Ամուլսարի շուրջ ծավալվող իրադարձությունները շարունակում են մնալ հանրային քննարկման տիրույթում։ Վերջին օրերին Ջերմուկում իրավիճակը լարված է։ Սա այն բանից հետո, երբ Ամուսարի հանքը շահագործելու նպատակ ունեցող «Լիդիան» ընկերության կողմից վարձված պահնորդական ծառայությունը հեռացրեց բնակիչների տեղադրած շարժական տնակները ու փոխարենը տեղադրեց իր տնակները։ Արդեն մի քանի օր է՝ ջերմուկիցներն ու բնապահպանները ակցիաներ են իրականացնում Ամուլսար տանող ճանապարհին։ Նրանք պահանջներ են ներկայացրել կառավարությանը՝ հեռացնել պահնորդական ծառայության կողմից տեղադրված տնակները, սադրանքներ հրահրող պահնորդական ծառայությանը զրկել լիցենզիայից եւ վերջնական դիրքորոշում հայտնել խնդրի վերաբերյալ։

Թեմայի շուրջ Infocom.am-ը զրուցել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հետ։ Պատգամավորի համոզմամբ՝ ամեն ինչ պետք է անել, որպեսզի հանքը չշահագործվի․

«Ես տեղանքին շատ լավ ծանոթ եմ, եւ Սիսիան եկող բոլոր ջրերի ակունքները՝ այդ թվում նաեւ Որոտան գետի, հենց այդ հատվածներում են, եթե հանքը շահագործվի, էկոլոգիական խնդիրների առջեւ կանգնելու է ոչ միայն ամբողջ Վայոց Ձորը՝ Ջերմուկով, Արենիով հանդերձ, այլեւ ամբողջ Սյունիքը, որովհտետեւ Որոտանը ամենախոշոր գետերից մեկն է, սկիզբ է առնում հենց Ամուլսարից, գնում խառնվում Արաքսին․ սա առաջին խնդիրն է։ Բացի էկոլոգիական խնդիրները՝ այն կարծիքին եմ, որ ՀՀ-ում պետք է աստիճանաբար գնալ մյուս հանքերի փակմանը, որովհետեւ դրանք երկարաժամկետ առումով ավելի մեծ վնաս են տալիս, քան այդ ընթացքում օգուտ, այլ հարց է, եթե հանքը շահագործի հենց պետությունը, եւ ամբողջ եկամուտը ուղղվեն այլ խնդիրներին»,- ընդգծեց Գրիգորյանը։

Պատգամավորը հավելեց՝ չի ցանկանա, որ ՀՀ-ն դառնա հանքավայր։ Վերջինս նկատեց, թե տարբեր կարծիքներ կան, որ Ամուլսարի պահապանները վերջին օրերին սկսեցին ակտիվանալ, սակայն դա թյուր կարծիք է․ նրանք ավելի վաղ են սկսել իրենց պայքարը, անգամ մինչեւ հեղափոխությունը։ Գրիգորյանն ասաց, որ հետեւում է իրադարձություններին եւ Ամուլսարի պաշտպանների կողքին է։

«Հանդես եմ եկել հայարարությամբ, որ կառավարությունը կարողանա քայլեր ձեռնարկել՝ վերջնական եզրակացության գալու, այսինքն՝ ամեն ինչ անել, որ հանքը չշահագործվի։ Հայաստանը նույնպես պետք է աստիճանբար գնա հանքերի եւ կոմբինատների փակման, որովհետեւ ավելի մեծ են դրանց երկարատեւ վնասները, քան վճարած մի քանի կոպեկ հարկը»,- հավելեց Գրիգորյանը։

Անդրադառնալով ոստիկանության գործողություններին՝ պատգամավորն ասաց, որ հետեւում է նաեւ իրավապահների  միջամտությանը, եւ նշեց, որ ոստիկանությունը սկսել է շատ ակտիվորեն բռնի ուժ կիրառել։ Գրիգորյանն ընդգծեց, որ խոսքը միայն Ամուլսարում տեղի ունեցածի մասին չէ։ Պատգամավորի խոսքով՝ այս առումով մենք հետընթաց ունենք, որովհետեւ ոստիկանությունը պետք է անհամաչափ ուժ չկիրառի քաղաքացիների նկատմամբ։ Ըստ Գրիգորյանի՝ յուրաքանչյուրը կարող է իր ձայնը բարձրացնել ժողովրդավար երկրում, եւ նրա հանդեպ բռնի ուժ չպիտի կիրառվի։ 

Խոսելով այն տեսակետների մասին, թե կառավարությունը օգտագործում է արտակարգ դրության իրավիճակը՝ Ամուլսարի խնդիրը լուծելու եւ քաղաքացիների ակցիաները ճնշելու համար, պատգամավորն ասաց․

