ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը խոչընդոտ չէ Վաշինգտոնի հետ ավելի խորը պաշտպանական համագործակցության համար. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ
 |hetq.am|
09:25 - 18 հուլիսի, 2024

ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը խոչընդոտ չէ Վաշինգտոնի հետ ավելի խորը պաշտպանական համագործակցության համար. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ |hetq.am|

hetq.am: Հուլիսի 13-16-ը Հայաստանում էր Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ըզրա Զեյան, որի հետ «Հետքը» զրուցել է հայ-ամերիկյան համագործակցության, ամերիկյան միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների, արցախցիների վերադարձի իրավունքի, Արցախի հայկական ժառանգության պահպանման եւ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների մասին։

Միացյալ Նահանգներն ակտիվորեն ներգրավված է խաղաղության բանակցություններում։ Նախորդ շաբաթ պետքարտուղարի միջնորդությամբ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որից հետո պետքարտուղար Բլինքենը հայտարարեց. «Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են հասնելու վերջնական համաձայնության»։ Ի՞նչ հիմքեր կան նման լավատեսության համար, երբ Ադրբեջանը միակողմանիորեն նախապայմաններ է առաջ քաշում, մասնավորապես՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։

Անցյալ շաբաթ Վաշինգտոնում պետքարտուղար Բլինքենի կազմակերպած հանդիպումը մատնանշում է Միացյալ Նահանգների ամուր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատմանը։ Եվ մենք հասկանում ենք, որ երկու երկրներն էլ կարևոր քայլեր են կատարել և ցանկանում ենք շարունակել մեր աջակցությունը։ Կարծում եմ՝ կարևոր է ընդգծել խաղաղության համաձայնագրի, արժանապատիվ ու տևական խաղաղության համաձայնագրի ազդեցությունը․ այն իրապես արտակարգ հնարավորություններ կարող է բացել ոչ միայն երկու երկրների, այլ ողջ տարածաշրջանի համար։

Միացյալ Նահանգներն ամուր աջակցում է այս ջանքերին։ Մենք կարծում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են վերջնական համաձայնությանը։ Բայց, իհարկե, բանակցային սեղանի շուրջ նստածներն են վերջնական որոշում կայացնողները։ Մենք մեր կողմից խրախուսում ենք այս նպատակին հասնելու պահը բաց չթողնել։ Նույնը նաև  վարչապետի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասով։ Կարծում ենք, որ արժանապատիվ, տևական խաղաղությունը խիստ էական է տարածաշրջանի հսկայական սոցիալ-տնտեսական ներուժը բացահայտելու, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկով» նախանշվող տարածաշրջանային կապուղիները զարգացնելու համար։   

 Այսինքն, Դուք կարծում եք, որ տնտեսական օգուտները կարող են խթանել կողմերին, մասնավորապես՝ Ադրբեջանին, ստորագրե՞լ խաղաղության համաձայնագիրը։ ԱՄՆ ՄԶԳ-ի հետազոտությունը, որը հիշատակեցիք, նույնպե՞ս դրան է ուղղված։

ԱՄՆ ՄԶԳ-ի իմ նշած ուսումնասիրությունը դիտարկում է տրանսպորտային ուղիների ինտեգրման շրջանակները և ներուժը։ Այս առումով չեմ կարող ասել, թե որ գործոնները կարող են վճռորոշ լինել Ադրբեջանի համար։ Ենթադրություններ չեմ կարող անել։ Մեկ անգամ ևս նշեմ պետքարտուղարի հայտարարությունները, որ բանակցային սեղանի շուրջ նստածներն են վերջնական որոշում կայացնողները։ Իսկ մենք հսկայական ներուժ ենք տեսնում, որն առկա կլինի արժանապատիվ ու տևական խաղաղության պարագայում, և մենք ամեն ինչ կանենք, այն, ինչ մեզնից կխնդրեն, որպեսզի օգնենք հասնել այս նպատակին։

Հուլիսի 15-ին մեկնարկել են հայ-ամերիկյան երկրորդ զորավարժությունները։ Արդյոք սա նշանակում է, որ ռազմական համագործակցությունը երկու երկրների միջեւ խորանում է։ Հնարավո՞ր է, որ Ֆրանսիայի պես, Միացյալ Նահանգներն աջակցի Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացմանը եւ զինված ուժերի բարեփոխմանը։

 «Արծիվ գործընկեր» զորավարժության հետ կապված՝ ուզում եմ ընդգծել, որ այն նախապես պլանավորված զորավարժություն է՝ միտված կանոնավոր ուսուցումների իրականացմանը, պատրաստականության և փոխգործելիության մեծացմանը և խաղաղապահ գործողություններին։ Այս ջանքերն առաջնորդում է ամերիկյան կողմը՝ մեր պաշտպանության դեպարտամենտի միջոցով։ Լինելով պետքարտուղարության ներկայացուցիչ՝ մանրամասնությունների ներկայացումը ես կցանկանայի վերապահել պաշտպանության դեպարտամենտի իմ գործընկերներին։

Սակայն, ես ուզում եմ նշել, որ պաշտպանական և քաղաքացիական անվտանգության ասպարեզներում տեսնում ենք մեր երկարամյա դրական համագործակցության խորացում։ Նշեմ պաշտպանության դեպարտամենտի «Նահանգային գործընկերության» ծրագրի շրջանակում Հայաստանի և Կանզաս նահանգի ազգային գվարդիայի միջև համագործակցությունը։ Իսկ պետքարտուղարության մասով, իմ ղեկավարության ներքո է գործում Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն, որը Հայաստանի կառավարության և ժողովրդի հիմնական գործընկերն է ոստիկանության կարողությունների զարգացման և ամրապնդման ասպարեզում և աջակցում է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի, իրավունքի գերակայության ապահովման, կոռուպցիայի դեմ պայքարի և թափանցիկության մեծացման հարցերում։ Այս համագործակցության բազմաթիվ դրական արդյունքներից մեկն էլ պարեկային ծառայության ձևավորումն է Հայաստանում։ Ի դեպ, Ներքին գործերի նախարարի հետ առիթ ունեցա լինել պարեկային ծառայության գլխամասային գրասենյակի, օպերատիվ կառավարման կենտրոնի և պարեկային ծառայության Երևանի գնդի նոր մասնաշենքերում, որոնք ներկայացնում են Հայաստանի կառավարության և ԱՄՆ կառավարության ներդրումները մարդակենտրոն և իրավունքների նկատմամբ հարգանք ապահովող ոստիկանական ծառայությունների ապահովման ուղղությամբ, որի արդյունքում ոստիկանությունը ավելի մեծ հանրային վստահություն կունենա և ավելի սերտ կապեր կլինեն իրավապահների և նրանց կողմից սպասարկվող համայնքների միջև։ Կարծում եմ՝ սա նաև ցույց է տալիս, որ ժողովրդավարական բարեփոխումը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի մեծացումը կարող է հանգեցնել առավել ապահով ու անվտանգ միջավայրի ապահովմանը բոլորի համար։

Կարո՞ղ եք հաստատել այն տեղեկությունը, թե որոշում կա, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի Հայաստանի Պաշտպանության նախարարությունում։

Լուրը հաստատում եմ։ Դա ողջունելի զարգացում է, կարող եք մանրամասները ճշտել մեր դեսպանից և լրատվական թիմից։ Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև պաշտպանա-քաղաքացիական և անվտանգային համագործակցության խորացումը։ Սա ևս մատնանշում է հայ-ամերիկյան հարաբերություններում նոր՝ ռազմավարական գործընկերության փուլ թևակոխելու պատմական փաստը։  

Արդյոք Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամակցությունը խոչընդոտ է հայ-ամերիկյան ռազմական համագործակցության խորացման համար։ Կարո՞ղ է անդամակցության դադարեցումը խթանել այդ համագործակցությունը։

 ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցը որոշում է բացառապես Հայաստանի կառավարությունը։ Մենք հարգում ենք այդ որոշումը։ Նշեմ, որ մեր համագործակցությունը պաշտպանական և քաղաքացիական անվտանգության հարցերում շարունակում է խորանալ, իսկ Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի անդամ։ Երրորդ և վերջին դիտարկումս․ չկա որևէ փաստարկ, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը նպաստում է Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովմանը։

 Տիկին Զեյա, Դուք համակարգել եք ԱՄՆ ջանքերը՝ աջակցելու Տիբեթի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը եւ նրանց մշակութային, կրոնական ու լեզվական ինքնության պահպանմանը։ Նկատի ունենալով Ձեր այս փորձառությունը, ուզում եմ անդրադառնալ 2023թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում 100.000-ից ավելի հայերի էթնիկ զտմանը, որոնք զրկվեցին իրենց բնօրրանում ապրելու իրավունքից։ Ո՞րն է ԱՄՆ դիրքորոշումն այս հարցում, ԼՂ հայերի վերադարձի իրավունքը ներառվա՞ծ է ԱՄՆ միջնորդությամբ ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում։

 Շնորհակալություն այս կարևոր հարցի համար։ Այստեղ թույլ տվեք մի քայլ հետ գնամ։ Տասնամյակներ շարունակ Հարավային Կովկասը պարփակված է եղել անկայունության և բռնությունների շղթայում, եղել են հսկայական կորուստներ, ցավ և ողբերգություն։ Մենք՝ Միացյալ Նահանգները աջակցում է, որ տարածաշրջանում պայմաններ ձևավորվեն տևական և արժանապատիվ խաղաղության համար, որի պարագայում ապահովված կլինի հարգանքը բոլորի իրավունքների նկատմամբ՝ անկախ էթնիկ պատկանելությունից կամ ծագման երկրից։

Միաժամանակ, Միացյալ Նահանգների համար մտահոգիչ է Լեռնային Ղարաբաղի մարդասիրական և մարդու իրավունքների ճգնաժամը և ավելի քան 100 000 տեղահանված անձինք, որոնց մասին ես սկզբում խոսեցի։ Մարդու իրավունքների հետ կապված առաջարկում եմ դիտարկել մեր 2023թ․ զեկույցը մարդու իրավունքների մասին, որտեղ նշվում են մարդու իրավունքների ոտնահարումների ու վայրագությունների մասին հնչեցված հաղորդումները․ օրինակ՝ Ադրբեջանին վերաբերող հատվածում նշվում է, որ առկա են արժանահավատ հաղորդումներ Ադրբեջանի հետ հակամարտության ընթացքում կատարված ոտնձգությունների մասին, նշվել է, որ քաղաքացիական բնակչությունը միտումնավոր զրկված է եղել անհրաժեշտ պարագաներ ստանալու հնարավորությունից, մերժվել է մարդասիրական միջանցքի տրամադրումը։ Միացյալ Նահանգները շարունակում է հորդորել Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղում մնացած հայերի իրավունքներն ու անվտանգությունը և շուտափույթ ապահովել պայմաններ ապահով, կամավոր, արժանապատիվ և կայուն վերադարձի համար, որպեսզի ցանկություն ունեցողները կարողանան վերադառնալ իրենց տներ։ Ես ավելի վաղ նշեցի և հիմա էլ ուզում եմ ընդգծել ու գովեստի խոսքեր ասել այս մարդկանց աջակցելու հարցում Հայաստանի կառավարության հսկայական ջանքերի վերաբերյալ և հավելել, որ Միացյալ Նահանգները նույնպես հանձնառու է աջակցել այս հարցում և այս նպատակի համար անցյալ տարվա սեպտեմբերից պետքարտուղարության և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հատկացվել է 11,5 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն։

Եթե տեղահանվածները վերադառնան, կարծում եք իրատեսակա՞ն է նրանց անվտանգության միջազգային երաշխիքների տրամադրումը։

Բարդ հարց է սա։ Մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունք է այստեղ գործում և որևէ մեկին չի կարող պարտադրվել վերադարձ, վերադարձը պետք է լինի ապահով, կամավոր, արժանապատիվ և կայուն։ Չգիտեմ՝ ճիշտ հասկացա ձեր հարցը միջազգային երաշխիքների հետ կապված, բայց կա միջազգային մարդասիրական իրավունքի այս հստակ նորմը, որը պետք է ապահովված լինի խոցելի բնակչության, այդ թվում՝ փախստականների ու տեղահանվածների համար։ 

Նկատի ունեմ, որ հայերը դժվար թե վերադառնան առանց անվտանգության միջազգային երաշխիքների։

Դա հասկանալի է, բայց վստահ չեմ, թե ինչ միջազգային երաշխիքների մասին է խոսքը, ում կողմից պետք է ապահովվեն կամ․․․

Միջազգային դիտորդների կամ խաղաղապահների։

Իմ իմացությամբ, դա չի դիտարկվում այժմ։ Դրա համար էի փորձում հարցն ավելի լավ  հասկանալ։ Իմ իմացությամբ, նման հարց չի դիտարկվում, սակայն ուզում եմ կրկնել, որ մենք շարունակում ենք հորդորել Ադրբեջանի կառավարությանն ապահովել այնտեղ մնացածների իրավունքները և շուտափույթ պայմաններ ապահովել ցանկացողների ապահով, կամավոր, արժանապատիվ և կայուն վերադարձի համար։ Վերադարձը պետք է կամավոր լինի։

 Բազմաթիվ ապացույցներ կան, թե ինչպես է Ադրբեջանը ոչնչացնում Արցախի հայկական մշակութային ժառանգությունը, այդ թվում՝ գերեզմաններեկեղեցիներ։ ԱՄՆ-ի կամ միջազգային հանրության կողմից ինչ-որ բան արվու՞մ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կամ այլ կառույցների միջոցով կանխելու Ադրբեջանի այդ քաղաքականությունը։

 Շնորհակալություն այս հարցը բարձրացնելու համար, Լիանա։ Հստակ կլինեմ՝ մենք աջակցում ենք հայկական մշակութային ժառանգության պահպանությանը ողջ Հարավային Կովկասում։ Մշակութային ժառանգության պահպանությունը ԱՄՆ գլոբալ քաղաքականության մասն է։ Մշակութային կոթողների, հուշարձանների, ավանդույթների պահպանությունը հոգածություն և զգոնություն է պահանջում։ Միացյալ Նահանգները աշխարհի բոլոր երկրներին կոչ է անում պահպանել մշակութային ժառանգությունը իրենց միջազգային պարտավորությունների և հանձնառությունների համաձայն։

Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում կատարել մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ միջազգային իրավունքների ներքո ստանձնած իր պարտավորությունները։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կապված՝ կարծում ենք, որ միջազգային հանրությունը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման կազմակերպությունները կարող են և պետք է կարևոր դեր ունենան Հարավային Կովկասի տարածաշրջանի բոլոր համայնքներում մշակութային ժառանգության պահպանության գործում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել