armenpress.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ափսոսում է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին (ՌՀՍ) մասնակցությունը դադարեցնելու Ռուսաստանի Դաշնության որոշման համար և Մոսկվային կոչ է անում վերանայել այդ քայլը:
Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը: «Ես ափսոսում եմ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին մասնակցությունը դադարեցնելու Ռուսաստանի որոշման համար... Կոչ եմ անում Ռուսաստանին վերանայել այս որոշումը և վերադառնալ գործող համաձայնագրի պահպանմանը», - ասել է նա երեքշաբթի օրը Բրյուսելում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Ստոլտենբերգի խոսքով՝ ՌՀՍ-ի վերաբերյալ այս որոշմամբ «վերացվել է սպառազինությունների նկատմամբ վերահսկողության ողջ ճարտարապետությունը»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը միակողմանիորեն դադարեցրել է մասնակցությունը ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրին (ՌՀՍ-3)։ Այս մասին ՌԴ Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա ընդգծել է, որ խոսքը ոչ թե պայմանագրից դուրս գալու, այլ միայն դրան մասնակցությունը կասեցնելու մասին է։
comment.count (0)