Հայաստանում արհմիությունների գործունեության, նրանց դերի, ունեցած օրենսդրական և մշակութային խոչընդոտների թեմայով զրուցել ենք Հայաստանի պետական հիմնարկների և ՏԻՄ-երի արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանի հետ
- Զարգացած շատ երկրներում արհմիությունները կազմակերպում են հզոր գործադուլներ, ակցիաներ, լուծում իրենց առջև դրված խնդիրը կամ նույնիսկ այնքան հեղինակություն ունեն, որ պետությունն ի սկզբանե հաշվի է նստում իրենց հետ, և հարցը գործադուլին չի հասնում։ Հայաստանում դա պատկերացնելն անգամ բարդ է։ Մեզ մոտ արհմիություններն ավելի հաճախ մարտիության ծաղիկներ նվիրող կամ միջոցառում կազմակերպող միավորումների համբավ ունեն։ Ինչու՞։ Որո՞նք են այն հիմնական պատճառները, որ արհմիութենական համակարգին խոչընդոտում են լինել իսկապես ուժեղ ու արդյունավետ գործող։
- Սկսեմ նրանից, թե արհմիությունն ինչ է ընդհանրապես, որովհետև մեզ մոտ հաճախ սխալ ընկալում կա։ Շատերը պատկերացնում են, թե կա արհմիությունների շենք, այնտեղ մարդիկ են աշխատում, ու այդ մարդիկ չեն արել այն, ինչ պետք է անեին։ Մինչդեռ արհմիությունները հենց աշխատողներն են, որոնք միավորվել են, որպեսզի առաջ տանեն իրենց կոլեկտիվ շահերը՝ աշխատավարձի բարձրացում, աշխատանքային պայմանների բարելավում և այլն։ Եվ եթե աշխատողները որևէ կոլեկտիվում չեն միավորվել, արհմիության մասին խոսք գնալ չի կարող։ Ես Պետհիմնարկների աշխատողների արհմիության նախագահն եմ, բայց միայնակ ոչինչ անել չեմ կարող։ Մեր ճյուղային արհմիությունն ընդամենը երեք աշխատող ունի, փորձում ենք ամեն ինչ հասցնել՝ թե՛ արհմիութենական կոլեկտիվների հետ աշխատել, իրազակել, թե՛ արհմիութենական ուսուցում կազմակերպել ակտիվիստների համար, թե՛ կազմակերպել սոցիալական միջոցառումներ, օրենսդրական փոփոխություններին մասնակցել, կոորդինացնել անդամների աշխատանքը, բայց ես նույնիսկ կարող եմ չիմանալ աշխատողների խնդիրները, եթե տեղից արհմիութենական կոլեկտիվները դրանք չբարձրաձայնեն, չցանկանան լուծել և չհամագործակցեն մեզ հետ։ Այսինքն՝ մի խնդիրներից մեկը աշխատողների գիտակցության հարցն է․ մեր երկրում մշակույթը չկա, որ աշխատողները միավորվեն ու այդպես իրենց պահանջներն առաջ տանեն։
-Ինչու՞ չկա այդ մշակույթը։
- Մենք երկար տարիներ ապրել ենք Խորհրդային միությունում, որտեղ արհմիություններն իշխանության հետ աշխատող մարմին են եղել, աշխատողները պարտավոր են եղել լինել արհմիության անդամ, անդամավճարը վճարել, արհմիություններն էլ ունեցել են պետության պատվիրակած գործառույթներ։ Արհմիությունը հավաքել է անդամավճարներն ու իրականացրել այդ գործառույթները։ Այսինքն՝ չի եղել պայքարային արհմիություն, ինչի պատճառով էլ չի ձևավորվել այդ մշակույթը։
Բացի այդ, 25 տարի ապրել ենք օլիգարխիկ պետության պայմաններում, երբ պետությունն ընդհանրապես չի ցանկացել, որ արհմիություններ լինեն, բայց, քանի որ ունեցել է միջազգային պարտավորություններ, չէր կարող ոչնչացնել դրանք, փոխարենը բալանսավորել է, որ հա՛մ լինեն, հա՛մ ուժեղանալու հնարավորություն չունենան։ Նախկինում հենց իշխանություններն էին մեսիջ ուղարկում ժողովրդին, որ արհմիությունները թույլ են։ Ես համաձայն չեմ․ արհմիությունները, տվյալ դեպքում՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ու Ճյուղային արհմիությունները, փորձել են պահպանել իրենց ներուժը, որ կուտակել էին խորհրդային ժամանակում, խնդիրներին տիրապետող մասնագետների և միջազգային փորձի օգտագործմամբ հարցեր են դրել կառավարության առջև, բայց կառավարությունը չի ունեցել քաղաքական կամք՝ դրանք իրագործելու։ Հիմա ես էլ կարող եմ ասել, որ կառավարությունն է թույլ եղել։
- Այն, որ արհմիությունների մի մասը պարզապես նվերներ գնող կառույց է, կրկին Խորհրդային Միությա՞ն հետևանքն է։ Այդ երևույթի մեջ ի՞նչ վտանգներ եք տեսնում։
- Չէի ասի, թե խորհրդային ժամանակներից է մնացած, որովհետև չեմ հիշում, թե այն ժամանակ արհմիությունների փողերով խնջույքներ անեին, բայց արհմիությունը անդամավճարով շատ սոցիալական խնդիրներ էր լուծում՝ օգնություններ, հանգստի համար ուղեգրեր էր տալիս, բայց այդ ամենը միայն արհմիության փողերով չէր, որոշ բան պետությունն էր լիազորել արհմիություններին։ Իսկ հետո, երբ փողն ունեցել են, գուցե չեն պատկերացրել՝ ինչ կարելի է անել, որոշել են նվերներ անել, ու ձևավորվել է այդ մշակույթը։ Հաճախ հատկապես պետական ոլորտում գործատուներն են դրդել այդպիսի քայլերի։ Օրինակ, պետական պաշտոնյան ուզում է աշխատողներին նվերներ անել, բայց չի ուզում անձամբ գումար ծախսել, արհմիության նախագահին ասում է․ «Դե ունենք գումար, եկեք աշխատողների մարտի ութը շնորհավորենք»։ Ու շատ դեպքերում աշխատողը կարող է նույնիսկ չիմանալ, որ արհմիությունն է դա արել։
Ամեն դեպքում, դա միայն բացասական երևույթ չէ, երբեմն այդ միջոցառումները նպաստում են, որ կոլեկտիվը համախմբվի, իսկ դա լավ է արհմիության համար։ Փորձում են այդ երևույթը շահարկել, բայց այստեղ կա մի նրբություն․ ՀՀ-ն վավերացրել է ԱՄԿ ընդունած՝ «Միավորման ազատության մասին» կոնվենցիան, ըստ որի՝ աշխատողներն ինչ կերպ, ինչի համար կուզեն՝ կմիավորվեն։ Կարող են արհմիություն ստեղծել հենց միայն նրա համար, որ անդամավճար հավաքեն և իրենց կոլեկտիվների սոցիալական խնդիրները լուծեն։ Իրենք են որոշողը։ Դրա համար, երբ ասում ենք արհմիությունը թույլ է կամ ուժեղ, պետք է հաշվի առնենք, որ արհմիությունը հենց մարդիկ են, և իրենք են որոշում ինչպիսին լինել, ինչպիսին աշխատողներն են, այնպիսին էլ արհմիություն է։
Բացասական կողմ էլ կա, որովհետև դրանից օգտվում են շատ գործատուներ, փորձում են մասնակցել ժողովներին, պարտադրել աշխատողներին, որ չլինեն ճյուղային արհմիության անդամ՝ ներկայացնելով հետևյալ կերպ․ «Դուք անդամավճար եք հավաքում, ինչու՞ դրանից ինչ-որ մաս գնա ուրիշ տեղ, չէ՞ որ կարող ենք մեր վրա ծախսել»։ Եվ քանի որ աշխատողների իրավագիտակցությունը բարձր չէ, ու նաև նրանք իրավունքների պաշտպանության շատ օրինակներ չեն տեսել, որոշում են չլինել ճյուղային միության անդամ։ Դրա հետևանքով է նաև, որ արհմիությունը թուլանում է, քանի որ դառնում է գործատուի ձեռքի տակ գտնվող ինչ-որ փակ կոլեկտիվ, իսկ քանի որ ճյուղային արհմիության հետ չկա համագործակցություն, չկա նաև արհմիութենական որևէ ուսուցում կամ ուղորդում։
- Վերադառնալով գործադուլներին՝ ինչու՞ հնարավոր չի լինում գործադուլ իրականացնել մեր երկրում։
- Առաջինը՝ էլի մշակույթի խնդիր կա, որովհետև չենք ունեցել գործադուլների իրականացման փորձ, մյուս խնդիրն օրենսդրական է։ Այս օրենքով հնարավոր չէ գործադուլ կազմակերպել, իսկ եթե այն կազմակերպվի օրենքի խախտմամբ, գործատուն կարող է դատի տալ, և գործադուլը կարող է ճանաչվել անօրինական, ու բոլոր հետևանքները, գործատուի ֆինանսական կորուստներն, ըստ օրենքի, պետք է կրի արհմիությունը։ Իսկ արհմիությունները չունեն դրա հնարավորությունը։
- Անկախությունից ի վեր օրինական որևէ գործադուլ չի՞ եղել Հայաստանում։
- Չի եղել։ Ակցիաներ են եղել, բայց արհմիություններն իրենց վրա չեն վերցրել դրանք կազմակերպելու գործընթացը, որովհետև Աշխատանքային օրենսգրքով գործադուլի կազմակերպման մեծ գործընթաց է նկարագրված։ Տեսեք, Սահմանադրությամբ ունենք գործադուլի իրականացման իրավունք, բայց ԱՕ-ով, փաստորեն, չունենք, քանի որ այնտեղ հստակ սահմանված է, թե որ դեպքերում կարելի է գործադուլ անել։ Իսկ Ձեր նշած զարգացած երկրներում արհմիություններն ըստ իրավիճակի որոշում են կազմակերպել գործադուլ, հայտարարում են դրա մասին, աշխատողներն էլ գիտեն, որ դրանով նպաստում են իրենց աշխատանքային շահերի առաջխաղացմանը և կազմակերպված դուրս են գալիս գործադուլի։ Այնտեղ ավելի շատ կանխարգելիչ գործադուլներ են իրականացվում, որ ցույց տան՝ իրենք կան, և դա արդեն զսպող մեխանիզմ է դառնում կառավարությունների ու գործատուների համար, որովհետև տեսնում են, որ աշխատողները համախմբված են։
Իսկ մենք օրենքով չունենք այդ հնարավորությունը, քանի որ ամրագրված է՝ գործադուլը իրականացվում է կոլեկտիվ վեճի լուծման նպատակով, բայց դրա իրականացումը սահմանափակվում է հաշտեցման գործընթացով։ Իսկ հաշտեցման գործընթացը ենթադրում է երկարատև քայլերի հաջորդականություն, որը ևս ամրագրված է օրենքով, դրա նվազագույն տևողությունը 21 օր է, սակայն գործնականում այն կարող է ամիսներ ձգձգվել։ Դրանից հետո միայն, եթե համաձայնություն ձեռք չբերվի, պետք է աշխատողների շրջանում փակ, գաղտնի քվեարկություն արվի, 2/3-ը պետք է կողմ արտահայտվի գործադուլին։ Հիմա կառավարությունն օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնում, և հիմնականում շեշտն այս 2/3-ի վրա են դնում, ասում են, որ միջազգային նորմերով դա մեծ թիվ է համարվում և պետք է քչացնել։ Բայց ես ասում եմ, որ դեռ երբեք դեպք չենք ունեցել, որ գործը հասնի քվեարկությանը։ Մենք նախ նախապայմանները պետք է վերացնենք։
Միջազգային փորձն էլ է ցույց տալիս, որ երբ մեկ ամիս գործընթացը ձգձգվում է, իրավիճակ է փոխվում, կուտակված դժգոհությունը ժամանակի ընթացքում մարում է, ներուժը կորում է։ Այսինքն, ունենք օրենսդրական խնդիրներ, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ մեր հիմնական խնդիրները ոչ թե օրենսդրական են, այլ մշակութային։ Շատերը ծանոթի միջոցով են աշխատանքի ընդունվել և եթե նույնիսկ տեսնում են, որ գործատուն անօրինական որոշումներ է ընդունում, չեն բողոքում, չեն ուզում մասնակցել բողոքի ակցիաներին, և համախմբում տեղի չի ունենում։
- Գործադուլներից զատ՝ արհմիությունների հիմնական լծակներից է սոցիալական գործընկերությունը։ Սրանցից ո՞րն է պայքարի առավել արդյունավետ միջոց։
- Այո՛, արհմիությունն ունի երկու գործիք, մեկը հանրային ճնշումն է, գործադուլային պայքարը, մյուսը՝ սոցիալական գործընկերությունը։ 80-ական թվականներին արհմիութենական շարժումն աշխարհում ճգնաժամ ապրեց, ակտիվացնելու համար սկսեցին դիմել փողոցային պայքարի, իսկ մինչ այդ՝ ավելի շատ օգտագործվում էր պայմանավորվածությունների՝ սոցիալական գործընկերության գործընթացը։ Այն արդեն 101 տարեկան է, ԱՄԿ-ի ներդրած, ավելի կարևոր գործիք է և, ըստ երևույթին, մեր մշակույթին ավելի հարմար։ Պայմանավորվածությամբ հաճախ ավելիին կարող ես հասնել, քան գործադուլով։ Գործադուլը կողքից երևում է, ասում են՝ տես, էս արհմիությունն ուժեղ է, դուրս է եկել, կռվում է, բայց դա ավելի շատ ուժը ցուցադրելու համար է, բայց և միշտ չէ, որ գործադուլները հասնում են իրենց նպատակին։
- Խնդրում եմ՝ ներկայացրեք, թե ինչ է այդ սոցիալական գործընկերությունը։
- Աշխատողներն իրենց ներկայացուցիչների՝ արհմիությունների միջոցով բանակցում են գործատուի հետ, պահանջներ ներկայացնում, այնքան լավ հիմնավորում դրանք կամ որոշ դեպքերում նույնիսկ ակնարկում, թե բողոքի ակցիաներ կանեն, որ գործատուի հետ կնքում են կոլեկտիվ պայմանագիր և դրանով լրացուցիչ արտոնություններ են ստանում աշխատողների համար։ Որքան գիտեմ՝ Հայաստանում որոշ ոլորտներում գործում են նման պայմանագրեր, մասնավորապես՝ մետալուրգիայի ոլորտում արհմիություններն ունեն գործատուների հետ կնքած պայմանագրեր, ըստ որոնց՝ աշխատողներն ավելի բարձր հավելավճար են ստանում, քան նախատեսված է օրենքով։
- Սակայն, ըստ Արհմիությունների մասին օրենքի, գործատուները կարող են պարզապես հրաժարվել կոլեկտիվ պայմանագիր կնքելուց։ Օրենքն այս մասով ոչինչ չի պարտադրում նրանց։
- Կարող են հրաժարվել, պայմանագիր չկնքել, այո՛, այս խնդիրը կա։ Դրա համար էլ այստեղ կարևոր է աշխատողների համախմբվածությունը։ Եթե գործատուն տեսնի, որ աշխատողներն իրենց պահանջը շարունակաբար առաջ են տանում, հնարավոր է՝ նրա համար նույնիսկ ռիսկային լինի այդ պահանջը չկատարելը։ Հեռատես, լավ գործատուն, իր շահից ելնելով, շահագրգռված է, որ աշխատողների համար լավ պայմաններ ստեղծի։ Եվ եթե այդտեղ արհմիություն կա, գործատուի համար էլ է նախընտրելի, որովհետև ոչ թե բոլոր աշխատողների հետ առանձին-առանձին է բանակցում, այլ արհմիության, գուցե՝ մեկ հոգու հետ, որը հանդես է գալիս աշխատողների անունից։
Հարցազրույցի երկրորդ մասը կարդացեք այստեղ
Աստղիկ Քեշիշյան
comment.count (0)