Ի՞նչ է ուզում Թուրքիան, որ համաձայնի՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը․ The New York Times
19:41 - 23 հունիսի, 2022

Ի՞նչ է ուզում Թուրքիան, որ համաձայնի՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը․ The New York Times

Ֆինլանդիան ու Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ են ներկայացրել, սակայն դաշինքին միանալու համար անհրաժեշտ է դրա բոլոր անդամ երկրների համաձայնությունը։ Թուրքիան մի շարք պահանջներ է առաջ քաշել՝ այդ քայլին կողմ քվեարկելու համար։ The New York Times-ը գրում է այդ պահանջների և սկանդինավյան այս երկու երկրների անդամակցության հեռանկարների մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․

«Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա խթան է դարձել, որպեսզի Ֆինլանդիան ու Շվեդիան նախորդ ամիս ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնեն՝ հույս ունենալով արագ և առանց խոչընդոտների միանալու դաշինքին։ Փոխարենը նրանք հայտնվել են անելանելի վիճակում, նրանց ճանապարհը փակել է Թուրքիայի անկանխատեսելի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Հունիսի 29-ին Մադրիդում մեկնարկելու է ՆԱՏՕ-ի ամենամյա գագաթնաժողովը, սակայն հայտերի արագացված քննարկման վերաբերյալ նրանց [Ֆինլանդիայի և Շվեդիայի – խմբ․] սպասումները արագ մարել է  այն բանից հետո, երբ Էրդողանը հետ է կանգնել իր այն խոստումներից, թե չի խոչընդոտելու նրանց։ Էրդողանի արտաքին քաղաքականության գծով խոսնակ Իբրահիմ Քալընի խոսքով՝ այս երկրներին ընդունելու ժամանակացույց չկա, նա խոսել է անգամ մեկ տարով հետաձգման մասին։

Ֆինլանդիան հատկապես սրտնեղած է՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ 830 մղոն սահմանը։ Փետրվարի 24-ի ներխուժումից (Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա – խմբ․) հետո Ֆինլանդիան արագ սկսել է նախապատրաստել իր հայտը, իսկ ֆինն դիվանագետները, արտգործնախարար Պեկկա Հաավիստոյի խոսքով՝ «նախապես կապվել են ՆԱՏՕ-ի բոլոր 30 անդամ պետությունների հետ և ստացել նրանց հաստատումը»։ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի պնդմամբ՝ նրանց թվում էր նաև Էրդողանը։

Սակայն Թուրքիան անսպասելիորեն առարկություններ է հայտնել։ Էրդողանը բազմաթիվ պահանջներ է առաջ քաշել, որոնք հիմնականում վերաբերում են ազգայնականությանն առնչվող ներքին հարցերի, օրինակ, քրդական անջատողականությանն ու ահաբեկչությանը, ինչպես նաև ընդդիմադիր առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի որոշ հետևորդների արտահանձնմանը։ ԱՄՆ-ում բնակվող Գյուլենին Էրդողանը մեղադրում է 2016 թ-ին իր դեմ պետական հեղաշրջման անհաջող փորձի համար։

Թուրքիան ուզում է, որ Ֆինլանդիան ու Շվեդիան խստացնեն իրենց հակաահաբեկչական օրենքները, իրեն հանձնեն որոշ անձանց, այդ թվում՝ մի շարք քուրդ լրագրողների, և չեղարկեն Թուրքիային զենքի վաճառքի ոչ պաշտոնական էմբարգոն, որը սահմանվել է 2019 թ-ին Սիրիաի հյուսիսում Թուրքիայի ռազմական միջամտությունից հետո։

Այս երկուշաբթի կայացել է Շվեդիայի, Ֆինլանդիայի և Թուրքիայի՝ վերջին մի քանի շաբաթվա ընացքում առաջին հանդիպումը՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո, սակայն արդյունքներն աննշան են եղել։

«Մենք մեզ չենք սահմանափակում որևէ ժամանակացույցով։ Այս գործընթացի արագությունն ու մասշտաբները կախված են նրանից, թե ինչպես և որքան արագ այս երկրները կսկսեն համապատասխանել մեր ակնկալիքներին», - հանդիպումից հետո ասել է Քալընը։

Գալիք տարվա հունիսին Թուրքիայում ընտրություններ են անցկացվելու, և Էրդողանի պոպուլյարությունը նվազում է թուրքական տնտեսության անկմանը զուգահեռ։ Քրդական հարցը Թուրքիայում կարևոր է, և Էրդողանն այժմ շահարկում է ազգայնական տրամադրությունները՝ միաժամանակ ճնշելով այլակարծությունն ու անկախ լրագրությունը։

Շվեդական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի նախկին պաշտոնյա Ստեֆանի Բաբստն ասել է, որ Էրդողանի իրական օրակարգը ներքաղաքական է։

«Նախևառաջ, այն ուղղված է նրա ընտրազանգվածին։ Նրան ընտրություններ են սպասվում։ Թուրքիայում տնտեսական իրավիճակը բավականին սարսափելի է, այդ պատճառով էլ նա ուզում է առաջնորդի հատկանիշներ ցուցադրել։ Եվ վախենամ, որ նա օգտագործում է Շվեդիայի ու Ֆինլանդիայի «հարցը», որ հասնի իր ռազմավարական նպատակներին»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ահաբեկչության վերաբերյալ Թուրքիայի մտահոգություններն «լեգիտիմ են» և պետք է լսելի լինեն և արձագանք գտնեն։ Նա նշել է նաև, որ վստահ է՝ Ֆինլանդիան ու Շվեդիան կնդամակցեն դաշինքին։

Սակայն Պեկկա Հաավիստոն նշում է, որ Էրդողանը նյարդայնացնում է իր դաշնակիցներին պատերազմի փուլում, երբ հարցականի տակ է Եվրոպայի անվտանգությունը։

«Շահարկումներն այն մասին, որ հարցը կարող է հետաձգվել մինչև Թուրքիայում կայանալիք ընտրությունները, մեծ հիասթափություն կլինեն ՆԱՏՕ-ի շատ երկրների համար, էլ չեմ խոսում Ֆինլանդիայի ու Շվեդիայի մասին», - ասել է նա։

ԱՄՆ-ն հրապարակավ սատարում է Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը։ Ֆինլանդիայի արտգործնախարար Հաավիստոն պարբերաբար կապի մեջ է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Սպիտակ տան մյուս պաշտոնյաների և սենատորների հետ։ Կոնգրեսը նույնպես աջակցություն է հայտնել, Սենատում արդեն լսումներ են նախապատրաստվում վավերացման հարցով քվեարկության համար, հենց Թուրքիայի հետ խնդիրները լուծվեն։

ՆԱՏՕ-ի բոլոր անդամ պետությունների օրենսդիր մարմինները նոր անդամների անդամակցության դեպքում պետք է վավերացնեն փոփոխությունները հիմնարար պայմանագրում, և այս գործընթացը կարող է տևել մինչև մեկ տարի։

Սակայն Հաավիստոյի խոսքով՝ Ֆինլանդիան ու Շվեդիան հստակ հավաստիացումներ են ստացել, որ ՆԱՏՕ-ի առանձին երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ն Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու Գերմանիան իրենց օգնության կգան անհրաժեշտության դեպքում։

«Այնպես որ, մենք մեզ ապահով ենք զգում, - ասել է նա։ - Չնայած որ այս պահին մեր անվտանգության համար անմիջական ռիսկ չկա»»։

 

Նորա Վանյան

Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել