ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման անցկացման գաղափարը քննարկվում է
15:18 - 09 փետրվարի, 2023

ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման անցկացման գաղափարը քննարկվում է

Տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու նպատակով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպման անցկացման գաղափարը քննարկվում է։ Այս մասին հինգշաբթի օրը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Մենք չենք հրաժարվում այս գաղափարից։ Մենք ցանկանում ենք առավելագույնս օգտագործել մեր ռեսուրսները՝ գոյություն ունեցող համաձայնագրերի շրջանակներում հարթակներ տրամադրելու և կայունացման ուղղությամբ հետագա շարժման ձևաչափ ապահովելու առումով»։

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում պետք է կայանար Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որը, սակայն, հայկական կողմը խնդրել էր հետաձգել։ «Այս պահին ՀՀ ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է»,- պարզաբանել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել