիս հետ հանդիպումից հետո նախարարները հանդես են եկել մամուլի ասուլիսով։  Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային առանցքային զարգացումները։

Աբդոլլահիանը ասուլիսին հայտնել է, որ իրենք խոսել են քաղաքական, տնտեսական ու մշակութային հարցերի շուրջ․ հիմնական առանցքը Իրանի ու Թուրքիայի միջև ռազմավարական համագործակցության շեշտադրումն էր։

«Առևտրի տեսանկյունից իրավիճակը լավ է, բայց այն մակարդակում չէ, որ համապատասխանում է երկու երկրներին»,- ասել է իրանցի նախարարը։

Նա նաև նշել է, որ քննարկվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի առաջիկա այցը Թուրքիա։ «Մենք հույս ունենք տեսնելու Իրանի և Թուրքիայի միջև երեք սահմանային շուկաների կառուցումը»,- հավելել է նա։

Անդրադառնալով Ուկրաինայում տիրող իրրավիճակին՝ Իրանի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ «Իրանը դեմ է պատերազմին ու կարևորում է քաղաքական կարգավորումը»։

«Իրանն ու Թուրքիան տարածաշրջանի այն երկու երկրներն են, որոնք ունեն ամենազորեղ ժողովրդավարությունը»,- ասել է իրանցի դիվանագետը՝ պնդելով, որ Իրանում կանայք ունեն շատ իրավունքներ, ինչպես տղամարդիկ ու դատապարտելով Արևմուտքին Իրանում ցույցեր հրահրելու համար։

Իր խոսքը շարունակելով՝ նա անդրադարձել է Կովկասյան տարածաշրջանին և հայտարարել, որ Իրանը չի ընդունի տարածաշրջանի աշխարհագրության որևէ փոփոխություն։

Թուրքիայի ԱԳ նախարարն իր հերթին ասել է, որ զրւցակցի հետ անդրադարձել են երկկողմ հարաբերություններին, Աֆղանստանին, Սիրիային։

«Անհրաժեշտություն չկա, որ Արևմուտքի երկրները միջամտեն և թելադրեն իրենց պահանջները Իրաքի և Սիրիայի վերաբերյալ»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ իրենք Իրանին ու Ռուսաստանին տեղեկացրել են Սիրիայի հետ հարաբերությունները շարունակելու մտադրության մասին։

Իրանական Tasnim-ի փոխանցմամբ՝ Էրդողանը Թուրքիայի ու Իրանի հարաբերությունները բնութագրել է որպես կարևոր և գերազանց։ Նա ընդգծել է Իրանի կարևոր դերը Սիրայի հարցով բանակցություններում՝ ասելով, որ Իրանն իրապես կարող է արդյունավետ օգնություն ցույց տալ նոր մոտեցումների համար։

Զրուցակիցները հաստատել են, որ երկու ժողովուրդների ու կառավարությունների միջև կապերի զարգացման սահմաններ չկան։

Ընդգծվել է նաև Կովկասի խնդիրների համար ստեղծված 3+3 ձևաչափով հանդիպման կարևորությունը, ինչպես նաև Իրան-Թուրքիա-Իրաք և Իրան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ հանդիպումների նշանակությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել