Տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչում․ Բաքուն ներկայացրել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման իր 5 կետերը
16:45 - 14 մարտի, 2022

Տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչում․ Բաքուն ներկայացրել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման իր 5 կետերը

Ադրբեջանի Արտգործնախարարության ներկաայցուցիչ Լեյլա Աբդուլաևան անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով Ադրբեջանի ներկայացրած առաջարկներին։ Այդ առաջարկների թվում են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը և իրար նկատմամբ տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատումը։

«Անթալիայի դիվանագիտական ֆորումի ելույթի ժամանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը խոսել է հակամարտությանը հաջորդած շրջանում Ադրբեջանի խաղաղարար ջանքերի մասին։ Նշվել է, որ չնայած մեր կողմից Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին և  այդ երկրի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին ամենաբարձր մակարդակի հայտարարություններին, Հայաստանի կողմից վերջին շրջանում որևէ արձագանք չի տրվել»։

Այնուհետև Աբդուլաևան կետերով ներկայացրել է Ադրբեջանի առաջարկը, որը Հայաստանին են փոխանցել միջնորդները։

Այդ կետերն են՝

  • ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության նկատմամբ հարգանքի փոխադարձ ճանաչումը,
  • միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում և հետագայում նման պահանջ չներկայացնելու իրավաբանորեն պարտադիր պարտավորությունների ընդունումը,
  • իրենց միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը խաթարելուց, քաղաքական անկախության,  տարածքային ամբողջականության դեմ, ինչպես նաև ՄԱԿ կանոնադրության նպատակներին չհամապատասխանող ցանկացած այլ ձևով  ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից կիրառումից զերծ մնալու պարտավորությունը,
  • պետական սահմանի դեմարկացիան և դելիմիտացիան, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը,
  • տրանսպորտային և այլ հաղորդակցությունների ապաշրջափակումը, անհրաժեշտության դեպքում այլ հաղորդակցությունների ստեղծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության հաստատումը։


«Վերոնշյալ սկզբունքների հիման վրա երկու երկրները կարող են կնքել երկկողմ խաղաղ համաձայնագիր՝ վարելով ինտենսիվ, առարկայական և արդյունքին միտված բանակցություններ»,- ամփոփել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել