Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ուկրաինայի Լվով քաղաք այցի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ բանակցությունների արդյունքները ամփոփելիս ասել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հրադադարի հույսերը մի փոքր ավելի մեծացել են ինչպես Ռուսաստան, այնպես էլ Ուկրաինա կատարած այցից հետո: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Չավուշօղլուն հայտնել է, որ Ուկրաինան Թուրքիային առաջարկել է դառնալ հնարավոր գործարքի անվտանգության մասով երաշխավորներից մեկը՝ հավելելով, որ Ռուսաստանը չի առարկում։
Չավուշօղլուն ընդգծել է Թուրքիայի լիակատար աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը, քանի որ «ամբողջ աշխարհը տեսնում է Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի պայքարն այս պատերազմի դեմ»։
Դմիտրի Կուլեբան իր հերթին նշել է, որ Ուկրաինան և նրա ժողովուրդը գնահատում են այն «սկզբունքային դիրքորոշումը», որը Թուրքիան որդեգրել է պատերազմի բռնկումից ի վեր։
Չավուշօղլուն հիշեցնելով, որ Թուրքիայի նախագահը չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնել է, որ այսօր Էրդողանը հեռախոսազրույց կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
comment.count (0)