ԱՄՆ-ից, ՌԴ-ից ու Ուկրաինայից արձագանքել են պատերազմի դադարեցման վերաբերյալ Չինաստանի 12 կետանոց ծրագրին
16:20 - 25 փետրվարի, 2023

ԱՄՆ-ից, ՌԴ-ից ու Ուկրաինայից արձագանքել են պատերազմի դադարեցման վերաբերյալ Չինաստանի 12 կետանոց ծրագրին

Չինաստանը փետրվարի 24-ին հրապարակել է ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման վերաբերյալ իր ծրագիրը։ Փաստաթղթի տեքստը ներառում է 12 կետ։

Չինաստանի ծրագիրը կոչ է անում խաղաղ բանակցություններ սկսել և հարգել երկրների ինքնիշխանությունը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ծրագրում է հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի դադարեցման վերաբերյալ Պեկինի առաջարկները: Այս մասին հայտնում է BBC-ն:

Զելենսկին ասել է, որ առաջարկն ազդանշան է, որ Չինաստանը ներգրավված է խաղաղության որոնման գործընթացում: «Ես իսկապես ուզում եմ հավատալ, որ Չինաստանը զենք չի մատակարարի Ռուսաստանին»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Մինչդեռ Չինաստանի իշխանությունները մինչ այժմ հրապարակայնորեն չեն արձագանքել նախագահի հետ հանդիպում ունենալու Զելենսկու ցանկությանը։

Ռուսաստանը իր հերթին ողջունել է Չինաստանի խաղաղության առաջարկները։ «Մենք կիսում ենք Պեկինի տեսակետները», - ասվում է ՌԴ ԱԳ նախարարության հայտարարության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ից նշել են․ «Ուկրաինայում խաղաղ կարգավորման հիմնական խոչընդոտն այն է, որ Վլադիմիր Զելենսկին 2022 թ․ սեպտեմբերի 30-ին ընդունած հրամանագրով ամրագրել է Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների անհնարինությունը: Բանակցությունները նաև անհնար են, քանի որ Կիևը պահանջում է դուրս բերել ռուսական զորքերը ռուսական նոր տարածքներից՝ Դոնբասից, Ղրիմից, Զապորոժիեից և Խերսոնից»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
 

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ABC News-ին տված հարցազրույցում, պատասխանելով չինական ծրագրի մասին հարցին, ասել է․ «Ես ծրագրում ոչինչ չեմ տեսել, որը ցույց տա, որ կա մի բան, որը ձեռնտու կլինի որևէ մեկին, բացի Ռուսաստանից»:

Իսկ ավելի վաղ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը մեկնաբանել էր չինական ծրագիրը և նշել՝ «Չինաստանը կարող է կանգ առնել առաջին կետի վրա․ այն է՝ հարգանք բոլոր ազգերի ինքնիշխանության նկատմամբ»: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել