Լիտվա

Հայաստանը կարող է ներառվել լիտվացի զինվորականների համար արգելված երկրների ցուցակում |azatutyun.am|

Հայաստանը կարող է ներառվել լիտվացի զինվորականների համար արգելված երկրների ցուցակում |azatutyun.am|

azatutyun.am: Լիտվայի Սեյմը օրենսդրական նախաձեռնություն է քննարկում, որով առաջարկվում է արգելել Լիտվայի բանակի զինվորականներին մեկնել ոչ բարեկամ երկրներ։ Թվարկված երկրների ցանկում նաև Հայաստանն է։ Ըստ LRT-ի (Լիտվական ազգային ռադիո և հեռուստատեսություն), արգելված երկրների ցանկում կարող են ներառվել Ռուսաստանը և նրա կողմից բռնակցված Ղրիմը, Բելառուսը, ինչպես նաև Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Վրաստանը, ինքնահռչակ Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի հանրապետությունները։ Ըստ Լիտվայի ռազմական գերատեսչության՝ արգելքը պայմանավորված է ազգային անվտանգության շահերով։ Առաջարկվում է արգելքը սահմանել արդեն 2024 թվականի հունվարից։
21:14 - 05 դեկտեմբերի, 2023
Լիտվացի պատգամավորներն այցելել են Երասխի սահմանային հատվածներ

Լիտվացի պատգամավորներն այցելել են Երասխի սահմանային հատվածներ

ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ եռօրյա այցով Հայաստանում գտնվող Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի անդամները նոյեմբերի 29-ին այցելել են Արարատի մարզի սահմանամերձ Երասխ համայնքի սահմանային հատվածներ: Պատգամավորներին դիմավորել են Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչները: ԵՄ դիտորդները լիտվացի պատգամավորներին ներկայացրել են Երասխի սահմանային հատվածներում տիրող իրավիճակը: Դիտորդները հյուրերին ուղեկցել են այն հատված, որտեղ նախատեսված էր կառուցել հայ-ամերիկյան ներդրմամբ մետաղաձուլական գործարանը: Գործարանի կառուցման աշխատանքները դադարեցվել էին Ադրբեջանի զինված ուժերի կրակոցների պատճառով: Նշենք, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը տեղակայվել է 2023 թվականի փետրվարի 20-ին: Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատն է՝ դիտարկել եւ զեկուցել զարգացումները Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջաններում:
22:16 - 29 նոյեմբերի, 2023
Վարչապետն ընդունել է Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետն ընդունել է Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարի Ռայմունդաս Լոպատայի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել հայ-լիտվական հարաբերությունների դինամիկ բնույթը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկկողմ փոխգործակցությունը վերջին շրջանում ակտիվորեն զարգանում է, ինչին նպաստում են նաև բարձր մակարդակի փոխայցելությունները: Վարչապետը կարևորել է նաև միջխորհրդարանական փոխգործակցությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում: Ռայմունդաս Լոպատան նշել է հայ գործընկերների հետ սերտ համագործակցության փաստը և վստահություն հայտնել, որ երկկողմ կապերը կշարունակեն հետևողականորեն զարգանալ ու ամրապնդվել: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ: Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրները, Հայաստանի կառավարության կողմից դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը: Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու վերջինիս նպատակներին:
16:05 - 28 նոյեմբերի, 2023
Ակնկալում ենք Արևմուտքի երկրների աջակցությունը ժողովրդավարությունն առավել դիմակայուն դարձնելու գործում. Ալեն Սիմոնյանը՝ Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին

Ակնկալում ենք Արևմուտքի երկրների աջակցությունը ժողովրդավարությունն առավել դիմակայուն դարձնելու գործում. Ալեն Սիմոնյանը՝ Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի գլխավորած պատվիրակությանը: շՀանդիպմանը կարևորվել են Հայաստան-Լիտվա բարեկամական հարաբերությունները՝ հիմնված համանման պատմական փորձի վրա: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Լիտվայի ջանքերը՝ ուղղված Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանը՝ երախտագիտություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության տեղակայման հարցում Լիտվայի անմիջական մասնակցության համար: Զրույցի առանցքում են եղել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված հայերին առնչվող խնդիրները, Լիտվայի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրված մարդասիրական աջակցությունը: ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ Հայաստանի անվտանգության կարևոր երաշխիքը ժողովրդավարությունն է, և մենք ակնկալում ենք Արևմուտքի երկրների աջակցությունն այդ ժողովրդավարությունն առավել դիմակայուն դարձնելու գործում: Նա ընդգծել է, որ մեր երկիրը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին, որի կարևոր մասն է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես տարածաշրջանում խաղաղության հաստատման և տնտեսական կապերի խթանման գործիք:
15:45 - 28 նոյեմբերի, 2023
Հայաստանի և Լիտվայի վարչապետները քննարկել են տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր

Հայաստանի և Լիտվայի վարչապետները քննարկել են տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում հյուրընկալել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, նախ տեղի է ունեցել երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով: Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կողմերն ընդգծել են առևտրատնտեսական համագործակցության խորացման, բիզնես կապերի խթանման և ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը: Վարչապետ Փաշինյանը շեշտել է Լիտվայի դերը՝ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը նպաստելու առումով: Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչպես նաև առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերին, այդ թվում` միջազգային հանրության կողմից ակնկալվող աջակցությանը: Հանդիպման ավարտին Հայաստանի և Լիտվայի վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Մեծարգո վարչապետ Շիմոնիտե, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ այսօր Երևանում ողջունել իմ գործընկերոջը՝ վարչապետ Շիմոնիտեին։ Սա Լիտվայից վարչապետի մակարդակով առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն, ինչը վկայում է մեր հարաբերությունների զարգացման նոր դինամիկայի մասին: Այս մասին են վկայում նաև վերջին տարիներին ակտիվացած փոխադարձ այցերը. Լիտվայի և Հայաստանի նախագահները 2022 և 2023 թվականներին փոխադարձ այցեր են կատարել, 2021 թվականին ես եմ այցելել Լիտվա, աշխատանքային այցով Լիտվա են այցելել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը, ԱԳ նախարարը, ՆԳ նախարարը, առողջապահության նախարարը: Հայաստան են այցելել նաեւ Լիտվայի խորհրդարանի նախագահը, խորհրդարանի փոխնախագահը, Արտաքին գործերի նախարարը, Ոստիկանության գլխավոր կոմիսարը:  Լիտվան Եվրոպական միությունում մեր վստահելի գործընկերներից է, և մենք շնորհակալ ենք ԵՄ-Հայաստան հարաբերություններում Լիտվայի կողմից մեզ ցուցաբերվող քաղաքական աջակցության, մեր տեսակետների և մոտեցումների հասանելիությանը և մեզ համար կարևոր որոշումների կայացմանը Եվրոպական միությունում աջակցելու համար: Նման մի որոշում է Ադրբեջանի հետ Հայաստանի պետական սահմանի երկայնքով Քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայելը: Նախորդ օրը ես ծավալուն ելույթ ունեցա Եվրոպական խորհրդարանում, որտեղ արձանագրեցի, որ Հայաստանը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի: Վարչապետ Շիմոնիտեի հետ քննարկեցինք, թե սա ինչ է նշանակում, կամ ինչ կարող է նշանակել գործնականում: Խոսեցինք նաև Եվրամիությունում առաջիկայում կայացվելիք որոշումների մասին, որոնք վերաբերում են նաև Հարավկովկասյան տարածաշրջանին: Լիտվայի վարչապետին ներկայացրել եմ Խաղաղության խաչմերուկի մեր նախագիծն ու առաջարկը, որի մասին նույնպես խոսել եմ Եվրոպական խորհրդարանում, և որի առանցքային նպատակը տարածաշրջանային Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք կոմունիկացիաների վերաբացումն ու ակտիվացումն է, այդ թվում՝ Հայաստանի տարածքով և որը Կասպից ծովը կմիացնի Միջերկրականին, Սև ծովը Ծոցին, և սա կարող է ոչ միայն մեր տարածաշրջանի կայունության և զարգացման երկարաժամկետ երաշխիք լինել, այլև գլոբալ տնտեսական համագործակցության կարևոր օղակ դառնալ: Սա կարող է ակտիվացնել նաև ԵՄ-Հայաստան, Լիտվա-Հայաստան տնտեսական կապերը: Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության և Լիտվայի միջև առևտրաշրջանառությունն էական տոկոսային աճ է ունեցել, բայց բացարձակ թվերը շարունակում են մնալ սիմվոլիկ: Կարծում եմ՝ միջկառավարական համագործակցության հանձնաժողովը մտածելու բան ունի և աշխատելու մեծ ճակատ: Պայմանավորվեցինք, որ այս աշխատանքը կակտիվացնենք: Վարչապետ Շիմոնիտեին ներկայացրեցի նաև մեր տարածաշրջանում հաստատված վիճակը, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումների, և ԼՂ-ի ևս 100 հազար հայերի փախստական դառնալու փաստը, ինչպես նաև նրանց հրատապ կարիքները բավարարելուն ուղղված ՀՀ կառավարության քայլերը: Շնորհակալություն հայտնեցի Լիտվայի կառավարությանը և Եվրամիությանը՝ այս հումանիտար իրավիճակին արագ արձագանքելու և ֆինանսական աջակցություն տրամադրելու համար: Մենք, իհարկե, նաև արձանագրում ենք, որ հումանիտար այս աջակցության շարունակականությունը կարևոր է: Ընդգծեցի նաև, որ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպումների ընթացքում, ըստ էության, ձևավորվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ, որն արտահայտվել է նաև Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ: Այդ ճանապարհային քարտեզին կողմերի հավատարմությունը ճեղքում կապահովի խաղաղության գործընթացում: Հայաստանն ինչպես հաստատել, այնպես էլ վերահաստատում է վերը նշված սկզբունքներին իր հավատարմությունը: Վարչապետ Շիմոնիտե, կրկին թույլ տվեք ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետությունում և շնորհակալություն հայտնել Ձեր անկեղծ բարեկամության համար»: Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտե. «Հարգելի վարչապետ, հարգելի ընկերներ, Նախ և առաջ շնորհակալ եմ Երևանում ջերմորեն հյուրընկալվելու համար: Շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ: Լիտվայի վարչապետները Հարավային Կովկասում բազմիցս են եղել, բայց ձեր գեղեցիկ երկում մինչ օրս դեռ չէին եղել, ուստի հպարտ եմ, որ ես և վարչապետ Փաշինյանը կարողացանք շտկել այս անարդարությունը: Մեր ազգերը վաղուց բարեկամական կապեր ունեն, և մեզ միավորում են  համանման պատմական փորձառություններ: Փորձառություններ՝ բռնաճնշման, փորձառություններ՝ անկախության համար պայքարի, և ի վերջո, ժողովրդավարությունն ընտրելու և դրան հավատարիմ մնալու՝ յուրաքանչյուրս մեր տեմպով և ժամանակին մեզ բաժին ընկած պահին: Հպարտ եմ, որ Լիտվան առաջին պետությունն է, որ Հայաստանի անկախությունը ճանաչեց 1991թ., և ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ և վերահաստատում եմ Լիտվայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ժողովրդավար, բարեփոխված Հայաստանի կառուցումը շարունակելու Ձեր կառավարության հանձնառությանը: Ներկայումս ձեր երկրի համար մարտահրավերներով լի ժամանակներ են: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Լեռնային Ղարաբաղի պատերազմներում զոհվածների ընտանիքներին, ցավակցում եմ այն տառապանքի համար, որը կրել են տներից հեռացած մարդիկ: Լիտվայի կառավարությունը  ֆինանսական և մարդասիրական, նյութական աջակցություն է հատկացրել Հայաստանին, թեպետ դա չի ամոքի ցավը, հույս ունեմ, որ դա կօգնի հոգալ նրանց որոշ՝ ամենահրատապ կարիքների մի մասը: Բարձր եմ գնահատում Ձեր կառավարության հանձնառությունը՝ խաղաղության  գործընթացին և աջակցությունն՝ այն միջնորդելուն ուղղված Եվրամիության և ԱՄՆ-ի ջանքերին: Ես հույս  և հավատ ունեմ, որ երկու կողմերը կպահպանեն իրենց հանձնառությունները՝ հարգելով մեկմեկու տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Հավատացած եմ, որ երկխոսությամբ տևական խաղաղության իսկապես հնարավոր է հասնել: Ճանապարհը դեպի խաղաղություն՝ դյուրին ճանապարհ չէ, բայց դա միակ ճանապարհն է Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար՝ կայունության և բարեկեցության հասնելու համար: Մեր հանդիպման ընթացքում վարչապետը և ես քննարկեցինք անվտանգության իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում, վերահաստատեցի իմ խորը համոզմունքն առ այն, որ այժմ ավելի քան երբևէ ժողովրդավարությունները պետք է միավորվեն և կանգնեն ուս-ուսի տված՝ պաշտպանելով մեր ընդհանուր արժեքները և կանոնահենք միջազգային աշխարհակարգը: Նաև այս պատճառով է, որ այսօր այստեղ եմ: Վերահաստատեցի իմ անկեղծ ցանկությունը՝ տեսնելու Հայաստանում Եվրամիության ներկայության ավելացում, վերահաստատեցի, որ Լիտվան մտադիր է աջակցել Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների խորացմանը: Եվրամիությունը մնում է Հայաստանի հիմնական գործընկերը բարեփոխումների գործընթացներում: Լիտվան պատրաստ է ավելացնել մեր փորձագիտական աջակցությունը Եվրամիություն-Հայաստան համապարփակ խորացված գործընկերության համաձայնագրի իրագործմանը, ինչպես նաև Հայաստանում ընթացող բարեփոխումների ընդհանուր գործընթացին: Մենք քննարկեցինք, թե ինչպես կարող է Լիտվայի փորձագիտական կարողությունն օգտագործել տարբեր ոլորտներում՝ էներգետիկա, հատկապես վերականգնվող էներգետիկա, տրանսպորտ և շրջակա միջավայր, ինչպես նաև այլ բարեփոխումներ: Համոզված եմ, որ բարեփոխումների գործընթացում Հայաստանի հաջողությունը կօգնի ամրապնդել Հայաստանի ժողովրդավարությունը, բարձրացնել նրա դիմակայունությունը և ապահովել Հայաստանի արժանի տեղը ժողովրդավարությունների համայնքում: Ամենակարևորը՝ դա կլինի հայ ժողովրդի ընտրության արտացոլումը, որը թույլ կտա կառուցել այն բարեկեցությունը, որին նա իսկապես արժանի է: Անկախ, ինքնիշխան, անվտանգ և բարեկեցիկ ժողովրդավարական Հայաստանը, ինչպես նաև խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում մեր ընդհանուր նպատակներն են: Լիտվան հանձնառու է դրանց հասնելու ուղղությամբ աշխատելու միասին: Կրկին շնորհակալ եմ, հարգելի վարչապետ, այս շատ ջերմ ընդունելության համար»:
21:18 - 19 հոկտեմբերի, 2023
Վահագն Խաչատուրյանը Լիտվայի վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու Հայաստանի հստակ դիրքորոշումը

Վահագն Խաչատուրյանը Լիտվայի վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու Հայաստանի հստակ դիրքորոշումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ: Ողջունելով հյուրին նախագահն ասել է. «Ուրախ եմ Ձեզ հյուրընկալել Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում և շնորհակալ եմ Ձեր այցելության համար: Նման այցելությունները մեզ համար այս դժվարին օրերին կարևոր են: Շնորհակալություն նաև այն աջակցության համար, որ ցուցաբերում եք, որը ներառում է և նյութականը, ինչը շատ անհրաժեշտ է բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օգնելու համար, և քաղաքական աջակցությունը, որն արտահայտվում է հայտարարություններով, և, իհարկե, նաև՝ բարոյական, մարդկային աջակցությունը, որը մեր կողմից մեծապես գնահատվում է: Միշտ դժվար օրերին բարեկամները օգնության են հասնում կամ ձեռք են մեկնում, հիմա Ձեր օրինակը և Ձեր քայլը հենց այդպիսին է:Վստահ եմ, նաև որ Ձեր այցելության ժամանակ շատ կոնկրետ քննարկումներ կլինեն, որոնք կնպաստեն մեր երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացմանը»: Վարչապետ Շիմոնիտեն շնորհակալություն հայտնելով ընդունելության համար շեշտել է, որ կարևորում է Հայաստանի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության հարթակներում արդյունավետ համագործակցությունը և վերջինս շարունակական զարգացման հստակ միտում ունի: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիտվական քաղաքական, տնտեսական փոխգործակցության խթանման և առկա համագործակցային ներուժի լիարժեք իրականացման հնարավորություններն ու հեռանկարները: Անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում լավագույն փորձի փոխանական և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին: Երկուստեք ընդգծվել է Եվրամիության և միջազգային հարթակներում երկու երկրների սերտ համագործակցության կարևորությունն ու հետագա զարգացումը: Զրույցի ընթացում մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 000 տեղահանվածների իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրների և լուծումներ գտնելու ուղղությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև հարավկովկասյան տարածաշրջանում առկա ընդհանուր իրողություններին և զարգացումներին: Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու Հայաստանի հստակ դիրքորոշումը:
20:25 - 19 հոկտեմբերի, 2023
Լիտվան մտադիր է աջակցել ԵՄ-ՀՀ հարաբերությունների խորացմանը. Շիմոնիտե |1lurer.am|

