ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Լաչինի միջանցքի փակման հարցով ընդդիմության հայտարարության նախագիծը |armenpress.am|
11:09 - 21 մարտի, 2023

ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Լաչինի միջանցքի փակման հարցով ընդդիմության հայտարարության նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն օրակարգ չընդգրկեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բացասական եզրակացությունը ստացած՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագիծը՝ Լաչինի միջանցքի փակման հարցով. իշխանական և ընդդիմադիր խմբակցությունները չէին կարողացել համաձայնության գալ որոշ ձևակերպումների, շեշտադրումների շուրջ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ իրականացվող ռազմաքաղաքական ագրեսիայի, ահաբեկչական ու սադրիչ քայլերի, Բերձորի (Լաչինի) միջանցքի փակման կապակցությամբ հայտարարության նախագիծն ԱԺ նիստի մեկնարկին ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը: 

«ՀՀ ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից 2022 թ դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 12-ից մինչև օրս շարունակվող Արցախի Հանրապետության շրջափակումը, որը հանգեցրել է անվտանգային, հումանիտար, տնտեսական լրջագույն  ճգնաժամի: Շրջափակման հետևանքով գոյաբանական խնդիրներ են առաջացել Արցախի 120 հազար քաղաքացիների համար: Ադրբեջանի այս հանցավոր գործողությունները հակասում են 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետին՝ ըստ որի Արցախի և Հայաստանի միջև կապն ապահովում է Բերձորի (Լաչինի) միջանցքը, որով անխոչընդոտ պետք է իրականացվի մարդկանց, մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցների տեղաշարժը»,-ներկայացրեց Թևանյանը: 

 

«Հայաստան» խմբակցությունը հայտարարությունում նշել է նաև, որ վկայակոչելով 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված համաձայնությունը և 2023-ի փետրվարի 18-ի Մյունխենում այդ համաձայնության վերահաստատումը՝ պաշտոնական Բաքուն խմբագրել է Բերձորի միջանցքի կարգավիճակին վերաբերող կարգավորումները և դիմել ագրեսիվ գործողությունների: «Այս և նմանօրինակ այլ ռազմատենչ ակնհայտ ցեղասպան նկրտումներ ունեցող գործողությունները հերթական անգամ ապացուցում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, արցախահայության կյանքի իրավունքի ապահովման գրավականը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումն , որը որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք բազմիցս հաստատվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից»,-ներկայացրեց պատգամավորը:

Հայտարարության նախագիծը կոչ է անում ՌԴ-ին կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Բերձորի միջանցքի անխափան աշխատանքն ապահովելու և ադրբեջանական նոր սադրանքները, դիվերսիաները, ահաբեկչությունները կանխելու համար: Այն կոչ է անում նաև ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներին պարտադրել Ադրբեջանին՝ կատարելու Բերձորի միջացքին վերաբերող Հաագայի դատարանի որոշումը: Հայտարարությունը նաև շեշտում է, որ ՀՀ-ն տեր է կանգնելու Սահմանադրությամբ, օրենքներով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված իր հանձնառությանը:

 

Հարակից զեկուցող Մարիա Կարապետյանն էլ նկատեց՝ հայտարարությունում կա  հետևյալ ձևակերպումը, թե Ադրբեջանը վկայակոչելով Պրահայում ձեռք բերված համաձայնությունները՝ փակել է Լաչինի միջանցքը: «Թերևս միայն այս ձևակերպման համար, այսինքն՝ Լաչինի միջանցքի արգելափակման համար նաև Հայաստանի համար պատասխանատվության բաժին սահմանելը կարող է հիմք հանդիսանալ հայտարարության տեքստի մերժման համար»,-ներկայացրեց պատգամավորը:

Այնուամենայնիվ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը խորհրդարանին առաջարկել է չմասնակցել հայտարարության նախագծի քվեարկությանը՝ այն ըմբռնմամբ, որ դեռևս դեկտեմբերի 14-ին ԱԺ-ն ընդունել է հայտարարություն՝ Լաչին միջանցքի արգելափակման վերաբերյալ, որը շարունակում է ուժի մեջ մնալ: Ըստ Կարապետյանի՝ այնուամենայնիվ, հաշվի առնելով հարցի կարևորությունը և առնվազն 2 նոր հանգամանք՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ոստիկանների սպանությունը և Հաագայի դատարանի որոշման չկատարումը՝ կարելի էր ընդունել նոր հայտարարության տեքսը՝ վերահաստատելով դեկտեմբերի 14-ի հայտարարության դիրքորոշումները և ավելացնելով նոր բաղադրիչները: Այս նպատակով առաջարկ են արել «Հայաստան» խմբակցությանը՝ փորձելու գտնել հայտարարության տեքստի փոխադարձաբար ընդունելի բառապաշար, քանի որ շատ հարցերում էլ համամիտ են: Սակայն չեն կարողացել  համաձայնության գալ հայտարարության տեքստի առանձին բառերի շուրջ:

Օրինակ՝ ըստ ընդդիմության Հայաստանը պետք է հարցերը կոշտ ներկայացնի միջազգային հանրությանը, և միջազգային հանրությունն ըստ այդմ կձևավորի իր դիրքորոշումը դրա հիման վրա: Իշխանական խմբակցության մոտեցումն այն է, որ Հայաստանն իր դիրքորոշումները պետք է ներդաշնակեցնի միջազգային հանրության դիրքորոշումների հետ, որովհետև, եթե ԼՂ հիմնախնդիրը կամ Լաչինի միջանցքի վերաբացումը լուծում ունի, ապա դա հնարավոր է այլ դերակատարների ներգրավմամբ, այսինքն՝ միջազգային հանրության ներգրավմամբ: «Հայաստանը միայնակ ի զորու չէ պայքարելու իր տարածաշրջանի դեմ: Շեշտեմ, որ ԱԺ հայտարարությունը Ալիևին ոչ զսպելու է, ոչ էլ սադրելու: ԱԺ հայտարարությունն ուղերձ է միջազգային հանրությանը, և այս հարցում կարող ենք ջանալ ձեռք բերել աջակիցներին և կարող ենք լինել անընկալելի, անըմբռնելի միջազգային հանրության համար: Մենք, բնականաբար, ընտրում ենք առաջին ճանապարհը»,-նշեց Կարապետյանը:

Իշխանությունը չմասնակցեց հայտարարության տեքստի քվեարկությանը: Այն քվեարկությամբ ստացավ 28 կողմ ձայն, այսպիսով չընդգրկվեց նիստերի օրակարգ: Սրան հետևեցին իշխանական և ընդդիմադիր պատգամավորների՝ ելույթների տեսքով հեռակա բանավեճեր:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել