Էնթոնի Բլինքեն

էնթոնի Բլինքենն Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարն է։ Այդ պաշտոնը զբաղեցնում է 2021-ից։

Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին

Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին

«Հունվարի 14-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեցին ԱՄՆ-Հայաստան Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի բացման մասին՝ դրանով նշանավորելով մեր երկկողմ հարաբերությունների վերջին հանգրվանը»,- նշում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից՝ անդրադառնալով նախօրեին ստորագրված փաստաթղթին։ «Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ, իսկ երկկողմ համագործակցությունը արտացոլում է մեր համատեղ հանձնառությունը՝ առավել կայուն, խաղաղ, անվտանգ ու անկախ Հարավային Կովկաս ունենալու։ Այսօրվա դրությամբ՝ Միացյալ Նահանգները ՀՀ-ում շուրջ 3,3 մլրդ դոլարի ներդրում են արել՝ հաջակցություն ժողովրդավարական բարեփոխումների, տնտեսական աճի և կայունության, հումանիտար օգնության, այդ թվում՝ 2021-ից սկսած տրամադրված 340 մլն դոլարը։ Մեր գործընկերությունը հիմնված է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա, մենք միասին աշխատում ենք տնտեսության, անվտանգության ու պաշտպանության ոլորտներում մեր համագործակցության ընդլայնման, ժողովրդավարության ամրապնդման, արդարադատության ու ներառականության, մարդկանց միջև փոխանակման ընդլայնման ուղղությամբ»,-- հայտնում են դեսպանությունից։
Այսօր 10:16
Միրզոյանն ու Բլինքենը անդրադարձել են Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակին

Միրզոյանն ու Բլինքենը անդրադարձել են Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակին

Հունվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպումը հաջորդել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրմանը։ Զրուցակիցներն երկուստեք ընդգծել են երկու երկրների միջև Ռազմավարական գործընկերության հաստատման կարևորությունը՝ որպես հարաբերությունների խորացման պատմական հանգրվան և համատեղ նոր ձեռքբերումների ապահովման առհավատչյա։ Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը քննարկել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության հետագա խորացմանը միտված օրակարգային հարցերն, ընթացիկ աշխատանքներն ու հետագա հնարավոր քայլերը։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը երկու երկրների միջև վերջին տարիներին դինամիկ համագործակցության և փոխադարձ ամուր հանձնառության արդյունքն է։ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Էնթոնի Բլինքենին կանոնադրության ստորագման, ՀՀ-ԱՄՆ երկկողմ փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ ներդրման, ինչպես նաև ՀՀ-ին ցուցաբերված աջակցության համար։ ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարն անդրադարձ են կատարել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատմամբ ընձեռնվող ոլորտային համագործակցության նախաձեռնություններին և նոր հնարավորություններին՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ու տնտեսական զարգացմանը։ Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը միտված գործընթացին։ Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակին, խաղաղության հաստատման հնարավորություններին, ինչպես նաև առկա մարտահրավերներին և դրանց արդյունավետ հաղթահարման ուղղությամբ ջանքերին: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ լիակատար հարգանքը, ինչպես նաև տնտեսական զարգացման կարևորության գիտակցումը դրված են ՀՀ կառավարության տեսլականի հիմքում և կշարունակեն մնալ հետագա քայլերի հիմնական ուղենիշ։
Այսօր 10:05
Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը

Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը

Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը։ ՀՀ կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ կողմից՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Կանոնադրության ամբողջական տեքստը։ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրություն Նախաբան Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները՝  Հաստատում են իրենց բարեկամական և ռազմավարական գործընկերության հարաբերությունների կարևորությունը: Նպատակադրվում են խորացնել իրենց գործընկերությունը՝ ի շահ երկու երկրների,  և ընդլայնել համագործակցությունը փոխադարձ առաջնահերթությունների լայն շրջանակում:  Ընդգծում են, որ երկու ժողովրդավարական երկրների միջև այս  համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների և համատեղ շահերի վրա: Դրանք  ներառում են  ժողովրդավարության և տնտեսական ազատության  առաջխաղացումը, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը, օրենքի գերակայության ու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման ամրապնդումը, աջակցությունը նորարարությանն ու տեխնոլոգիական առաջընթացին, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ամրապնդումը: Ընդգծում են իրենց փոխադարձ ցանկությունը՝ ամրապնդելու հարաբերությունները  դիվանագիտական, տնտեսական, էներգետիկ, բարձր տեխնոլոգիական, կրթական, գիտական, մշակութային, իրավական, պաշտպանության  և անվտանգության  ոլորտներում:  Բաժին I․ Գործընկերության սկզբունքները  Սույն կանոնադրությունը հիմնված է երկու կողմերի համար ընդհանուր հիմնարար սկզբունքների և համոզմունքների վրա:  Միմյանց ինքնիշխանության,  անկախության,  և տարածքային ամբողջականության աջակցությունը երկկողմ հարաբերությունների հիմքն է: Կողմերի բարեկամությունը բխում է ժողովրդավարական արժեքների ընդհանուր հանձնառությունից և համոզմունքից, որ ժողովրդավարությունը, քաղաքական լեգիտիմության և, հետևաբար, կայունության գլխավոր հիմքն է: Ժողովրդավար գործընկերների միջև համագործակցությունը կնպաստի խաղաղության և կայունության խթանմանը: Ուժեղ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը, որն ի զորու է պաշտպանել իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը՝ առանցքային է տարածաշրջանային տևական անվտանգության և բարգավաճման համար։ Հայաստանի շարունակական ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումները  կարող են լիարժեքորեն բացահայտել իր աշխատասեր քաղաքացիների ողջ ստեղծագործական ներուժը`  դրանով իսկ խթանելով բարգավաճումը տարածաշրջանով մեկ  և  դրանից դուրս: Միացյալ Նահանգներն  ողջունում է Հայաստանի ջանքերը՝  խորացնելու իր քաղաքական, տնտեսական, անվտանգության և սոցիալական կապերը եվրաատլանտյան համայնքի այլ երկրների և ժողովրդավարական լայն համայնքի հետ:   Արժանապատիվ և հարատև խաղաղությունը հիմնարար է Հարավային Կովկասի առավել կայուն և բարեկեցիկ ապագայի համար: Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, այդ թվում՝ սահմանազատման գործընթացին՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝  հիմնվելով երկրների ինքնիշխանության և իրավազորության վրա։ Հաշվի առնելով, որ ապրանքների և մարդկանց տեղաշարժը երկրի սահմաններից դուրս հանգեցնում է հարևանների միջև փոխկախվածության և փոխշահավետ հարաբերությունների, Միացյալ Նահանգները նաև նպատակադրվում է շարունակել խրախուսել Հայաստանի և նրա հարևանների միջև հարաբերությունների կարգավորումը: Բաժին II․ Տնտեսական, առևտրային, տրանսպորտային և էներգետիկ համագործակցություն  Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ընդլայնել համագործակցությունը` նպաստելու աշխատատեղերի ստեղծմանն ու  տնտեսական աճին, աջակցելու տնտեսական/շուկայական բարեփոխումներին և ազատականացմանը, խթանելու տրանսպորտային հաղորդակցությունը, բարելավելու երկկողմ գործարար միջավայրը և ապահովելու ապրանքների ու ծառայությունների շուկայական  հասանելիությունը։ Կողմերը գիտակցում են, որ արդար, աշխատողակենտրոն ու կայուն առևտուրն էական  է մատակարարումների դիմակայուն շղթաները, հավասարաչափ զարգացումը, ազատությունն ու բարեկեցությունն առաջ մղելու համար: Միացյալ Նահանգներն աջակցում է համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու Հայաստանի ջանքերին:  Ընդունելով առևտրի և ներդրումների ավելացման կարևորությունը տնտեսական աճի և զարգացման գործում՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ուսումնասիրել երկկողմ առևտրի և ներդումների ավելացման ռազմավարական հնարավորությունները: Հաշվի առնելով կենսունակ, դիմակայուն և անվտանգ շուկայակենտրոն էներգետիկ ոլորտի կարևորությունը՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ուսումնասիրել Հայաստանի էներգիայի արտադրության և մատակարարումների բազմազանեցման և աճի հնարավորությունները: Սա ներառում է քաղաքացիական միջուկային էներգիայի ծրագրի զարգացում՝ միջուկային ապահովության, անվտանգության և չտարածման բարձրագույն ստանդարտներին համաձայն, էներգետիկ անվտանգության և արդյունավետության խթանման ջանքեր, այդ թվում՝ Հայաստանի էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի աղբյուրների մասնաբաժնի զգալի աճ,   ինչպես նաև  տարածաշրջանային ու եվրոպական շուկաների հետ Հայաստանի էներգետիկ կապակցվածությանն ուղղված միջոցառումներ: Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են աշխատանքային խումբ նախաձեռնել՝ ամրապնդելու երկակի օգտագործման ապրանքների արտահանման վերահսկողության կիրարկումը, համադրելու քաղաքականության շրջանակները և փոխանակելու տեղեկատվությունը: Հայաստանը  և Միացյալ Նահանգները նաև մտադիր են համատեղ երկխոսություն նախաձեռնել՝ ԱՄՆ Առևտրի քարտուղարության արտահման վերահսկվող տեխնոլոգիաներին Հայաստանում գործող վստահելի ընկերությունների կողմից առավել մեծ հասանելիության շուրջ: Հասկանալով առևտրի բազմազանեցման կարևորությունը պարենային անվտանգության խնդրի հասցեագրման և տնտեսական աճի խթանման գործում՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ուսումնասիրել համագործակցության հնարավորություններն այն ոլորտներում, որոնք կաջակցեն գյուղատնտեսական ապրանքների առևտրի միջավայրի ամրապնդմանը: Հաշվի առնելով Հայաստանի՝ դեպի ծով ելք չունենալը, և համաշխարհային առևտրային շուկաներին սահմանափակ հասանելիության պատճառով առաջացած բազմաշերտ մարտահրավերները,  Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են խորացնել hամագործակցությունն՝ ուղղված Հայաստանի ինտեգրմանը առավել լայն տարածաշրջանային տրանսպորտային ցանցերին և կապակցման նախաձեռնություններին, մասնավորապես՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի` ամուր քաղաքական աջակցության և դրա խթանման միջոցով:  Բաժին III․ Պաշտպանություն և անվտանգություն  Միացյալ Նահանգները սատարում է անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանին: Հարավային Կովկասում խաղաղությունն առանցքային է Հայաստանի և տարածաշրջանի շարունակական տնտեսական աճի և ժողովրդավարական զարգացման համար: Պաշտպանության և անվտանգության ոլորտներում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցությունը շահավետ է ինչպես երկու երկրներին, այնպես էլ տարածաշրջանին։ Հաշվի առնելով համաշխարհային խաղաղության և կայունության սպառնալիքների տևականությունը՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ընդլայնել իրենց պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը, այդ թվում՝ առաջիկա տարվա ընթացքում նախաձեռնելով երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ, և մասնագիտական ռազմական ուսուցման միջոցով՝ աջակցել Հայաստանի զինված ուժերին: Միացյալ Նահանգները գնահատում է Հայաստանի կարևոր ներդրումը Աֆղանստանում, Իրաքում, Կոսովոյում, Լիբանանում և Մալիում խաղաղապահ ջանքերում: Եվրաատլանտյան կառույցներին Հայաստանի ինտեգրման խորացումը երկկողմ առաջնահերթություն է, և կողմերը նախատեսում են ընդլայնել անվտանգության ոլորտում  համագործակցությունը և բարեփոխումների ծրագրերն՝ ուղղված Հայաստանի փոխգործունակության աճին և պաշտպանության ամրապնդմանը: Հաշվի առնելով զանգվածային ոչնչացման զենքի տարածման վտանգը՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են ուսումնասիրել զանգվածային ոչնչացման զենքի և վտանգավոր տեխնոլոգիաների տարածման դեմ պայքարի միջոցները՝ միջազգային չտարածման չափանիշներին համապատասխանելու, արտահանման վերահսկողության արդյունավետ կիրառման և վերահսկողության ամրապնդման միջոցով: Այդ նպատակով Միացյալ Նահանգները մտադիր է աջակցել Հայաստանի սահմանապահ զորքերի և Պետական եկամուտների կոմիտեի կարողությունների զարգացմանը: Հաշվի առնելով կառավարությանը, բիզնեսին և հասարակությանը վնասակար կիբեռդերակատարների կողմից տևական սպառնալիքը՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են աշխատել նորարարական, անվտանգ և մարդու իրավունքները հարգող թվային ապագայի ուղղությամբ: Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են շարունակել առկա կամ նոր կիբեռսպառնալիքների վերաբերյալ կանոնավոր խորհրդակցություններ կազմակերպել: Միացյալ Նահագները մտադիր է շարունակել իրավունքները հարգող կառույցների խթանումը, այդ թվում՝ Ներքին գործերի նախարարարության և իրավապահ գերատեսչությունների բարեփոխումներին և արդիականացմանն ուղղված Հայաստանի ջանքերին աջակցության միջոցով: Ակնկալվում է, որ նման աջակցությունը կներառի ոստիկանական կրթություն և այլ միջոցառումներ՝ ապահովելու հանրային անվտանգությունը, չարաշահումների համար պատասխանատուներին հետաքննելու և պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև անդրազգային հանցագործության և կոռուպցիայի դեմ պայքարելու համար:  Բաժին IV․ Ժողովրդավարության, արդարադատության և ներառման ամրապնդում Հաշվի առնելով մինչ այժմ Հայաստանի նշանակալի ձեռքբերումները՝ մեր երկու երկրները հանձնառու են համատեղ աշխատանքներ տանել՝ անկողմնակալ, անկախ դատական ոլորտի ամրապնդման միջոցով օրենքի գերակայությունը խթանելու, խոսքի ազատությունը, այդ թվում՝ լրատվամիջոցների, լավ կառավարումը և հաշվետվողականությունը, հանրային կառավարման բարեփոխումները, արդար և թափանցիկ ընտրական մրցակցությունը, ազատ և ակտիվ քաղաքացիական հասարակությունը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ, ինչպես նաև Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերն ավելի ամրապնդելու համար:  Հայաստանը և Միացյալ Նահանգները ծրագրում են համագործակցել՝ ամապնդելու անկախ լրատվական միջոցները, խոսքի ազատությունը և անաչառ լրատվության ու տեղեկատվության հասանելիությունը։ Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են համագործակցել օրենքի գերակայության խթանման և այդ ոլորտում քաղաքականության մշակման գործընթացների առաջմղման նպատակով Հայաստանի ջանքերն ամրապնդելու ուղղությամբ, այդ թվում՝ աշխատանքներ տանելով դատական մարմինների անկողմնակալության և անկախության, հանրային վստահության և թափանցիկության, ինչպես նաև՝ վեճերի կարգավորման այլընտրանքային մեխանիզմների զարգացման ուղղություններով: Իրավապահ ոլորտի և դատական իշխանության  հարաբերությունների, ինչպես նաև հանցագործությունների կանխարգելման և քրեական արդարադատության ինստիտուցիոնալ շրջանակի ամրապնդման միջոցով կողմերը մտադիր են հասցեագրել ընդհանուր անդրազգային քրեական սպառնալիքները, ինչպիսիք են՝ ահաբեկչությունը, կազմակերպված հանցավորությունը, մարդկանց թրաֆիքինգը և թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, փողերի լվացումը ու կիբեռհանցավորությունը: Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են համագործակցել Հայաստանի հակակոռուպցիոն նախաձեռնությունների ու ջանքերի, և այս ոլորտում քաղաքականության մշակման ուղղությամբ, այդ թվում՝ աշխատանքներ տանելով հակակոռուպցիոն կառույցների և հանրային ծառայությունների բոլոր ոլորտներում բարեվարքության  ամրապնդման ուղղությամբ։ Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության իրավական և կանոնակարգող շրջանակները բարելավելու և մարդու իրավունքների պաշտպանության կառույցներն ամրապնդելու նպատակով համատեղ աշխատանքներ տանել: Միացյալ Նահանգները նախատեսում է աջակցել Հայաստանին՝ խտրականության դեմ պայքարի իրավական դաշտի ընդլայնմանն ուղղված աշխատանքներում: Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են  թափանցիկության և հաշվետվողականության աճի, հանրային կառավարման բարելավման, բարեփոխումների վերաբերյալ արդյունավետ հաղորդակցության, կառավարության տեղեկատվությանը քաղաքացիների և զանգվածային լրատվամիջոցների  հասանելիության ընդլայնման միջոցով աշխատանքներ տանել Հայաստանում լավ կառավարումը խթանելու համար:  Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են համատեղ աշխատանքներ տանել Հայաստանում քաղաքական բազմակարծության և թափանցիկ, արդար քաղաքական մրցակցության աճի ապահովման ուղղությամբ։ Ընդ որում, մրցունակ ընտրական միջավայր ստեղծելու նպատակով՝ խրախուսել քաղաքական կուսակցությունների, ուղեղային կենտրոնների և ոչ կառավարական կազմակերպությունների զարգացումն` աջակցելով նրանց մասնակցությունն օրենսդրության մշակմանը և բարեփոխումների իրականացմանը։  Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են համատեղ աշխատանքներ տանել՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության՝ հանրային քաղաքականության մշակման և վերլուծության, քաղաքացիների շահերի առաջմղման, օրենսդրական գործընթացներին մասնակցության և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վերահսկողության ապահովման կարողությունները ամրապնդելու նպատակով։ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են կյանքի կոչել Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում ստանձնած հանձնառությունները: Միացյալ Նահանգները նախատեսում է աջակցել Հայաստանին՝ Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի բոլոր ձևերի կանխարգելման և դրանց դեմ պայքարի ծրագրի իրականացման գործում:  Հաշվի առնելով, որ Հայաստանը 2023թ. սեպտեմբերից ի վեր բախվել է տեղահանման  ճգնաժամի՝ Միացյալ Նահանգները նախատեսում է շարունակել աջակցել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականներին օգնություն տրամադրելու գործընթացում։ Բաժին V․ Մարդկային կապերի և մշակութային փոխանակումների խթանում  Հայաստանը և Միացյալ Նահանգները ցանկանում են խթանել մարդկային կապերը, այդ թվում՝  ամերիկահայ համայնքի միջոցով, և ընդլայնել մշակութային, ստեղծագործական, կրթական, գիտական և մասնագիտական փոխանակման ծրագրերը, որոնք  նպաստում են  ժողովրդավարության, ժողովրդավարական արժեքների և օրենքի գերակայության ու փոխըմբռնման խթանմանը։  Հաշվի առնելով Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների միջև կապերի աճի կարևորությունը՝ կողմերը նախատեսում են խթանել հետագա մշակութային ու հասարակական փոխանակումներն և գործունեությունն այնպիսի նախաձեռնությունների միջոցով, ինչպիսիք են Ֆուլբրայթ ծրագիրը, Ապագա առաջնորդների փոխանակման ծրագիրը (FLEX), Բակալավրիատի փոխանակումը (UGRAD), Օրենսդրական կրթությունը և փորձառությունը (LEAP), Միջազգային այցելու առաջնորդության ծրագիրը (IVLP), Անգլերեն լեզվի դասավանդման և ուսանելու ծրագիրը, և այլք: Ընդգծելով նորարարության և շարժունակության անհրաժեշտությունը երկու երկրների ապագայի համար՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են խթանել բարձրագույն կրթության, բիզնեսի և գիտական հետազոտության ոլորտներում համագործակցության աճը: Միացյալ Նահանգները նախատեսում է դյուրացնել ԱՄՆ մուտքի արտոնագրերի համար դիմումների ներկայացման գործընթացը՝ ԱՄՆ օրենսդրության և ընթացակարգերի համաձայն, այնպես, որ մշակութային, կրթական, բիզնես և գիտական գործունեություն ծավալող որակավորված անձանց մասնակցության հնարավորություն տրվի։ Հայաստանը և Միացյալ Նահանգները գնահատում են Հայաստանի Ակադեմիական քաղաքի ներուժը՝ որպես ակադեմիական համագործակցության և նորարարությունների հանգույց, որն առաջ է մղում կրթության և հետազոտության ոլորտներում ընդհանուր նպատակները: Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են սատարել Հայաստանում մշակութային ժառանգության պահպանմանն  ուղղված համատեղ նախաձեռնությունները:
Այսօր 09:57
Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում այսօր արձանագրում ենք նշանակալի անկյունաքարային ձեռքբերում. Բլինքեն

Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում այսօր արձանագրում ենք նշանակալի անկյունաքարային ձեռքբերում. Բլինքեն

Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում այսօր արձանագրում ենք նշանակալի անկյունաքարային ձեռքբերում՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման ժամանակ: «Կարճ ժամանակհատվածում հսկայական և արդյունավետ աշխատանք ենք իրականացրել՝ հրաշալի գործընկերային հարաբերությունների ներքո: Այսպիսով, Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում կարողանում ենք արձանագրել նշանակալի անկյունաքարային ձեռքբերում՝ ստեղծում ենք ռազմավարական գործընկերույթան հանձնաժողով»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը: Բլինքենի խոսքով՝ այդ հանձնաժողովը մի շարք կարևոր ոլորտներում երկկողմ փոխգործակցությունն ընդլայնելու շրջանակ է հաղորդում՝ պաշտապանական և անվտանգության, տնտեսական, ժողովրդավարության և արդարադատության, ներառականության և միջանձնյա հարաբերությունների ոլորտներում: ԱՄՆ պետքարտուղարը նշել է՝ համընդհանուր շահերի ներքո այս փաստաթուղթը հանդիսանալու է երկկողմ հարաբերությունների առանցքը:  Անդրադառնալով հայ-ամերիկյան տնտեսական և էներգետիկ ոլորտում գործակցությանը՝ Բլինքենն ասել է. «Այս պահին բանակցությունները տանում ենք դեպի խաղաղ միջուկային անվտանգության և ատոմային էներգետիկայի ոլորտ»: Բլինքենը նշեց, որ ԱՄՆ–ն Հայաստանի հետ աշխատում է նաև անվտանգության և պաշտպանության ոլորտում՝ մասնավորապես` Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը սեփական տարածքում պաշտպանելու ջանքերին աջակցելու համար: «Հաջորդ ամիս, առաջիկա շաբաթներին, Հայաստան կմեկնի մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ՝ աշխատելու հայ գործընկերների հետ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման, անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման և Հայաստանի խաղաղապահ կարողությունների բարձրացման ուղղությամբ` «Արծիվ գործընկեր»-ի նման զորավարժությունների միջոցով»,–ասաց Բլինքենը:   
23:12 - 14 հունվարի, 2025
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվեց ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվեց ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը

Վաշինգտոնում այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը։ Այն ստորագրեցին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Փաստաթղթի ստորագրումից առաջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես եկավ ելույթով, որտեղ նշեց, որ Հայաստանը խորապես գնահատում է ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը Հայաստանի անկախությանն, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը հանձնառու է շարունակել սերտ համագործակցությունն ԱՄՆ-ի հետ: Նախարարը հայտնեց նաև , որ Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոալիցիային»՝ հավելյալ ընդգծելով մեր նվիրվածությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարին:  
22:44 - 14 հունվարի, 2025
Ցանկանում ենք շարունակել համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ․ Արարատ Միրզոյան
 |1lurer.am|

Ցանկանում ենք շարունակել համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ․ Արարատ Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողությանը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ, «Հարգելի՛ պետքարտուղար Բլինքեն, Ձերդ գերազանցություններ, գործընկերներ, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը մենք ստորագրում ենք այսօր, ձևավորում է ամուր հիմք և մեր համագործակցությանը դարձնում ավելի հավակնոտ։ Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ կապերի ամրապնդում, հաղորդակցություններ, պաշտպանության և անվտանգության համագործակցության խորացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և օրենքի գերակայության խթանում, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների զարգացում, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ընդլայնում։ Մեր հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա, վերջին տարիներին նշանակալի զարգացում են ապրել։ Դրանք հասել են այնպիսի մակարդակի, որի դեպքում ռազմավարական գործընկերության հաստատումը ոչ միայն համապատասխանում է ներկայիս իրողություններին, այլև էական նշանակություն ունի բարդ աշխարհաքաղաքական պայմաններում գործելու համատեքստում։ Հատկապես շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, պարոն պետքարտուղար, և Ձեր թիմին այս ճանապարհին` մեր համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ ներդրված ջանքերի համար: Մենք խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը Հայաստանի անկախությանն, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Նույնքան կարևոր է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և տնտեսական դիմակայունության խթանման գործում։ Մենք խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության խթանման գործում։ Մենք կարծում ենք, որ կայուն և բարգավաճող Հարավային Կովկասը բխում է տարածաշրջանային բոլոր դերակատարների և ավելի լայն միջազգային հանրության շահերից: Հայաստանը հանձնառու է շարունակել սերտ համագործակցությունն ԱՄՆ-ի հետ՝ այս ընդհանուր նպատակին հասնելու համար, ուրախ նաև հայտարարելու, որ համաշխարհային անվտանգության հանդեպ ընդհանուր հանձնառության ոգով Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոալիցիային»՝ հավելյալ ընդգծելով մեր նվիրվածությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարին: Մենք հավատում ենք, որ համատեղ գործողություններն էական նշանակություն ունեն այս սպառնալիքը հասցեագրելու գործում։ Մենք նաև սկսում ենք բանակցությունները ԱՄՆ հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, որը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր»։ Այն կընձեռի խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման հարցում համագործակցության շրջանակ և կնշանավորի մեր հանձնառությունը միջուկային էներգիայի խաղաղ զարգացմանը՝ ապահովության, անվտանգության և չտարածման ամենաբարձր չափանիշներով։ Նայելով ապագային՝ մենք ցանկանում ենք շարունակել համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ մեր Ռազմավարական գործընկերության կանոնադրության մեջ նշված հավակնոտ նպատակներն իրագործելու ուղղությամբ։ Հարգելի՛ բարեկամներ, թող այս Կանոնադրությունը ծառայի որպես Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական հարաբերությունների խորացման վկայություն և ընդհանուր ձեռքբերումներով լի ապագայի ճանապարհային քարտեզ»։
22:38 - 14 հունվարի, 2025
Արարատ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն. սպասվում է Բլինքենի հետ հանդիպում

Արարատ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն. սպասվում է Բլինքենի հետ հանդիպում

Հունվարի 14-15-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:   Ծրագրված են հանդիպումներ ԱՄՆ գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:   ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները նախորդ՝ 2024 թվականին նշանավորվեցին ակտիվ քաղաքական երկխոսությամբ և արժեքավոր ձեռքբերումներով։ Ապրիլի 5-ին տեղի ունեցավ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպումը։ Հունիսի 11-ին Երևանում կայացավ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը, և ուրվագծվեց հարաբերությունների խորացման տեսլականը՝ միտված երկկողմ երկխոսության կարգավիճակը ռազմավարական գործընկերության բարձրացնելուն:   Նիստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել էր. «Մեր գործընկերության առանցքում է ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ ամուր հանձնառությունը: Մեր երկկողմ օրակարգը շարունակում է ընդլայնվել և ներառել Հայաստանի դիմակայունության և կայուն զարգացման համար կարևոր ուղղություններ։ Հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների աճող բնույթն ու դինամիկան՝ մենք հուսով ենք, որ մեր ռազմավարական երկխոսությունը կբարձրացնենք նոր՝ ռազմավարական գործընկերության մակարդակի, որը կարող է ավելի ամրապնդել մեր բազմաբնույթ համագործակցության կառուցվածքային հիմքերը»:   Տարվա ընթացքում ՀՀ-ԱՄՆ փոխգործակցությունն ակտիվ է եղել տարբեր մակարդակներում և հարթակներում՝ ներառյալ նախարար Միրզոյանի և պետքարտուղար Բլինքենի երկկողմ հանդիպումների ձևաչափով:
19:14 - 13 հունվարի, 2025
Վաշինգտոնը ենթադրում է, որ Պեկինը կապ էր հաստատել Մոսկվայի հետ՝ կանխելու միջուկային զենքի կիրառումը
 |azatutyun.am|

Վաշինգտոնը ենթադրում է, որ Պեկինը կապ էր հաստատել Մոսկվայի հետ՝ կանխելու միջուկային զենքի կիրառումը |azatutyun.am|

azatutyun.am: Վաշինգտոնը հիմքեր ունի ենթադրելու, որ Չինաստանի իշխանությունները ժամանակին կապ են հաստատել Ռուսաստանի հետ` նպատակ ունենալով կանխել Մոսկվայի կողմից միջուկային զենքի կիրառումը: Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Առաջիկա շաբաթներին պաշտոնին հրաժեշտ տվող Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ը «շատ մտահոգված էր» միջուկային սպառնալիքով։«Նույնիսկ եթե հավանականությունը 5-ից հասնի 15 տոկոսի, երբ խոսքը միջուկային զենքի մասին է, չկա ավելի լուրջ բան», - ընդգծել է պետքարտուղարը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է, որ Մոսկվան մտադիր չէ առաջինը միջուկային զենք կիրառել, շեշտելով, որ այդ զենքին դիմելը կլինի անվտանգության վերջին միջոցը։ Միաժամանակ, Կրեմլի ղեկավարն անցած նոյեմբերին միջուկային նոր դոկտրին հաստատեց, որը մասնավորապես թույլ է տալիս Մոսկվային միջուկային զենք օգտագործել ոչ միայն Ռուսաստանի գոյությունը վտանգող սպառնալիքի, այլև տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած լայնածավալ, նույնիսկ ոչ միջուկային հարձակման դեպքում։
16:08 - 04 հունվարի, 2025
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չծրագրված այց է կատարել Իրաք |armenpress.am|

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չծրագրված այց է կատարել Իրաք |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չծրագրված այց է կատարել Իրաք՝ հանդիպելու վարչապետ Մուհամմեդ Շիա ալ-Սուդանիի հետ։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Նշվում է, որ այցը տեղի է ունեցել Սիրիայի կառավարության անկումից հետո ստեղծված իրավիճակի համատեքստում, որն այժմ մեծ ուշադրություն է գրավում միջազգային հանրության շրջանում։ Բլինքենը Բաղդադում ավելի քան մեկ ժամ քննարկումներ է անցկացրել Սուդանիի հետ։ Հանդիպումը կազմակերպվել է Թուրքիայի և Հորդանանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ մի շարք հանդիպումներից հետո՝ նպատակ ունենալով համաձայնեցնել մոտեցումները Սիրիայում Բաշար ալ-Ասադի ռեժիմի հանկարծակի անկումից հետո։ Պետքարտուղարը շեշտել է, որ կարևոր է ապահովել Սիրիայի ժամանակավոր կառավարության ձևավորումը, որը թույլ չի տա երկիրը դառնալ ահաբեկչության կամ ծայրահեղականության կենտրոն։  «ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը, անկասկած, կփորձի վերախմբավորվել»,- հայտարարել է Բլինքենը։ Պետքարտուղարը այցելության ընթացքում շեշտել է ԱՄՆ-ի հավատարմությունը Իրաքի անվտանգության, կայունության և ինքնիշխանության պահպանմանը։ Այցից հետո Բլինքենը նախատեսում է մեկնել Հորդանան, որտեղ մասնակցելու է նախարարական հանդիպման՝ նվիրված Սիրիայի պետական ինստիտուտների վերակառուցման ջանքերին՝ նպատակ ունենալով պահպանել երկրի միասնականությունը, տարածքային ամբողջականությունը և բոլոր քաղաքացիների իրավունքները։ «Մենք տարածաշրջանում ենք՝ Սիրիայում և նրա հարևանների համար ստեղծված թե՛ հնարավորությունների, թե՛ վտանգների համատեքստում։ Մեր աշխատանքը կենտրոնացած է աջակցելու սիրիացի ժողովրդին, որպեսզի այն հեռանա Ասադի դաժան ռեժիմից»,- նշել է Բլինքենը Աքաբայում։  
20:29 - 13 դեկտեմբերի, 2024
«Թուրքիան Սիրիայում կպայքարի նրանց դեմ, ում կհամարի ահաբեկիչ». Էրդողանն ու Բլինքենը հանդիպել են Անկարայում |hy.armradio.am|

«Թուրքիան Սիրիայում կպայքարի նրանց դեմ, ում կհամարի ահաբեկիչ». Էրդողանն ու Բլինքենը հանդիպել են Անկարայում |hy.armradio.am|

hy.armradio.am: ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը հինգշաբթի ժամանել է Թուրքիա՝ Սիրիայում կայունության հաստատման կարևորագույն խնդրի շուրջ բանակցությունների համար։ Բլինքենն Անկարայի օդանավակայանում հանդիպել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ: Էրդողանը և Բլինքենը քննարկել են Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները։ Էրդողանը կոչ է արել միջազգային հանրությանը միասին աշխատել Սիրիայում հաստատությունների վերականգնման համար, ասվում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի տարածած հաղորդագրությունում: Էրդողանը նաև ասել է Բլինքենին, որ Թուրքիան իր ազգային անվտանգության համար Սիրիայում կանխարգելիչ միջոցներ կձեռնարկի բոլոր այն կազմակերպությունների դեմ, որոնց համարում է ահաբեկչական՝ հավելելով, որ Անկարան թույլ չի տա որևէ թուլություն «Իսլամական պետության» դեմ պայքարում։ Բլինքենը նշել է ԱՄՆ-ի և Թուրքիայի համատեղ շահագրգռվածությունը՝ աջակցելու Սիրիայում հաշվետու և ներառական կառավարության ձևավորման քաղաքական անցմանը: Ուրբաթ առավոտյան Բլինքենը պետք է բանակցություններ վարի Ֆիդանի հետ։ Ակնկալվում է, որ գլխավոր թեման կլինի Սիրիան։
10:30 - 13 դեկտեմբերի, 2024
Բայրամովը մերժել է Մալթայում Բլինքենի միջնորդությամբ հանդիպել Միրզոյանին.
 |azatutyun.am|

Բայրամովը մերժել է Մալթայում Բլինքենի միջնորդությամբ հանդիպել Միրզոյանին. |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարարը մերժել է ամերիկյան կողմի միջնորդությամբ հանդիպել Հայաստանի արտգործնախարարին, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով իր դիվանգիտական աղբյուրներին։ Ըստ լրատվամիջոցի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Մալթայում անցկացվող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում փորձել է նախաձեռնել Միրզոյան-Բայրամով հանդիպում, սակայն ադրբեջանական կողմը կտրականապես մերժել է առաջարկը՝ «ԱՄՆ վարչակազմի քաղաքականության պատճառով»։ Ըստ APA-ի աղբյուրի՝ Բայդենի վարչակազմն «անարդարացի և կանխակալ քաղաքականություն է վարում, և այդ պատճառով Ադրբեջանն ընդհանրապես չի ցանկանում, որ Վաշինգտոնը մասնակցի խաղաղության օրակարգին»: Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը ի պատասխան «Ազատության» հարցման հաստատեց, որ հայկական կողմը համաձայնություն է տվել հանդիպմանը:
18:16 - 05 դեկտեմբերի, 2024
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի իշխանությունների դեմ |mediamax.am|

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի իշխանությունների դեմ |mediamax.am|

mediamax.am: Վրաստանի հետ ավելի վաղ հայտարարված համագործակցության համապարփակ վերանայումից բացի, «ԱՄՆ-ն պատրաստվում է օգտագործել մեր տրամադրության տակ եղած գործիքները, այդ թվում՝ լրացուցիչ պատժամիջոցները»։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ։ «Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է «Վրացական երազանք» կուսակցության դաժան եւ չարդարացված բռնությունը Վրաստանի քաղաքացիների, ցուցարարների, լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Մենք կոչ ենք անում «Վրացական երազանքին» դադարեցնել իր ռեպրեսիվ մարտավարությունը, այդ թվում՝ կամայական կալանքների եւ ֆիզիկական բռնության կիրառումը։ Մեզ հատկապես անհանգստացնում է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից մարդկանց լուրջ վնասվածքներ հասցնելու մասին հաղորդումները: Խաղաղ հավաքների եւ խոսքի ազատության իրավունքներն իրացնելու համար կալանավորված անձինք պետք է անհապաղ ազատ արձակվեն, իսկ ուժի ապօրինի կիրառման համար պատասխանատու պաշտոնյաները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Միացյալ Նահանգները համերաշխ է վրաց ժողովրդի եւ նրա ժողովրդավարական ձգտումների հետ։ Նրանք, ովքեր խարխլում են Վրաստանի ժողովրդավարական գործընթացները կամ ինստիտուտները, այդ թվում՝ նրանք, ովքեր ճնշում են վրացիների խաղաղ հավաքների եւ արտահայտվելու ազատության իրավունքները, պատասխանատվության կենթարկվեն», - ասվում է Բլինքենի հայտարարության մեջ:
10:12 - 05 դեկտեմբերի, 2024