Լիտվան մտադիր է աջակցել ԵՄ-ՀՀ հարաբերությունների խորացմանը. Շիմոնիտե |1lurer.am|

1lurer.am: Անկախ, ինքնիշխան, անվտանգ և բարեկեցիկ ժողովրդավարական Հայաստանը մեր ընդհանուր նպատակներն են. Լիտվայի վարչապետ Հպարտ եմ, որ Լիտվան առաջինն պետությունն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը 1991 թվականին, և ուրախ եմ որ այսօր այստեղ եմ և վերահաստատում եմ Լիտվայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ժողովրդավար, բարեփոխված Հայաստանի կառուցումը շարունակելու Հայաստանի կառավարության հանձնառությանը: Այդ մասին ասաց Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն: «Ներկայումս ձեր երկրի համար մարտահրավերներով լի ժամանակներ են: Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում ԼՂ-ի պատերազմներում զոհվածների ընտանիքներին: Լիտվայի կառավարությունը ֆինանսական և մարդասիրական նյութական աջակցություն է հատկացրել Հայաստանին. թեպետ դա չի ամոքի ցավը, բայց հույս ունեմ, որ կօգնի հոգալ նրանց բոլոր ամենահրատապ կարիքների մի մասը»,- ասաց Շիմոնիտեն: «Բարձր եմ գնահատում ձեր կառավարության հանձնառությունը խաղաղության գործընթացին և աջակցությունը՝ դրան միջնորդելուն ուղղված ԵՄ և ԱՄՆ-ի ջանքերին: Ես հույս ու հավատ ունեմ, որ երկու կողմերը կպահպանեն իրենց հանձնառությունները՝ հարգելով մեկմեկու տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Հավատացած եմ, որ երկխոսությամբ տևական խաղաղության իսկապես հնարավոր է հասնել: Ճանապարհը դեպի խաղաղություն դյուրին չէ, բայց դա միակ ճանապարհն է Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում կայունության և բարեկեցության հասնելու համար»,- ասաց Լիտվայի վարչապետը: Նա նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկվել է անվտանգության իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում: «Վերահաստատեցի իմ խորին համոզմունքն առ այն, որ այժմ, ավելի քան երբևէ, ժողովրդավարությունները պետք է միավորվեն և կանգնեն ուս ուսի՝ պաշտպանելով մեր ընդհանուր արժեքները և կանոնահենք միջազգային աշխարհակարգը: Նաև այս պատճառով է, որ այսօր այստեղ եմ»,- ասաց Ինգրիդա Շիմոնիտեն: Հանդիպմանը նա վերահաստատել է իր անկեղծ ցանկությունը՝ տեսնելու ՀՀ-ում ԵՄ-ի ներկայության ավելացում, նաև այն, որ Լիտվան մտադիր է աջակցել ԵՄ-ՀՀ հարաբերությունների խորացմանը: «ԵՄ-ը մնում է ՀՀ հիմնական գործընկերը բարեփոխումների գործընթացներում: Լիտվան պատրաստ է ավելացնել փորձագիտական աջակցությունը ԵՄ-ՀՀ համապարփակ խորացված գործընկերության համաձայնագրի իրագործմանը, ինչպես նաև Հայաստանում ընթացող բարեփոխումների ընդհանուր գործընթացին: Մենք քննարկեցինք՝ ինչպես կարելի է Լիտվայի փորձագիտական կարողությունն օգտագործել տարբեր ոլորտներում՝ էներգետիկա, հատկապես վերականգնվող էներգետիկա, տրանսպորտ և շրջակա միջավայր և այլ բարեփոխումներ: Վստահ եմ, որ բարեփոխումների գործընթացում ՀՀ հաջողությունը կօգնի ամրապնդել ՀՀ ժողովրդավարությունը, բարձրացնել նրա դիմակայունությունը և ապահովել Հայաստանի արժանի տեղը ժողովրդավարությունների համայնքում. բայց, որ ամենակարևորն է, դա կլինի հայ ժողովրդի ընտրության արտացոլումը, որը թույլ կտա կառուցել այն բարեկեցությունը, որին նրանք իսկապես արժանի են: Անկախ, ինքնիշխան, անվտանգ և բարեկեցիկ ժողովրդավարական Հայաստանը, ինչպես նաև խաղաղությունը և կայունությանը Հարավային Կովկասում մեր ընդհանուր նպատակներն են: Լիտվան հանձնառու է դրանց հասնելու ուղղությամբ աշխատել միասին»,- եզրափակեց Լիտվայի վարչապետը:
20:12 - 19 հոկտեմբերի, 2023
Հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզին կողմերի հավատարմությունը ճեղքում կապահովի խաղաղության գործընթացում. Փաշինյան |armenpress.am|

Հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզին կողմերի հավատարմությունը ճեղքում կապահովի խաղաղության գործընթացում. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ հանդիպմանն ընդգծել է, որ ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի և իր հանդիպումների ընթացքում ըստ էության ձևավորվել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ: Փաշինյանն այս մասին հայտնեց Լիտվայի վարչապետ հետ հանդիպումից հետո հայտարարության ընթացքում իր խոսքում: «Ընդգծեցի, որ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի եւ իմ հանդիպումների ընթացքում ըստ էության ձևավորվել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ, որն արտահայտվել է նաեւ Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ: Այդ ճանապարհային քարտեզին կողմերի հավատարմությունը ճեղքում կապահովի խաղաղության գործընթացում»,-ասաց վարչապետը: Փաշինյանը վստահեցրեց՝ Հայաստանն ինչպես հաստատել, այնպես էլ վերահաստատում է վերը նշված սկզբունքներին իր հավատարմությունը:
19:41 - 19 հոկտեմբերի, 2023
Լիտվան ԵՄ-ում Հայաստանի վստահելի գործընկերներից է. Փաշինյան

Լիտվան ԵՄ-ում Հայաստանի վստահելի գործընկերներից է. Փաշինյան

armenpress.am: Լիտվան Եվրամիությունում Հայաստանի վստահելի գործընկերներից է և Հայաստանը շնորհակալ է ԵՄ-Հայաստան հարաբերություններում Լիտվայի կողմից ցուցաբերվող քաղաքական աջակցության համար: Այս մասին ընդգծեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ հանդիպումից հետո իր հայտարարությունում: Վարչապետը նշեց, որ սա Լիտվայից վարչապետի մակարդակով առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն, ինչը վկայում է երկու երկրների հարաբերությունների զարգացման նոր դինամիկայի մասին: Այս մասին են վկայում նաև վերջին տարիներին ակտիվացած փոխադարձ այցերը: Լիտվայի և ՀՀ-ի նախագահները 2022 և 2023թթ փոխադարձ այցեր են կատարել: 2021-ին աշխատանքային այցով Լիտվայում է եղել նաև Հայաստանի վարչապետը: «Լիտվան ԵՄ-ում մեր վստահելի գործընկերներից է: Եվ մենք շնորհակալ ենք ԵՄ-Հայաստան հարաբերություններում Լիտվայի կողմից մեզ ցուցաբերվող քաղաքական աջակցության, մեր տեսակետների և մոտեցումների հասանելիության և մեզ համար կարևոր որոշումների կայացմանը ԵՄ-ում աջակցելու համար: Նման մի որոշում է Ադրբեջանի հետ Հայաստանի պետական սահմանի երկայնքով քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայելը»,-ասաց Փաշինյանը: Հայաստանի վարչապետը հիշեցրեց՝ դեռ Եվրոպական խորհրդարանում իր ելույթում է ասել, որ Հայաստանը պատրաստ է առավել մոտ լինել ԵՄ-ին այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի: Հայաստանի և Լիտվայի վարչապետները քննարկել են, թե դա ինչ է նշանակում կամ  ինչ կարող է նշանակել գործնականում: Խոսել են նաև ԵՄ-ում առաջիկայում կայացվելիք որոշումների մասին, որոնք վերաբերում են նաև Հարավկովկասյան տարածաշրջանին: Փաշինյանը Լիտվայի վարչապետին ներկայացրել է «խաղաղության խաչմերուկի» Հայաստանի նախագիծն ու առաջարկը: Դրա առանցքային նպատակը տարածաշրջանային, հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք հաղորդակցությունների վերաբացումն ու ակտիվացնում է, այդ թվում Հայաստանի տարածքով, որը Կասպից ծովը կմիացնի Միջերկրականին, Սև ծովը՝ Ծոցին: «Սա կարող է ոչ միայն մեր տարածաշրջանի կայունության և զարգացման երկարաժամկետ երաշխիք լինել, այլ նաև գլոբալ տնտեսական համագործակցության կարևոր օղակ դառնալ: Սա կարող է ակտիվացնել նաև ԵՄ-Հայաստան, Լիտվա-Հայաստան տնտեսական կապերը»,-ասաց Հայաստանի վարչապետը: Վերջին տարիներին Հայաստանի և Լիտվայի միջև առևտրաշրջանառությունն էական տոկոսային աճ է ունեցել, բայց բացարձակ թվերը շարունակում են մնալ սիմվոլիկ: Փաշինյանի կարծիքով՝ Հայաստան-Լիտվա միջկառավարական համագործակցության հանձնաժողովը մտածելու բան ունի և աշխատելու մեծ ճակատ: Վարչապետերը պայմանավորվել են այդ աշխատանքն ակտիվացնել:
19:22 - 19 հոկտեմբերի, 2023
Լիտվայի վարչապետը պաշտոնական այց կկատարի Հայաստան

Լիտվայի վարչապետը պաշտոնական այց կկատարի Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիաս Պուլոկասին: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետը կարևորել է հայ-լիտվական հարաբերությունների շարունակական զարգացումը և ընդգծել երկկողմ փոխգործակցության դրական դինամիկան, որն արձանագրվել է վերջին տարիներին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է Լիտվայի հետ տարբեր ուղղություններով ծրագրերի իրականացմամբ ու նոր նախագծերի քննարկմամբ: Վարչապետը շեշտել է նաև Լիտվայի աջակցությունը` Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը նպաստելու առումով: Նիկոլ Փաշինյանը և դեսպան Պուլոկասը կարևորել են Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի առաջիկա պաշտոնական այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:
15:04 - 18 հոկտեմբերի, 2023
Կոնկրետ քայլեր կատարելու ժամանակն է. Ալեն Սիմոնյանը՝ Լիտվիայի դեսպանին

Կոնկրետ քայլեր կատարելու ժամանակն է. Ալեն Սիմոնյանը՝ Լիտվիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին: Շնորհավորելով դեսպանին լիազորությունների ստանձնման առթիվ՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է Լիտվայի դերը՝ որպես Եվրոպայի կարեւոր գործընկերոջ, հայտնում են ԱԺ-ից: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայերին վերաբերող օրակարգային հարցեր՝ դատապարտելով ադրբեջանցիների էթնիկ զտման հետեւողական քաղաքականությունը: Այս համատեքստում հավանության է արժանացել տեսազանգի միջոցով միջխորհրդարանական քննարկում իրականացնելու դեսպանի առաջարկը: ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ կոնկրետ քայլեր կատարելու ժամանակն է՝ ընդգծելով Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը՝ հիշեցնելով, որ միջազգային հեղինակավոր կառույցների հայտարարությունները, մարդու իրավունքներն ու համընդհանուր արժեքները հարգելու կոչերը մնում են անպատասխան: Նա հավելել է նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է ժողովրդավարության օրակարգին՝ այս հարցում եւս ակնկալելով միջազգային հանրության գործուն աջակցությունը:
15:31 - 25 սեպտեմբերի, 2023