Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանի հետ զրուցել ենք պետական գնումների ոլորտում հանձնաժողովի արձանագրած խնդիրների և վերջիններիս լուծման հնարավոր ուղիների շուրջ։

- Պարո՛ն Կարապետյան, պետական գնումների ոլորտում հանդիպող խնդիրներից են հակամրցակցային համաձայնությունները՝ թե՛ տնտեվարող սուբյեկտների, թե՛ գնում հայտարարող պետական մարմինների և տնտեսվարող սուբյեկտների միջև։ Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՏՄՊՊՀ-ն վերոնշյալի կարգավորան նպատակով։ 

- Նշեցիք 2 իրավախախտում, բայց պետական գնումների գործընթացում հանդիպող իրավախախտումներն ավելի շատ են։ Կարող են լինել գերիշխող դիրքի չարաշահումներ, ինչպես նաև անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ։ Հանձնաժողովը նախկինում նման երևույթների ևս հանդիպել է։ Ինչ վերաբերում է հակամրցակցային համձայնություններին՝ ճիշտ նշեցիք, որ 2 բնույթի են լինում՝ սուբյեկտների միջև ու պետական մարմնի և սուբյեկտի միջև։ Այստեղ կարևոր է նշել, որ իրենք բնույթով իրարից էապես տարբերվող խախտումներ են։ Սուբյեկտների միջև համաձայնությունը ու դրա բացահայտման ուղիները, եղանակները լրիվ այլ մեխանիզմներ ու գործիքներ են պահանջում, իսկ պետական մարմնի ու սուբյեկտների միջև համաձայնություններն այլ գործիքներով են բացահայտվում։

Այս ուղղությամբ հանձնաժողովն աշխատանքներ իրականացնում է, ուսումնասիրվում են ինչպես ներկայացվող բողոքները, այնպես էլ հանձնաժողովի նախաձեռնությամբ ուսումնասիրվում է որոշակի ոլորտ՝ հասկանալու՝ արդյոք առկա՞ են իրավախախտումներ։

Իրավախախտման բացահայտման մեթոդների տեսնակյունից հանձնաժողովը հիմա աշխատանքներ է իրականցնում։ Փորձում ենք կիրառել այլ միջազգային հարթակներում օգտագործվող մեթոդները ու համագործակցել ծրագրերի շրջանակներում, որոնք, այսպես ասած, ինտեգրում են գնումների համակարգը սպասարկող ծրագրերին և որոշակի ալգորիթմների միջոցով բացահայտվում են գնումների ռիսկային գործընթացները։ Այդտեղից էլ փորձում ենք բացահայտել հնարավոր հակամրցակցային համաձայնությունները։

Այս պահին ընթանում են հանձնաժողովի էլեկտրոնային հարթակի ձևավորման աշխատանքները, և փորձում ենք արդեն միանգամից ինտեգրել գնումների գործընթացում խնդիրների բացահայտման ավտոմատացված համակարգ, որպեսզի հնարավոր լինի գնման ավելի շատ ընթացակարգեր ուսումնասիրել։

Մենք մեծ քանակի գնումների գործընթացի շրջանակից պետք է հնարավորություն ունենանք զտել այն գործընթացները, որոնք մրցակցության տեսանկյունից խնդրահարույց չեն։ Այսինքն՝ մենք պետք է թողնենք միայն նրանք, որոնք խնդիր են պարունակում։ Օրինակ՝ մենք փորձում ենք բացահայտել 2 կազմակերպության միջև հնարավոր հակամրցակցային համաձայնություն, պետք է փորձենք համակարգի միջոցով հետևել միայն այդ երկու կազմակերպության մասնակցությամբ իրականացված գործընթացներին և հասկանալ, թե ինչո՞ւ են, օրինակ, կազմակերպությունները հերթականությամբ հաղթող ճանաչվում տարբեր մրցույթներում, կամ ի՞նչ մեխանիզմ, ի՞նչ համաձայնության էլեմենտներ են գործում տնտեսվարող այդ սուբյեկտների միջև։ Կամ տնտեսվարող սուբյեկտների առաջարկած գինը ի՞նչ չափանիշով կարող է որոշվել․ մի դեպքում 2 օրվա կտրվածքով ներկայացվում է շատ էժան գին, մի քանի օրից՝ շատ բարձր գին։ Կամ ինչո՞ւ մի սուբյեկտը որևէ տարածքում ընդհանրապես չի մասնակցում գնումների գործընթացին, իսկ դրա փոխարեն իր մրցակից սուբյեկտը մասնակցում է, և հակառակը՝ նա էլ չի մասնակցում մյուս սուբյեկտի հաղթած գնումների գործընթացներին։

Տարբերակները, որոնց շուրջ աշխատում ենք, բազմաթիվ են։ Նաև միջազգային համագործակցություն կա, որպեսզի ավելի կատարելագործենք։

- Անդրադառնանք տեխնիկական բնութագրերի սահմանափակ և հակամրցակցային լինելուն։ Արդյոք խնդիրը միայն մրցակցության խախտո՞ւմն է, թե՞ այլ խնդիրներ ևս առկա են։

- Տեխնիկական բնութագրերի դեպքում 2 խնդիր կա՝ կամ շատ մանրամասն են նշվում, կամ շատ ընդհանրական։ Նշված 2 դեպքում էլ մենք խնդիր ունենք, եթե շատ մանրամասն է նշվում, ուրեմն որևէ տնտեսվարող սուբյեկտի ուղղորդում է պարունակում, իսկ եթե շատ ընդհանրական է, սուբյեկտները պատկերացում չեն ունենում տվյալ գնման գործընթացի վերաբերյալ, և այստեղ գործում է այլ մեխանիզմով տեղեկություն ստանալու եղանակով մրցույթներին հաղթելը։ Այսինքն՝ փորձում են այլ ճանապարհով իմանալ մրցույթի իրական տեխբնութագիրը։ Երկու դեպքում էլ ուղղորդում կա․ պետական մարմինը ցանկություն ունի կոնկրետ սուբյեկտի հետ կնքել պայմանագիրը։ Բայց կան նաև դեպքեր, երբ առկա է գնումը կազմակերպող պատվիրատուի համապատասխան աշխատակիցների մասնագիտական խնդիր։ Տեխնիկական բնութագիրը կազմելիս պետք է ավելի պրոֆեսիոնալիզմ դրսևորեն, սակայն լինում են դեպքեր, երբ ոչ պրոֆեսիոնալիզմ է լինում։ Ամեն դեպքում, միշտ կապել մրցակցության խախտման հետ՝ ճիշտ չէ։

Այս առումով հանձնաժողովը ևս ուսումնասիրում է մրցույթներ, և փորձում ենք հասկանալ՝ կարո՞ղ են լինել տնտեսական մրցակցության խախտման դրսևորումներ։ Հանձնաժողովն արդեն մի քանի դեպք բացահայտել է, որոշում կայացրել է, օրինակ՝ Հերացու անվան բժշկական համալսարանի, Դատական դեպարտամենտի հայտարարած մրցույթներում հանձնաժողովը տեխնիկական բնութագրերի հետ կապված խնդիրներ հայտնաբերել և հրապարակել է։

- Տեխնիկական բնութագրերից զատ՝ ի՞նչ այլ խնդիրներ է առանձնացրել ՏՄՊՊՀ-ն, որոնք հավասար մրցակցություն չեն ապահովում պետական գնումներին մասնակից ընկերությունների միջև։ 

- Գերիշխող դիրք ունեցող սուբյեկտը, որը շուկայում ունի ազդեցություն, կարողանում է նաև գնման գործընթացներում չարաշահել իր դիրքը։ Այսինքն՝ ասում է այնպիսի գին, որն իր մրցակից տնտեսվարող սուբյեկտները չեն կարող ներկայացնել։ Հանուն արդարության նշեմ, որ վերջին տարիներին հանձնաժողովի ուսումնասիրությամբ նման դեպքեր չեն հայտնաբերվել։ Ամեն դեպքում՝ մենք չենք բացառում, որ այդպիսի դեպքեր հիմա կարող են տեղի ունենալ։

- Պարո՛ն Կարապետյան, և վերջում անդրադառնանք հանձնաժողովի աշխատանքային ռեսուրսներին։ Արդյոք վերջիններս բավարա՞ր են շուրջ 3500 պետական պատվիրատուների իրականացրած գնումների ուսումնասիրման համար։ Ուսումնասիրությունները սովորաբար ի՞նչ ընտրանքով են իրականացվում։

- Նշեմ, որ ռեսուրսի խնդիր ունենք, նման քանակի գնում ուսումնասիրել հնարավոր չէ։ Դրա համար վերոնշյալ ծրագրային ապահովումը կարող է որոշակի լուծում լինել այս հարցում։ Հանձնաժողովի ուսումնասիրելիք ընտրանքը որոշվում է ոչ թե համապատասխան պետական մարմնով, այլ ավելի շատ ապրանքային շուկայով, այսինքն՝ ո՞ր շուկան նայել, ո՞ր ապրանքատեսակը նայել, և սա էլ բխում է հանձնաժողովի ընդհանուր բնույթի ուսումնասիրություններից։ Այսինքն՝ եթե հանձնաժողովն ուսումնասիրում է մի շուկա, ուսումնասիրում է նաև այդ շուկային առնչվող գնումների գործընթացը, որպեսզի շուկայի վերաբերյալ ամբողջական պատկերացում լինի։ Բայց կարող են լինել նաև բողոքներ, հնարավոր չարաշահումների վերաբերյալ կարծիքներ, մամուլի հրապարակումներ, և հանձնաժողովն արդեն կոնկրետ մարմնի կամ կոնկրետ գնման գործընթաց ուսումնասիրի, փորձի հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունենում տվյալ մարմնում կամ սուբյեկտների մասնակցությամբ գնումներում։ Ընտրանքը հիմնականում բազմազան է, և հանձնաժողովի ընտրությունը պայմանավորվում է շուկաներով։ 

Արփի Ավետիսյան