Ինչու պետք չէ Freedom House-ի զեկույցում հնչող մտահոգություններին պատասխանել ԱլԳ զեկույցով
17:16 - 20 մարտի, 2023

Ինչու պետք չէ Freedom House-ի զեկույցում հնչող մտահոգություններին պատասխանել ԱլԳ զեկույցով

Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ համեմատել է Freedom House-ի և Արևելյան գործընկերության (ԱլԳ) զեկույցները՝ նշելով, որ ըստ ԱլԳ զեկույցի՝ Հայաստանը մի քանի ուղղություններում գործընկերության երկրների շարքում բացարձակ առաջատար է։ Այս երկու զեկույցները, սակայն, ունեն մեթոդաբանական, ժամանակագրական և այլ տարբերություններ, և դրանց համեմատությունը մանիպուլյատիվ է։

 

Ինչ է ասել Փաշինյանը

Մարտի 14-ին տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի հերթական ասուլիսը։ Լրագրողներից մեկն ասուլիսի ընթացքում մեջբերումներ արեց Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպություն վերջին զեկույցից։ Նա, մասնավորապես, նշեց կառույցի արձանագրած մտահոգություններն այն մասին, որ Հայաստանի կառավարությունը կարող է լրտեսական ծրագրեր օգտագործած լինել լրագրողներին, այլախոհներին գաղտնալսելու համար, ինչպես նաև զեկույցից մեջբերեց այլ հատվածներ` դատական համակարգի, բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու և այլնի մասին։ 

Իր պատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, հղում անելով ԱլԳ զեկույցին, նշեց․ «Ես էլ հակառակ վիճակագրությունը բերեմ, որ Արևելյան գործընկերության զեկույցների համաձայն՝ Հայաստանը բացարձակ առաջատար է ԱլԳ երկրների շարքում անկախ դատական համակարգի, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության պաշտպանության ոլորտում, կոռուպցիայի դեմ պայքարում, և այդպես շարունակ»։

 

Ինչպես են ստեղծվում նշված զեկույցները

Նախ, հասկանանք, թե ինչ զեկույցների մասին է խոսքը, ինչ պարբերականությամբ են դրանք հրապարակվում, և ինչ մեթոդաբանությամբ է երկրների վարկանիշավորումն իրականացվում։

Freedom House-ի «Ազատությունն աշխարհում» զեկույցը հրապարակվում է ամեն տարի։ Զեկույցով վարկանիշավորվում են և՛ պետությունները, և՛ առանձին տարածքներ։ Ամեն երկիր կամ տարածք յուրաքանչյուր ցուցանիշի համար ստանում է միավորներ՝ 0-4 բալային համակարգով։ Ցուցանիշներից 10-ը վերաբերում են քաղաքական իրավունքներին, 15-ը՝ քաղաքացիական ազատություններին։

Freedom House-ը նշում է, որ նախորդ տարվա զեկույցի միավորներն օգտագործվում են որպես ընթացիկ տարվա համար հիմք, և միավորները փոխվում են միայն այնպիսի զարգացումների դեպքում, որոնց արդյունքում տվյալ ոլորտում զգալի բարելավում կամ անկում է գրանցվել: Օրինակ՝ որևէ երկրում առաջին անգամ ազատ և արդար ընտրություններ են տեղի ունեցել, ինչը համարվում է բարելավում։

Արևելյան գործընկերության (ԱլԳ) զեկույցը հրապարակվում է մի քանի տարին մեկ։ Վերջին զեկույցն անդրադառնում է  2020-ից 2021-ի կեսերն ընկած ժամանակահատվածին։ ԱլԳ նախորդ զեկույցը հրապարակվել էր 2017-ին։ 

ԱլԳ-ն վարկանիշավորում իրականացվում է ըստ երեք հիմնական կատեգորիաների՝ 

  • Ժողովրդավարություն և լավ կառավարում,
  • Քաղաքականության կոնվերգենցիա Եվրամիության հետ,
  • Կայուն զարգացում։

Ստացվում է, որ բացի ժողովրդավարական զարգացումից՝ ԱլԳ-ն հաշվի է առնում նաև երկրների եվրոպական ինտեգրման գործընթացը։ Իսկ տարբեր կատեգորիաների համար երկրները գնահատվում են 0-1 բալային համակարգով (գնահատականները կարող են լինել, օրինակ, 0․20, 0․50 ևն)։

 

Ինչ են ասում զեկույցները

Freedom House-ն իր զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածում նախ ներկայացնում է 2022-ի ամենակարևոր իրադարձությունները։ Դրանցից մեկը 2022-ին Ադրբեջանի հարձակումն է ՀՀ սուվերեն տարածքի վրա, մյուսը՝ լրտեսական ծրագրերի մասին հայտարարությունները։

Freedom House-ի գնահատման արդյունքներով Հայաստանն այս տարի հնարավոր 100-ից ստացել է 54 միավոր՝ նախորդ տարվա համեմատ 1 միավորով նահանջելով։ Այս 1 միավորը մեր երկիրը կորցրել է ֆիզիկական բռնությունից և պատերազմներից պաշտպանված լինելու բաժնում, իսկ պատճառը 2022 թ․ սեպտեմբերյան պատերազմն է։ Այս միավորներով Հայաստանը շարունակում է համարվել մասամբ ազատ երկիր։

ԱլԳ զեկույցում նախ խոսվում է այն մասին, որ վերջին զեկույցը հրապարակվել էր 4 տարի առաջ, և դրանից հետո բավականին շատ փոփոխություններ են տեղի ունեցել։ Հաայստանի մասով նշվում է, որ մեր երկիրը գլխավորում է «Ժողովրդավարություն և լավ կառավարում» վարկանիշային աղյուսակը, ինչպես նաև հինգ  ասպեկտներով առաջատարն է (բոլոր կատեգորիաների գնահատականներին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ

Քանի որ երկու կառույցների զեկույցներում էլ շատ են այն բաժինները կամ կատեգորիաները, որոնց համար երկրները գնահատվում են, անդրադառնանք միայն նրանց, որոնց մասին Փաշինյանը հիշատակեց իր խոսքում։

 

Խոսքի և կարծիքի ազատություն

Freedom House-ի զեկույցի՝ կարծիք հայտնելու ազատությանը վերաբերող բաժնում Հայաստանը 4-ից 3 միավոր է ստացել։ Այս բաժնում կրկին հիշատակվում են Meta-ի և Citizen Lab-ի՝ 2021-ի վերջին, ինչպես նաև Google-ի՝ 2022-ին հրապարակած զեկույցները, որտեղ կասկածներ են հնչել, թե Հայաստանում այլախոհները գաղտնալսվում են: Իսկ որպես դրական փոփոխություն է նշվում Քրեական նոր օրենսգրքում ծանր վիրավորանքի մասին հոդվածը չներառելը։

ԱլԳ զեկույցում Հայաստանը «Կարծիքի և արտահայտվելու, հավաքների և միավորումների ազատություն» բաժնում 6 երկրներից առաջատարն է (0.84 միավոր)։

Սակայն պետք է հաշվի առնել, որ ԱլԳ զեկույցը վերաբերում է մինչև 2021-ի օգոստոսն ընկած ժամանակահատվածին, իսկ Freedom House-ի զեկույցում հիշատակվող հրապարակումները, որոնց վերաբերում են լրտեսական ծրագրերին, արվել են 2021-ի վերջին և 2022-ին։ Դրանք, փաստորեն, չէին կարող ազդել ԱլԳ վարկանիշավորման վրա։ Ժամանակային այս տարբերությունը վերաբերելի է նաև հաջորդիվ ներկայացվող կատեգորիաներին։

Կարևոր է նաև նշել, որ հավաքների ազատության համար  Freedom House-ն առանձին բաժին ունի, որտեղ Հայաստանը ստացել է 3 միավոր։ Այս բաժնում հիշատակվում է Անկախության օրվա միջոցառման ժամանակ տեղի ունեցած ակցիան, երբ ոստիկանությունը զոհված զինծառայողների հարազատներին բռնի բերման էր ենթարկել։

 

Դատական անկախ համակարգ

Դատական անկախ համակարգի բաժնում Freedom House-ը Հայաստանին 1 միավոր է տվել։ Զեկույցում նշվում է, որ դատարանները բախվում են համակարգային քաղաքական ազդեցության, իսկ դատական ինստիտուտները խարխլված են կոռուպցիայի պատճառով․ «Հաղորդումներ կան այն մասին, որ դատավորները ստիպված են համագործակցել դատախազների հետ՝ դատավճիռ կայացնելու համար, իսկ արդարացման դատավճիռները չափազանց փոքր թիվ են կազմում: Կառավարությունը 2019-ին հրապարակել է դատաիրավական համակարգի բարեփոխումների հնգամյա ռազմավարությունը, բարեփոխումները շարունակվել են իրականացվել 2022 թ․, թեև առաջընթացը դանդաղ է»։

Զեկույցում նաև հիշատակվում են ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը և Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունը։

«Հոկտեմբերին իշխող խմբակցությունն ընտրեց ԲԴԽ երկու նոր անդամների։ Նրանց թվում էր արդարադատության նախկին նախարարը, որը նույնպես եղել է իշխող կուսակցության անդամ։ Ընտրությունները դիտարկվեցին որպես քաղաքականապես մոտիվացված»,- ասվում է զեկույցում։

