Ըստ Ռուբինյանի՝ Հայաստանը չի պնդել, որ ՀԱՊԿ-ի հայտարարության մեջ Ադրբեջանի նկատմամբ կոշտ գնահատականներ հնչեն
14:20 - 28 հունվարի, 2023

Ըստ Ռուբինյանի՝ Հայաստանը չի պնդել, որ ՀԱՊԿ-ի հայտարարության մեջ Ադրբեջանի նկատմամբ կոշտ գնահատականներ հնչեն

Ես կարող եմ մեկնաբանել մեր դիրքորոշումը։ Եթե հստակեցնելու բաներ կան, պետք է իրենց դիմել։ Այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ։

«Մեր դիրքորոշումը հետևյալն է․ ՀՀ-ն ունի անվտանգային խնդիրներ, անվտանգային բացեր, որոնք երևացել են, այդ թվում՝ վերջին ամիսների ընթացքում հայտնի իրադարձությունների ժամանակ, և այդ խնդիրները փորձում է լուծել իրեն հասու մեթոդներով՝ համագործակցելով բոլոր ուժերի հետ, և այդ համագործակցությունը չենք անում մեկի հետ՝ ի հեճուկս մյուսի։ Մենք ունենք խնդիր մեր տարածքային ամբողջականության պաշտպանության։ Մենք բնականաբար չենք խորշելու ցանկացած մեթոդ օգտագործելու մեր տարածքային ամբողջականությունը, մեր սուվերեն տարածքը պաշտպանելու համար։ Եվ դա մեր իրավունքն է»,- նշեց Ռուբինյանը։

Հարցին, որ ՌԴ-ն ուրիշ կերպ է ընկալում Հայաստանի գործողությունները, մե՞ր թերացումն է, թե՞ իրենք են էդպես ընկալում, Ռուբինյանը պատասխանեց՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ին ու նշելով, որ ՀԱՊԿ-ը, որի անդամ է Հայաստանը, և որի գոյության համար մեկ իմաստը իր անդամների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պահպանելն է, սեպտեմբերյան դեպքերից հետո չի ֆիքսել, որ Հայաստանի ինքնիշխան տարածքն օկուպացվել է, ու որ հարձակում է տեղի ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա․ «Սա է Ձեր հարցի պատասխանը»։

Լրագրողը հիշեցրեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որ Երևանում ՀԱՊԿ-ի հայտարարությունը չհաջողվեց ընդունել, որովհետև հայ գործընկերները պնդում էին, որ դրանում լինի սուր դատապարտություն՝ ուղղված Ադրբեջանին։

Դիտարկմանն ի պատասխան՝ ԱԺ փոխխոսնակը նշեց․ «Հայաստանը չի պնդել, որ Ադրբեջանի նկատմամբ կոշտ գնահատականներ հնչեն, Հայաստանը պնդել է, որ ֆիքսվի իրողությունը։ Իսկ իրողությունը հետևյալն է եղել․ սեպտեմբերյան հարձակման ընթացքում Ադրբեջանը հարձակվել է ՀՀ վրա, ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, հարվածներ է հասցրել ՀՀ ինքնիշխան տարածքի վրա՝ կիլոմետրեր խորությամբ։ Եվ մենք ակնկալել ու ակնկալում ենք, որ այս փաստը մեր դաշնակիցները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ը, ֆիքսեն։ Սա մինիմումն է, որ ակնկալվել է, և այդ մինիմումը մինչ այս պահը բավարարված չէ»։

Անդրադառնալով նաև Լավրովի մյուս հայտարարությանը, որ չնայած նրան, որ ՀԱՊԿ-ի առաքելությունը պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել ԵՄ-ի հետ, Ռուբինյանն ասաց, որ խնդիրը ոչ թե ՀԱՊԿ-ի դիտորդ ուղարկելու կամ չուղարկելու մեջ է, այլ թե այդ դիտորդները ինչը պետք է դիտեն։

«Մենք պնդում ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքում հարձակում է տեղի ունեցել, ՀԱՊԿ-ը մինչ այս պահը հրաժարվել է ֆիքսել, որ ընդհանրապես կա Հայաստան-Ադրբեջան սահման, որից այս կողմ հարձակում է տեղի ունեցել։ Մեր պահանջը հենց դա է եղել, որ դա ֆիքսվի, որովհետև եթե դա չի ֆիքսվում, հարց է առաջանում՝ եթե ՀԱՊԿ-ը չի ֆիքսում, որ կա հստակ Հայաստան-Ադրբեջան սահման, ապա ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին։ Սա է հարցը, ոչ թե ՀԱՊԿ-ի դիտորդ ուղարկել-չուղարկելու մեջ»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։

Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։  ՌԴ ԱԳՆ-ն էլ հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին՝ նշելով՝ Եվրամիության ներկայացուցիչների՝ ՀՀ սահմանամերձ շրջաններում հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել է, թե ՀՀ սահմանային շրջաններում ԵՄ առաքելության ներկայացուցիչների հայտնվելուն կարձագանքեն ռուս խաղաղապահները։ Այս հայտարարությանն էլ ի պատասխան՝ ԵՄ ԱԳ խոսնակ Պետեր Ստանոն նշել է, որ Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել Եվրամիության առաքելության նպատակը և շարունակում է սխալ գնահատել ԵՄ-ի ներգրավվածությունը տարածաշրջանում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել