Հեղափոխությունից հետո արհմիութենական կյանքում կատարված փոփոխությունների, նոր կառավարության վարած քաղաքականության թեմայով զրուցել ենք Հայաստանի պետական հիմնարկների և ՏԻՄ-երի արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանի հետ։ Հարցազրույցի առաջին մասը կարդացեք այստեղ։

-Վերջին երկու տարիներին Հայաստանում ժողովրդավարացման գործընթացների ֆոնին Դուք արհմիությունների ոլորտում նկատելի բարեփոխումներ տեսնու՞մ եք պետական քաղաքական առումով։ Գիտենք, որ այս ընթացքում մի քանի նոր արհմիություններ ստեղծվեցին։ Առաջընթաց կա՞, ըստ Ձեզ։


- Մեծ հաշվով՝ չկա։ Տեսեք՝ ինչ եղավ։ Երբ եղավ հեղափոխությունը, մարդկանց մեջ հույս արթնացավ։ Ունեինք որոշ կոլեկտիվներում փոքրաքանակ արհմիություններ, որոնք իրենց ակտիվիստների շնորհիվ մի կերպ պահպանվել էին ու սպասում էին լավ ժամանակների, և հենց այդ կոլեկտիվներից շատ աշխատողներ, որոնց հանդիպում էի հեղափոխությունից հետո, ոգևորված էին, ասում էին․ «Հիմա կկարողանանք ավելացնել մեր անդամներին, զարթոնք կլինի»։ Բայց եղավ հակառակը։ Հենց պետական ոլորտի այդ փոքր արհմիությունները ժամանակի ընթացքում փակվեցին, որովհետև եկան պետական ղեկավարներ, որոնք դեմ են արհմիության գաղափարին կամ գուցե մտածում են, որ մեզ մոտ արհմիությունն այնպիսին չէ, ինչպիսին Եվրոպայում է, և գուցե իմաստ էլ չկա, որ լինի։ Իսկ արհմիությունը չի կարող գործատուից անջատ աշխատել, և երբ արհմիության նախագահները փորձեցին այդ գործատուներին ասել՝ սկսենք համագործակցություն, այդ գործատուները վանեցին։ Իսկ սկզբի շրջանում, երբ կառավարությունը կոալիցիոն էր, երբ ԲՀԿ ներկայացուցիչները մարզպետներ էին, ընդհանրապես վերացվում էին արհմիությունները։ Երկու մարզպետարանում դեպք ունեցանք, երբ մարզպետի հրամանով արհմիությունը վերացվեց, որովհետև արգելվեց անդամավճար պահել և այլն։

Բայց նաև Ձեր ասածը կա, որ նոր արհմիություններ են սկսել ստեղծվել։ Մատենադարանի արհմիությանն անդրադառնամ, որ հենց հեղափոխական ալիքի վրա երիտասարդ գիտնականները, որոնք զգում էին, որ աշխատանքային հարաբերություններում որոշ խնդիրներ կան, որոնց իրենք չեն տիրապետում, բայց արհմիություն ստեղծելով կարող են ուսումնասիրել, իրենց շահերն առաջ տանել, ստեղծեցին այդ արհմիությունը։ Մեկ տարվա ընթացքում բավականին փորձ են կուտակել, մենք էլ իրենց հետ աշխատում էինք, օրենսդրության առումով խորհրդատվություն էինք տրամադրում, տարբեր խնդիրներ բացահայտվեցին, կարողացան որոշ խնդիրներ լուծել։ Թեև մեզ մոտ շատ դժվար է, որ ամբողջ կոլեկտիվը միավորվի, ինչպես և այս դեպքում է, կոլեկտիվի մեծ մասն ուղղակի կողքից նայում է, թե այս երիտասարդ պայքարողներն ինչի կհասնեն։ Եթե չխանգարեն լավագույն դեպքը կլինի։ Այս իմաստով, այո՛, որոշակի փոփոխություններ կան, բայց սա շատ քիչ է։

- Դուք քանիցս խոսել եք սոցիալական գործընկերության եռակողմ համակարգի ոչ բավարար արդյունավետ լինելուց, պետության հետ ունեցած պայմանագրի ոչ բավարար լավը լինելուց։ Այս առումով էլ հեղափոխությունից հետո փոփոխություն չկա՞, քննարկվու՞մ է արդյոք նոր, բարեփոխված պայմանագիր ունենալու հարցը։

- Սա ամենացավոտ հարցն է։ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան , գործատուների միությունը և կառավարությունը ունեցել են եռակողմ պայմանագիր, որի մասին, այո՛, ես միշտ ասել, որ անարդյունավետ է, բայց 100%-ով չէր անարդյունավետ։ Այն որոշակի համագործակցային տարբերակ էր, կար դեկլարատիվ պայմանագիր, որը սակայն թույլ էր տալիս, որ երեք ամիսը մեկ գործընկերները հավաքվեն, ինչ-որ խնդիրներ քննարկեն։ Շատ քիչ հարցերում ամեն դեպքում կատարում էին արհմիությունների պահանջները։ Ես պատկերացնում էի, որ հեղափոխությունից հետո պետք է նստեինք կառավարության հետ, խոսեինք և հասկանայինք՝ ինչպես ենք զարգացնելու սոցիալական գործընկերության համակարգը։ Բայց սա տեղի չունեցավ։ Նախ, կային օբյեկտիվ պատճառներ, որովհետև սկզբում կոալիցիոն կառավարություն էր, իսկ եռակողմ հանձնաժողովը ղեկավարում է ԱՍՀ նախարարը, ու մենք ունեցանք նախարարի, փոխնախարարների փոփոխություններ, և մոտ մեկ տարի ժամանակ կորցրինք։

Հետագայում հանդիպումներ եղել են սոցիալական գործընկերության շրջանակում, բայց տեսեք, թե ինչ տեղի ունեցավ։ Այդ պայմանագրի ժամկետն ավարտվում էր դեկտեմբերին, և բազմիցս ասել ենք, որ պետք է սկսել բանակցել նոր պայմանագրի համար, բայց այդ գործընթացը երկարացվեց, բանակցություն չսկսվեց, մենք հիմա հենց դրանով ենք զբաղված։ Պայմանագրի ավարտից մոտ մեկ ամիս առաջ մեզ ուղարկեցին հին պայմանագրի ձևը և գրեցին, որ խնդրում են՝ այդ տեքստի վերաբերյալ առաջարկություններ տանք։ Առաջին զարմանալի բանը սա էր։ Եթե եղել է հեղափոխություն, պետք է խոսեինք, հասկանայինք, թե ինչ ենք ուզում և գուցե ընդհանրապես նոր տեքստ մշակեինք։

Երկրորդ զարմանալի բանն այն էր, որ այդ տեքստն ուղարկվել էր միայն եռակողմ հանձնաժողովի անդամներին, այնինչ դա հանրապետության համար պայմանագիր է, կառավարության ու արհմիության բոլոր օղակները պետք է մասնակցեին քննարկմանը։ Արհմիությունների կողմից ի վերջո քննարկվեց և առաջարկություններ ներկայացվեցին, օրինակ՝ մեր արհմիությունը մոտ չորս-հինգ էջ առաջարկություն միայն տեքստի վերաբերյալ էր ներկայացրել։ Բացի դրանից առաջարկել էինք որոշ բաներ ավելացնել, օրինակ՝ Արսեն Թորսյանը, եթե հիշում եք, խոսում էր, որ մեզ պետք է առողջության ապահովագրություն, ձևը քննադատվեց, բայց որ պետք է ունենալ ապահովագրական համակարգ, երևի ոչ ոք դեմ չի լինի։ Առաջարկեցինք, որ դա լինի եռակողմ հարթակում, որ աշխատողների ձայնը ևս հաշվի առնվի։ Առաջարկեցինք նաև, որ գործազրկության նպաստը վերադառնա, որովհետև Սահմանադրությամբ մարդիկ իրավունք ունեն սոցալական ապահովության, օրենքով՝ ոչ։ Կարծում եմ՝ մեր առաջարկությունները չեն գնացել ընդհանուր կառավարություն, այլ նորից գնացել են հանձնաժողովի անդամներին։ Այնպես է ստացվել, որ ես չեմ կարողացել մասնակցել եռակողմի այդ նիստին, և այդպես անցել, գնացել է դա։

Հետո արհմիություններով մտածեցինք, որ ոչինչ, թող պայմանագրի տեքստը ստորագրվի, ըստ դրա պետք է կազմենք ժամանակացույց, այնտեղ արդեն ավելի կոնկրետ բաներ կնախատեսենք։ Բայց այդ պայմանագրի տեքստը գնաց, կորավ; Ու հիմա՝ վեց ամիս հետո, ստացել ենք պայմանագիրը․ պարզվում է, որ նոր ուղարկել են մյուս նախարարություններ, ու այնտեղից տարբեր առաջարկություններ են եկել։ Հիմա մենք դրանով ենք զբաղված։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեզ դա ուղարկել է և գրել, որ հնգօրյա ժամկետում խնդրում են՝ տանք առաջարկ, այն դեպքում, որ իրենք վեց ամիս դա ուսումնասիրում էին։ Եվ ասեմ, որ այդ ուսումնասիրությունների արդյունքները շատ վատն են։ Վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչությունը բոլոր կետերի հանդեպ, որոնք առաջխաղացում էին, բացասական կարծիքներ է գրել՝ հիմնավորելով գործող օրենքներով։

- Օրինակ, ի՞նչ առաջարկների են դեմ արտահայտվել։

- Նախորդ պայմանագրում ունեինք կետ, ըստ որի՝ օրենսդրական ակտերի նախագծերը, որոնք աշխատանքային հարաբերություններին են վերաբերում, պետք է եռակողմում քննարկվեն, ինչը նորմալ է, այդպես էլ պետք է լիներ, սակայն փակագծերում գրված էր՝ բացառությամբ հրատապ կարգով ընդունվողների։ Քանի որ ղեկավարը սոցապ նախարարն է, նախարարությունն է համակարգում այդ գործընթացը և չունի տեղեկատվություն այն իրավական ակտերի մասին, որոնք այլ գերատեսչություններն են մշակում։ Եվ երբ ինչ-որ նախագիծ ներկայացնում էր օրինակ արդարադատության նախարարությունը, ԱՍՀՆ-ն կարծես չուներ այն լիազորությունը, որ այդ հարցը բերեր քննարկման։ Մենք ասում էինք, որ սոցիալական գործընկերության ձևաչափն անարդյունավետ է և պետք է փոխվի, նաև առաջարկում էինք, որ ոչ թե սոցապը լինի համակարգողը, այլ լինի ավելի բարձր մակարդակով՝ օրինակ՝ փոխվարչապետի, որովհետև ի վերջո բոլոր գերատեսչություններից տեղեկությունները գնում են վարչապետի աշխատակազմ։ Բայց դա մերժվեց։ Գուցե խնդիրը լավ չհասկացվեց, գուցե շատ զբաղված են փոխվարչապետները։

Եվ որ գրված էր՝ բացառությամբ հրատապ կարգով, առաջարկում էինք հանել, որովհետև միշտ օգտագործվում էր, և շատ հարցեր չէին բերվում քննարկման, բայց ի՞նչ հրատապ, ո՞նց կարող է աշխատանքային հարաբերություններին վերաբերող իրավական ակտը հրատապ լինել։ Գուցե արտակարգ իրավիճակում ինչ-որ բան լինի, բայց եթե սովորական իրավական ակտ ես մշակում, հրատապի խնդիր չկա, սա ժողովրդավարության կանոն է, որ հարցը պետք է քննարկվի այն մարդկանց հետ, որոնց վրա ազդում է։ Բայց ի վերջո որոշվեց այդ կետը ևս թողնել նույնությամբ։ Սոցապից դա բացատրում էին, որ գուցե վարչապետի աշխատակազմից կամ խորհրդարանից ինչ-որ նախագիծ գա, վրան ժամկետ լինի։ Մենք ասում ենք՝ ո՛չ, դուք պետք է վերափոխվեք, պիտի ասեք, որ չի կարող ժամկետ դրվել, որովհետև մենք ունենք պայմանագիր ու պետք է քննարկենք արհմիությունների հետ։

Վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչությունն էլ ասում է՝ մենք ունենք «Իրավական ակտերի մասին» օրենք, որով հանրային քննարկում է նախատեսվում (այսինքն՝ ուղղակի e- draft-ում տեղադրել), և ամեն նախարարություն կարող է (նույնիսկ գրված չէ, որ պարտավոր է) դնել այնտեղ, էլ ինչու՞ բերել քննարկման, դուք էլ նայեք դա, գրեք ձեր առաջարկությունները։ Բայց դա լրիվ այլ բան է, եռակողմ քննարկումն՝ այլ։ Հիմա մենք պատրաստվում ենք սրա դեմ գրել, բայց հինգ օր ժամկետ ունենք, որը շատ անընդունելի է և խոսում է այն մասին, որ չգիտեն, թե ինչ բան է սոցիալական գործընկերությունը։ Ըստ իս՝ հիմա սոցիալական գործընկերության եռակողմ ձևաչափը հետընթաց է ապրում։

- Իսկ Վարչապետ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից մի առիթվ նշել էր, որ մարդիկ պետք է ձևավորեն արհմիություններ և պաշտպանեն իրենց աշխատանքային իրավունքները․․․

- Վարչապետը կառավարության նիստերից մեկում էլ ասաց, որ պետք է զարգացնենք արհմիությունների ինստիտուտը, որ ոչ թե գնանք հազար հոգու հետ մի դահլիճում քննարկենք հարցերն, այլ իրենց ներկայացուցչի հետ։ Եվ դա շատ խոստումնալից էր։ Բայց վարչապետի խոսքին միանգամից արձագանքեցին փոխվարչապետները, որ դրա կարիքը չկա, Ազգային ժողովի պատգամավորները տիրապետում են խնդիրներին։ Այսինքն՝ կա՛մ հասկացողությունը չկա, կա՛մ միտումնավոր խեղաթյուրում են, որ արհմիությանը գործիք չտան։

Այս անգամ մի քիչ սուր նամակ եմ պատրաստում, անցած անգամ հետհեղափոխական շրջանը նոր էր սկսվել, չէի ցանկանում թիրախավորել հեղափոխական թիմին, բայց հիմա արդեն այլ է, որովհետև երկու տարի անցել է, ու խնդիրը չի հասկացվել։ Ես նաև պատկերացնում էի, որ ժողովրդի վարչապետը պետք է ուզենա արհմիությունների հետ հանդիպել, բայց ոչ։ Անցած տարի՝ մայիսի 1-ին, դուրս էինք եկել փողոց, ու շատ լավ կլիներ, եթե վարչապետը միանար մեզ, լսեր, բայց նա գնաց հին ճանապարհով, գնաց «Գրանդ Քենդի»-ի կազմակերպած միջոցառմանը, որին նախկինում Սերժ Սարգսյանն էր գնում։ Գուցե էլի չկա քաղաքական կամքը։

Որոշ բաներ փոխվել է միայն այն առումով, որ հեղափոխական նոր մարդիկ կան, որոնք մեզ հարգանքով են վերաբերվում, նախկինում գուցե նաև կոպտեին։ Բայց մարդկային հարաբերություններից բացի նաև իրավական կողմը պետք է ճիշտ լինի։

Մի լավ բան էլ կա՝ կառավարությունն «Աշխատիր, Հայաստան» ռազմավարություն է ընդունել, որտեղ աշխատանքային հարաբերություններին վերաբերող բաժին կա, որում գործողությունների մեջ նշված է՝ արհմիությունների ուժեղացում, անդամների ավելացում։ Ես հաճելիորեն զարմացա, որ երբ գրել էին արհմիությունների ուժեղացում, նշել էին, որ անդամների ավելացում էլ պետք է լինի, որովհետև ի վերջո արհմիություններն ուժեղանում են, երբ շատ անդամներ ունեն, որոնք գիտակից են ու նաև անդամավճար են տալիս, որովհետև դա է արհմիության ֆինանսավորման աղբյուրը։ Սակայն, ցավոք, պետպաշտոնյաներից քչերն են ծանոթ այդ ծրագրին։

Աստղիկ Քեշիշյան