«Այդ ցույցերը սկսեցին դեռեւս այն ժամանակ, երբ Տավուշում կրակոցներ էին, երբ իրավիճակը լարված էր, եւ բոլորիս ուշադրությունը, այդ թվում՝ լրագրողների, սեւեռված էր հյուսիսային սահմանի եւ Նախիջեւանի իրադարձություններին։ Մենք հիմա չպետք է այսպես աչքաթող անենք որեւէ խնդիր՝ կնետրոնանալով ամենակարեւորների վրա։ Չեմ կարծում, թե կառավարությունը այդ աստիճանի կիջներ, որովհետեւ դա հատուկ էր նախորդ կառավարություններին, ամեն դեպում դա իմ ցանկությունն է, որ այդպես չլինի։ Եթե հիշում եք՝ այն ժամանակ հենց սահմանին կրակոցներ էին լինում, նախկին իշխանությունները նման գործողություններ էին սկսում, դա նախորդի ձեռագիրն է, որի կրկնությունը պետք է բոլորով բացառենք» ։

Գրիգորյանը նշեց, որ կառավարությունը չի կարող խնդիրը թողնել այս անորոշ, լողացող իրավիճակում։ Պատգամավորի կարծիքով՝ հարցի լուծման անընդհատ ձգձգումը կարող է իրոք բերել բախումների՝ Լիդիանի աշխատակիցների, ոստիկանության եւ բնակիչների միջեւ։ Գրիգորյանի համոզմամբ՝ խնդրի լուծումը պետք է տա կառավարությունը, պետք է վերջապես տեղից շարժվել, նորից ուսումնասիրել խնդիրը։

««Իմ քայլից» որոշ պատգամավորներ այս բանավեճերի ընթացքում ներկայացրել են, որ շահագործման դեպքում որոշակի գումարներ գնալու են հայոց բանակին եւ այլն, բայց նորից պետք է ե՛ւ սպասվելիք հարկերը , ե՛ւ առողջապահական խնդիրները, որոնց հանգելու են սերունդները, էկոխնդիրները, դրվեն նժարին։ Այսօր Ջերմուկի քթի տակ հանք շահագործելը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Եթե մենք նայենք մեր երկրի հողային ռեսուրսները, կհասկանանք, որ այլեւս ոչ մի քառակուսի մետր չենք կարող դնել հանքի տակ, բացի այդ՝ մենք գիտենք, որ Կապանի քթի տակ գտնվում է Քաջարանի պոչամբարը։ Մենք այդքան հեկտարը դարձրել ենք պոչամբար, հետեւաբար, հիմա ոչ մի թիզ հող այլեւս չպետք է դառնա հանքի զոհ՝ այն էլ օտար երկրները հարստացնելու համար»,- հավելեց պատգամավորը։

Նա ընդգծեց, որ երկար ուսումասնիրել է խնդիրը եւ հիմա հավաստիացնում է, որ հանքի շահագործման դեպքում խմելու ջրի խնդիր է առաջանալու՝ բաժակներում թունավոր ջուր է լինելու։ Ըստ պատգամավորի՝ հանքի շահագործումը, եթե անգամ այս կառավարության վերջը չլինի, ապա իշխանության վարկանիշի անկում անպայման կլինի․

«Բայց իշխանութունը չպետք է մտածի վարկանիշի մասին, որովհետեւ ցանկացած իշխանություն եւ ցանկացած քաղաքական գործիչ ժամանակավոր է։ Հավերժ է մեր երկիրը եւ շատ երկարաժամկետ վտանգվելու է քաղաքացիների առողջությունն ու մեր երկրի էկոհամակարգը։ Իշխանությունները գալու-գնալու են, ինչքան էլ ուժեղ կառչած լինեն իրենց աթոռներից, մենք նախկինում էլ դա տեսանք, մենք բոլորս պետք է մտածենք մեր երկրի եւ ապագա սերունդների մասին»,- եզրափակեց Գրիգորյանը։

Infocom.am-ը զրուցեց նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի հետ, որն ընդգծեց՝ ցանկացած պարագայում դեմ է բռնությանը, իսկ հարցի լուծումը պետք է գտնվի միայն իրավական գործընթացների արդյունքում։ Այվազյանը նշեց, որ գործող հէկերը եւ հանքերը նույնպես պետք է գործեն իրավական դաշտում եւ չվնասեն շրջակա միջավայրը՝ համապատասխան լինեն բոլոր չափորոշիչներին։ 

Խոսելով «Էլարդ» ընկերության փարձաքննության մասին՝ Այվազյանը նշեց, որ չի կարող խիստ մասնագիտական գնահատական տալ դրան, սակայն չի հերքում, որ գուցե անհրաժեշտություն կա մեկ այլ տեղ պատվիրել նոր փորձաքննություն։ Պատգամավորի կարծիքով՝ բնակիչների պահանջներն արդարացի են, եթե կասկածներ կան, պետք է փարատվեն, իսկ անհամաչափ ուժի գործադրումը բացառվի։ 

«Ես չեմ կարող ասել՝ իշխանությունը կողմ է, թե դեմ հանքի շահագործմանը, բայց այս լռությունը, ինձ համար նույնպես անընդունելի է։ Միգուցե դա կախված է նրանից, որ նոր նախարար ունենք ու դեռ լիովին չի ուսումնասիրել խնդիրը, բայց այնտեղ կան մարդիկ, որոնք նախկինում ծանոթ են եղել խնդրին, ունեն իրենց կարծիքները։ Կարծում եմ՝ այստեղ նաեւ քաղաքական կամք դրսեւորելու խնդիր կա, պետք է կառավարությունը իր դիրքորոշումը հստակ հայտնի»,- եզրափակեց Այվազյանը։

Ասպրամ Փարսադանյան