Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել, բայց չի բացառում, որ հանդիպում կարող է չլինել
13:42 - 05 ապրիլի, 2022

Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել, բայց չի բացառում, որ հանդիպում կարող է չլինել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ հայտարարել է, որ պատրաստ է հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց չի բացառել, որ հանդիպումը կարող է նաև չկայանալ։ Այս մասին, ինչպես գրում է ՈՒՆԻԱՆ-ը, նա ասել է լրագրողներին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է տեղեկատվական հեռուստամարաթոնի ժամանակ։

Անդրադառնալով ռուս-ուկրաինական բանակցությունների վրա Բուչայի դեպքերի ազդեցությանը՝ նա նշել է, որ «միևնույն է, պետք է հնարավորություններ գտնել այդպիսի քայլեր [բանակցելու] համար»։

Զելենսկին ընդգծել է, որ այդ բանակցություններում Ուկրաինան պետք է ավելի ուժեղ դիրքեր ունենա, քան ՌԴ-ն։

«Բանակցությունների հարցը հաստատ լինելու է։ Հարցը միայն այն է, թե որքան ամուր [դիրքեր] կունենաս բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է նա՝ հավելելով, որ դիրքորոշումը, թե Պուտինի հետ բանակցություններ վարել պետք չէ, «ամենահեշտն է»։

«Հեշտ է ասել՝ ես քեզ հետ չեմ խոսելու։ Եվ պարզ է, թե ինչու՝ հաշվի առնելով այն, ինչ արել եք։ [․․․] Մենք կարծում ենք, որ դա ցեղասպանություն է, որ նրանք բոլորը պետք է պատժվեն դրա համար, և այդ դիրքորոշմամբ հանդերձ պետք է հնարավորություն գտնել հանդիպելու։ Եվ այդ հանդիպման ժամանակ ելք գտնել այս իրավիճակից, և այդ ելքի դեպքում չկորցնել սեփական տարածքը»,- կարծում է Ուկրաինայի նախագահը։

Նա նաև նշել է, որ «կարող է այնպես լինել, որ հանդիպում չլինի էլ, կարող է այդպիսի բան լինել»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել