news.am: Երեւանի քաղաքապետարանում, այսօր՝ ապրիլի 3-ին կայացած խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ ապրիլի 1-ին գրանցված միջադեպին, երբ քարաթափում էր տեղի ունեցել մետրոյի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենը որոշ ժամանակ աշխատում էր արտակարգ ռեժիմով։
Նա տեղի ունեցածն անվանեց շատ արտառոց և վտանգավոր դեպք. «Այս դեպքը շատ մեծ հավանականությամբ կարող էր նաև զոհերի հանգեցնել։ Կարծում եմ, որ այստեղ մեր մոտեցումը պետք է լինի շատ խիստ։ Մեր շատ շինարարներ կամ առհասարակ տարբեր ոլորտի մասնագետներ, եթե նրանց կարելի է մասնագետ կոչել, իրենց աշխատանքին շատ իմիջայլոց են վերաբերվում, և այդ վերաբերմունքի հետևանքով մենք մետրոյի գծերի վրա ապրիլի 1-ին ունեցել ենք քարաթափում, որը կարող էր բերել վագոնի՝ ռելսերի վրայից դուրս գալուն, ինչն էլ իր հերթին զոհերի կարող էր հանգեցնել։
Դիմացից եկող վարորդը պատահաբար տեսել է, ահազանգել է, և մի գիծը կանգնել է։ Ես ուզում եմ խնդրել հասարակական կարգի պահպանման մեր գործընկերներին ամենախիստ ձևով պատժի ենթարկել կառուցապատողին։ Ոստիկանության մեր գործընկերներին, կարծում եմ, կարիք չի լինելու ասել, որ այստեղ կարիք կա քննության, որովհետև իսկապես վտանգավոր դեպք է տեղի ունեցել»,- ասաց Ավինյանը։
Երևանի քաղաքապետի տեղակալը հավելեց, որ այս տեսաակ վերաբերմունքը կարող է դրսևորվել նաև, օրինակ, բազմաբնակարան շենք կառուցելիս։ «Բոլոր ոլորտներում ունենք այս խնդիրը, ես ուզում եմ, որ մենք չհանդուրժենք նման վերաբերմունք, ես կարծում եմ, որ սա առաջին հերթին մեր համաքաղաքացիների շահերից է բխում»,- ասաց Ավինյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոսի փողոցի 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել էր։ «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում ապրիլի 1-ին տեղի ունեցած փլուզման հետևանքով մետրոպոլիտենը որոշ ժամանակ աշխատել է արտակարգ ռեժիմով։
comment.count (0)