ԱլԳ զեկույցում Հայաստանը կրկին առաջատար է այս կատեգորայիում  (0.71 միավոր)։

«Դատական որոշումները մնում են խոցելի ներքին և արտաքին քաղաքական ճնշումների նկատմամբ ԱլԳ անդամ բոլոր երկրներում, հատկապես երբ խոսքը վերաբերում է քաղաքականապես զգայուն և հնչեղ գործերին»,- գրել են զեկույցի հեղինակները՝ մատնանշելով, որ ի թիվս ԱլԳ մի շարք երկրների՝ Հայաստանում նույնպես արժանահավատ հաղորդումներ են եղել դատական համակարգում կոռուպցիայի մասին»։



Կոռուպցիայի դեմ պայքար

Freedom House-ի զեկույցի այս բաժնում Հայաստանը ստացել է 2 միավոր։ Զեկույցում նշվում է, որ Հայաստանում քաղաքական գործիչների, պետական ծառայողների և գործարարների միջև փոխհարաբերությունները պատմականորեն ազդել են քաղաքականության վրա և նպաստել օրենքի ընտրովի կիրառմանը․ «Բարձրաստիճան պետական պաշտոնյաների նկատմամբ հազվադեպ է հետաքննություն իրականացվում՝ չնայած նրանց պաշտոնը չարաշահելու ակնհայտ ապացույցներին: Թեև կառավարությունը հեղափոխությունից հետո փորձեց հետաքննել անցյալի սխալ արարքները և ուժեղացնել հակակոռուպցիոն մեխանիզմները, այդ միջոցառումներին զգալիորեն խանգարեցին 2020 թ․ պատերազմից հետո անվտանգային մարտահրավերները»։

Զեկույցում նաև հիշատակվում են Մնացական Մարտիրոսյանի՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելուց հետո հնչած մտահոգությունները, ինչպես նաև այն, որ Մարտիրոսյանի՝ «քաղաքական դրդապատճառներով հարուցված գործերով» մի քանի վճիռներ չեղարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։

ԱլԳ զեկույցում Կոռուպցիայի դեմ պայքարի բաժնում Հայաստանը կրկին առաջին տեղում է (0.88 միավոր)։ Զեկույցում, սակայն նշվում է․ «Չնայած Հայաստանն ամենաբարձր միավորն է ստացել, պետության հակակոռուպցիոն ջանքերում բացեր կան, այդ թվում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում պրոֆեսիոնալ կադրերի պակասը։ Պարզվել է նաև, որ կառավարության՝ ակտիվները վերականգնելու և ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու փորձերը չեն արդարացրել հանրության սպասելիքները»: 

 

Մարդու իրավունքների պաշտպանություն

Այս մասով Freedom House-ի և ԱլԳ զեկույցները համեմատելի չեն, քանի որ Freedom House-ը չունի նման առանձին կատեգորիա․ այնտեղ բաժիններ կան ազգային, կրոնական փոխքարամասնությունների, կանանց, LGBT+ համայնքի ներկայացուցիչների իրավունքների մասին։

Իսկ Փաշինյանը սխալվում է, երբ ասում է, թե ըստ ԱլԳ զեկույցի՝ Հայաստանն այս ոլորտում առաջատարն է։ Զեկույցի «Մարդու իրավունքներ և խոշտանգումից պաշտպանության» կատեգորիայում Հայաստանը երրորդն է (0.82 միավոր) և զիջում է Ուկրաինային ու Մոլդովային։ Իհարկե, զեկույցում շեշտվում է, որ Հայաստանը 2017-ի համեմատ մեծ առաջընթաց է գրանցել այս մասով։ Նշվում է նաև, որ Բելառուսում և Ադրբեջանում ՄԱԿ-ի մարդու իրավունքների պայմանագրային մարմինների որոշումները չեն իրականացվում, և ակնհայտ խնդիրներ կան Հայաստանում ու Վրաստանում ևս։ Օրինակ, Հայաստանում, Բելառուսում և Վրասանում, ըստ զեկույցի, Մարդու իրավունքների միջազգային մեխանիզմներին զեկուցելու հարցում ձգձգումներ են գրանցվել։

 

Զեկույցները համեմատելի չեն

Ամփոփելով նշենք, որ այս երկու զեկույցները համեմատեը մանիպուլյատիվ է մի քանի պատճառներով․

  • Freedom House-ի զեկույցն ամփոփում է 2022 թվականը, և այնտեղ տեղ են գտել մի շարք իրադարձություններ, որոնք օբյեկտիվորեն չէին կարող հիշատակվել ԱլԳ զեկույցում, որը ներկայացնում է իրավիճակը՝ 2020-ից մինչև 2021-ի կեսեր։
  • ԱլԳ նախավերջին զեկույցը հրապարակվել էր 2017-ին՝ իշխանափոխությունից առաջ, և տրամաբանական է, որ 2021-ի դրությամբ Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարի կամ խոսքի ազատության ոլորտներում պիտի առաջընթաց ունենար, մինչդեռ Freedom House-ի զեկույցը տարեկան է և ներկայացնում է, թե ինչպես է փոխվել իրավիճակը նախորդ տարվա համեմատ։

 

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել