«Միջնորդները միշտ որոշակի հատուկ մոտեցում են ցուցաբերել Լաչինի շրջանի նկատմամբ, Հայաստանն անընդունելի է համարել Լաչինի շրջանի վերադարձն Ադրբեջանին»․ Ալիև
14:58 - 28 մարտի, 2023

«Միջնորդները միշտ որոշակի հատուկ մոտեցում են ցուցաբերել Լաչինի շրջանի նկատմամբ, Հայաստանն անընդունելի է համարել Լաչինի շրջանի վերադարձն Ադրբեջանին»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մասիմ Մամեդովին նշանակել է «Լաչինի շրջանում նախագահի հատուկ ներկայացուցիչ»։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմից։ 

Ալիևը Մամեդովի հետ հանդիպմանը մի շարք հայտարարություններ է արել։ Նա, մասնավորապես նշել է, թե «շրջանը հսկայական ներուժ ունի և որ փախստականները երբ վերադառնան Լաչինի շրջան, պետք է հարմարավետ ապրեն Լաչինում, և Ադրբեջանը կհետևի դրան»։

Ալիևը նշել է, թե «տարիների ընթացքում բանակցությունների ժամանակ միջնորդները միշտ որոշակի հատուկ մոտեցում են ցուցաբերել Լաչինի շրջանի նկատմամբ, և Հայաստանն ընդհանուր առմամբ անընդունելի է համարել Լաչինի շրջանի վերադարձն Ադրբեջանին»։

«Չնայած նրանք չէին պատրաստվում հեռանալ մյուս շրջաններից նույնպես։ Հիմա՝ պատերազմից երկուսուկես տարի անց, սա ավելի ակնհայտ է դարձել բոլորի համար։ Միջազգային միջնորդները՝ նախկին ԵԱՀԿ Մինսկի խումբը, բանակցություններ վարելիս փաստացի փորձել են ամրապնդել այդ օկուպացիան։ Հիմա ամեն ինչ պարզ է դարձել․ Ֆրանսիայի անարդար ու բացասական վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ պատահական չէ։ Պարզապես օկուպացիայի ժամանակ ինչ-որ չափով ուզում էին դա կոծկել, այսինքն՝ մեզ շփոթեցնել։ Բայց տեսեք՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո երկուսուկես տարվա ընթացքում ինչպիսի կեղտոտ գործողություններ են արվում մեր նկատմամբ, ինչ անհիմն մեղադրանքներ են հնչում։

Այս ամենն ակնհայտ է, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ Եվրախորհրդարանի ընդունած մի շարք բանաձեւեր, որոնք դարձյալ հանդիսանում են հայամետ, կոռումպացված ու հակաադրբեջանական խմբավորումների արդյունք են, եւ այստեղ գլխավոր դեր են խաղում ֆրանսիացի պատգամավորները։ Բնականաբար, մենք դա զգացել ենք օկուպացիայի ժամանակ, բայց ոչ այդ աստիճանի։ Մենք չէինք էլ կարող պատկերացնել, որ երկրները կարող են այդքան կեղծավոր ու խաբեբա լինել։ Նրանք, նայելով մարդու երեսին, կարող են մի բան ասել, իսկ թիկունքում մեկ այլ բան անել»,- ասել է Ալիևը։ 

Ալիևը հայտնել է, թե Հայաստանի հետ սահմանամերձ Լաչինի շրջանում բոլոր ինժեներական և ամրակայման աշխատանքները գրեթե ավարտված են։

«Կառուցվել են ճանապարհներ, որոնք այնտեղ երբեք չեն եղել։ Կառուցվել են 100 կիլոմետրանոց տեղական ճանապարհներ Լաչինի և Քալբաջարի շրջաններում, ինչպես նաև դեպի մարտական դիրքեր տանող ճանապարհները։ Այնպես որ, մենք շատ բարենպաստ դիրքեր ենք ձեռք բերել ադրբեջանա-հայկական սահմանի ուղղությամբ, մենք ամրապնդվում ենք այս դիրքերում, և մնալու ենք այս դիրքերում»,- նշել է նա։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել