Խնդրի լուծումը ՌԴ խաղաղապահների կողմից Լաչինի միջանցքում իրենց վերահսկողության վերականգնումն է ցանկացած կերպ. Ռուբեն Ռուբինյան
13:16 - 04 ապրիլի, 2023

Խնդրի լուծումը ՌԴ խաղաղապահների կողմից Լաչինի միջանցքում իրենց վերահսկողության վերականգնումն է ցանկացած կերպ. Ռուբեն Ռուբինյան

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում հստակ նշված է, որ.

Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։ Այսինքն միջանցքում զորախումբը ոչ թե կանգնած է Ադրբեջանի բանակի ու ԼՂ Պաշտպանության բանակի միջև՝ բախումներ թույլ չտալու համար, այլ իրականացնում է 5 կմ լայնությամբ տարածքի ուղիղ վերահսկողություն՝ ԼՂ և Հայաստանի միջև անխափան կապ ապահովելու նպատակով։

Համաձայն հայտարարության՝ ոչ ԼՂ-ն, ոչ ՀՀ-ն Լաչինի միջանցքում որևէ գործառույթ չունեն, որովհետև այն չի գտնվում վերջիններիս վերահսկողության ներքո։ Ադրբեջանը նույնպես նույն պատճառով միջանցքում որևէ գործառույթ չունի, բայց ունի 1 պարտավորություն՝ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»:

Այսինքն Ադրբեջանը պարտավորվել է որևէ կերպ վտանգի չենթարկել ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո գտնվող տարածքով ազատ տեղաշարժը։ (Օրինակ՝ չռմբակոծել ճանապարհը կամ ֆեյք բնապահպաններ այնտեղ չուղարկել այն արգելափակելու համար): Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումով Ադրբեջանն իր այս պարտավորությունն ակնհայտորեն խախտել է։ Արդյունքում խախտվել է նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի՝ միջանցքում վերահսկողություն իրականացնելու պարտավորությունը։ Իրավիճակի հանգուցալուծումը նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից Լաչինի միջանցքում իր լիակատար վերահսկողության վերականգնումն է՝ ցանկացած կերպ։

Հ.Գ. Փարիզում եմ ԵԽԽՎ քաղաքական և մոնիտորինգի կոմիտեների նիստերին մասնակցելու համար։ Ստեղծված իրավիճակը քննարկման թեմա եմ դարձնելու նաև այստեղ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել